Շոկ է․ ինչ են պատմում հորը կյանքից զրկած 22-ամյա երիտասարդի հարևանները.Oragir.news
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել ենք, ողբերգական դեպք է տեղի ունեցել Էջմիածնում։ 22-ամյա երիտասարդը սպանել է 65-ամյա հորը, ապա փորձել ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։
Oragir.News-ն այսօր այցելել է Էջմիածին, եղել է դեպքի վայրում և զրուցել հարևանների հետ։ Հարևաններից մեկը նշեց, որ մեկ ամիս էլ չկա, որ ապրում է սպանվածի հարևանությամբ։
«Ես Արցախից եմ, ամսի 1-ից եմ ապրում էստեղ՝ վարձով։ Մորն եմ տեսել մի քանի անգամ ստեղ բարևել, հայրն էլ՝ Գրիգորը, երեկ էր անցավ, բարևեց։ Մայրը շատ լավ կին է, ինքը դուրս չէր գալիս, ես էլ գնալ-գալ չեմ ունեցել։ Որ խոդովը մտնում ես, իրանց դուռը միշտ բաց էր, ռեմոնտ էին անում։ Սովորական հանգիստ մարդ էր։ Առավոտ վեր կացա, որ գնամ, դուռը փակ էր, պտտվեցի շենքի կողքը, ժողովուրդը հավաքված էին, ասեցին, թե ինչ է եղել»,- պատմեց նա։
Մեկ այլ հարևան էլ ասաց, որ տղայի հետ առանձնապես չի շփվել։ «Ես ստեղ հարս եմ, իրանց հետ շատ չեմ շփվել։ Հոր ու մոր հետ էր ապրում էստեղ։ Քույրեր ուներ, ամուսնացած են ու արտասահմանում են ապրում։ Գումար ա էղել դեպքի վայրում, հիմնականում գումարի համար ա եղել էլի»,- նշեց նա։
Հարևաններից մեկն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ լավ ընտանիք է, և իրենք զարմացած են տեղի ունեցածից։
«Շատ լավ մարդիկ են։ Էդ տղան էլ ժպտերես, նորմալ, անընդհատ մեր խանութ մտնում, դուրս էր գալիս»,- ասաց նա։
«Էս ուր հասանք, տղեն հորը սպանում ա, կբացահայտվի, աղջիկ ջան»,- ասաց մեկ այլ բնակիչ։
Նյութի աղբյուր՝ https://oragir.news/hy/material/2025/05/22/157078