Հասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողների
Թեմա
Կառավարության հավանություն տրված պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծին, ըստ որի՝ նախատեսվում է սահմանել պարտադիր զինվորական ծառայության անցնելու հնարավորություններ՝ 24 ամսից պակաս ժամկետով՝ վճարի դիմաց, ոչ այլ ինչ է քան հասարակության կաստայացման գործընթաց, այսինքն՝ սրանով հասարակությունը բաժանում են կաստաների՝ փող ունեցողների ու փող չունեցողների, սա հնարավորություն է տալիս մարդկանց պետության նկատմամբ իրենց պարտականությունները իրականացնելու փոխարեն գնել այդ պարտականությունները: Նման տեսակետ է հայտնում Արցախի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը, ընդգծելով․
-Սա մեծ անարդարության զգացում է առաջացնելու հասարակության մոտ, ու նրանք, ովքեր չունեն այդ գումարը, փորձելու են այս կամ այն կերպ խուսափել բանակի ծառայությունից: Մարդիկ, որոնք իրենց երեխաներին ուղարկում են բանակ, ուղարկում են, որովհետև բոլորի երեխաներն են գնում բանակ, եթե ոմանք կարող են փողի դիմաց ազատվել բանակից, ապա մյուսները որևէ արդարության զգացում, որևէ մոտիվացիա չեն ունենալու իրենց 18 տարեկան երեխային ուղարկել բանակ:
Խնդիր իհարկե կա, Հայաստանում ծառայության նկատմամբ լուրջ վախեր միշտ են եղել, մարդիկ տարբեր կերպ փորձել են իրենց երեխաներին բանակից փախցնել՝ կա՛մ կաշառքով, կա՛մ կեղծ գիտնական դարձնելով, կա՛մ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելով, ու այս ամենն այսօր էլ շարունակվում է, բայց դրա լուծումն ամենևին էլ փողով բանակից ազատվելը չէ: