Պուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեց
Ներքաղաքական
Պուտինը եկավ, մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, այդպես էլ մնաց նստած. Ինչ է պատմում 101-ամյա վետերանը Կարմիր հրապարակեց
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ Մոսկվայի Կարմիր հրապարակում կայացած զորահանդեսին ներկա էր 101-ամյա վետերան, ՍԻՄ կուսակցության ամենատարեց անդամ ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ: «Իրավունք»-ը այս առիթով բազում հարցեր ուներ օրվա հերոսին՝ Հայրենական պատերազմի մասնակից Ներսես պապին:
— Ի՞նչ տպավորություններով եք վերադարձել մայիսի 9-ին Հարենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված մոսկովյան զորահանդեսից:
— Նախ ասեմ, որ հրավերքը եղել է վաղուց, եւ մայիսի 6-ին մեկնեցինք Մոսկվա, որպեսզի 9-ի զորահանդեսին մասնակցեինք: Հայաստանից մասնակցեց երեք վետերան, ցավոք, երեքս ենք մնացել: Մեզ համար նախատեսվել էր գեղեցիկ եւ հարմարավետ հյուրանոց: Ռուսաստանյան իշխանության կողմից կազմակերպվեց հյուրասիրություն եւ բարձր ընդունելություն: Անգամ նվերներ տվեցին մեզ: Ի դեպ, ասեմ, որ այնտեղ էր նաեւ ՀՀ վարչապետը, պարզապես, նա այլ հյուրանոցում էր, մենք՝ այլ: Պետք է ասեմ, որ ամեն բան մանրակրկիտ կազմակերպված եւ ծրագրված էր, թե որ օրը ում հետ ու որտեղ պետք է հանդիպենք: Իսկապես, հպարտանալու առիթ ունենք, որ Մոսկվայում այդ աստիճան մեզ հյուրընկալեցին:
— Իսկ կոնկրետ ո՞ւմ հետ հանդիպեցիք:
— Պաշտոնները չգիտեմ, բայց տարբեր կազմակերպության ներկայացուցիչների հետ էինք հանդիպում, նաեւ քաղաքային իշխանության հետ: Նրանք բոլորը հյուրասիրություններ էին կազմակերպում մեր պատվին:
— Ի՞նչ կպատմեք զորահանդեսից:
— Սիրով կպատմեմ՝ գնացինք Կարմիր հրապարակ եւ մեզ բախտ վիճակվեց նստել երկրորդ շարքում: Այսինքն՝ առաջին շարքում նստել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այլ երկրների նախագահներ ու վարչապետներ, իսկ անմիջապես երկրորդ շարքում նստել էինք մենք՝ ես ու մի քանի վետերաններ: Իսկ շատ այլ վետերաններ նստել էին ավելի հեռու շարքերում: Այսպիսի հրաշալի բան եղավ, եւ մենք այդքան մոտ նստեցինք: Իմ դիմաց նստած էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
— Պարոն Սիմոնյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտեցա՞վ Ձեզ:
— Նա ավելի ուշ եկավ: Սկզբում Ռուսաստանի նախագահը ելույթ ունեցավ, այնուհետ սկսվեց զորահանդեսը: Երբ ավարտվեց ողջ միջոցառումը, Վ. Պուտինը մոտեցավ եւ ձեռքով բոլորիս ողջունեց:
— Հայաստանի դրոշը չծածանվեց, հայկական զորախումբը չանցավ Կարմիր հրապարակով: Ինչպե՞ս կբացատրեք դա:
— Գիտեք ինչ, այդ հարցում մեղավոր են մեր իշխանությունները: Ուրեմն՝ նրանք իրենց գործողություններով լավ չեն կարողացել դա կազմակերպել: Նույնիսկ երբ Պուտինը եկավ մեզ ձեռքով բարեւեց, Նիկոլը չեկավ, նա այդպես էլ մնաց նստած:
— Ձեզ եւ Ձեր բախտակից ընկերներին պետք է շքանշաններ հանձնեին՝ Մեծ հաղթանակի 80-ամյակի առթիվ: Հայրենականին մասնակցած գրեթե բոլոր երկրների վետերանները ստացել են, իսկ Դո՞ւք:
— Ո՛չ, չեմ ստացել: Երեւի, չեն ուզում տալ (ծիծաղում է, - հեղինակ): Երբ ստանամ, անպայման Ձեզ կհայտնեմ:
— Բոլորովին վերջերս ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը մի հայտարարություն արեց, թե միֆ է այն, որ Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակով զսպվեց թուրքերի ներխուժումը Հայաստան: Ավելին՝ գերմանացիները մտադիր էին մասնատել Թուրքիան եւ վերականգնել միացյալ Հայաստանը: Ի՞նչ կասեք այս մասին:
— Դա սուտ է, նման բան չի եղել: Նրանք ցանկանում էին տիրել բնակչությանը, իսկ բնակչությունը լիներ մշակ, այսինքն՝ օգտագործեին մարդկանց իրենց օգտի համար: Ավելին ասեմ, գերմանացիները մեր ազգի նկատմամբ ավելի բացասական են տրամադրված եղել: Նրանք ցանկացել են հայ գերիներին ոչնչացնել: Անգամ գերմանացիները մեր գերիներին ցանկացել են կրկին հետ ուղարկել մարտի դաշտ, բայց այս դեպքում, որ գերիները կռվեին ռուսների դեմ: Այսինքն՝ ցանկանում էին օգտագործել անգամ այդ նպատակով, նոր սպանել: Նրանք երբեք մեզ հետ բարեկամ չեն եղել՝ թշնամի՛ են եղել: Գերմանացիները թուրքերի հետ մոտիկ են եղել, իսկ թուրքերը մեր թշնամիներն են:
— Գեղեցիկ շքանշաններ ունեք, պատիվ է եւ պատմություն…
— Որոշել եմ շքանշաններս թագարանին տալ: Իմ նկարը կա թանգարանում՝ 5 անձի նկար, որոնցից մեկը ես եմ եւ ուզում եմ, որ նկարիս վրա փակցնեն շքանշաններս: Ես դեսանտնիկ եմ եղել: Ավելի լավ է նկարս եւ շքանշաններս մնան, որ սերունդները տեսնեն:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
