Հավելյալ վճարի դիմաց առավել կարճ ժամկետում կարող են վարորդական քննությունների մասնակցել. ՆԳ փոխնախարար
Հասարակություն
Մենք հնարավորություն ենք ստեղծում հավելյալ վճարի դիմաց առավել կարճ ժամկետում վարորդական քննությունների մասնակցության համար։ Այդ մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։
Նա նշեց, որ նեկայիս գործող կարգավորումներով, երբ անձը անհաջողությամբ է հանձնում, կամ չի հանձնում վարորդական քննությունները՝ լինի գործնական, թե տեսական, կարող է 7 օր անց կրկին մասնակցել քննությանը, իսկ եթե երկրորդ կամ երրորդ անգամ է անհաջողության հանդիպում, միայն 30 օր անց կարող է մասնակցել։
«Հավելյալ հնարավորություն ենք ստեղծում, որ անձը կարողանա առավել սուղ ժամկետում հանձնել այդ քննությունները։ Եթե առաջին անգամվա մասին ենք խոսում, ապա՝ մեկ օր անց կամ 3 օր անց, եթե խոսում ենք երկրորդ կամ հաջորդականի մասին՝ մեկ կամ երկու շաբաթ անց»,-հստակեցրեց Ղազարյանը։
Փոփոխության առաջարկն, ըստ փոխնախարարի, պահանաջարկից է բխում. «Սա հնարավորության առաջարկ է, պարտադրանք չի»։
Եթե քաղաքացին առաջին անհաջող փորձի հաջորդ օրն է ուզում վերահանձնել քննությունը, ապա հավելյալ պետք է վճարի 45 հազար դրամ, եթե ուզում է հանձնել 3-րդ օրը, ապա պետք է վճարի 30 հազար դրամ։