Ինչու այսքան ձգձգվեց Վարդան Ղուկասյանի դատավարությունը
Ներքաղաքական
Միացյալ Նահանգներում կայանալիք ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հերթական դատին ընդառաջ՝ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ;
«ՀԵՔԻԱԹԻ ԴԱՇՏԻՑ Է, ՈՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՑ»
— Մենք անընդհատ բողոքում ենք Հայաստանում դատական գործերի ձգձգումից, ի վերջո, ո՞րն է պատճառը, որ Միացյալ Նահանգներում այսքան երկար տեւեց Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված գործով դատական պրոցեսը, որի վերջը կարծես չի երեւում։
— Դատական գործընթացների ձգձգումներն ինքնանպատակ չեն, եւ եթե դրանք տեւում են երկար, դրա համար օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան: Օբյեկտիվ պատճառն այն է, որ գործն իրենից որոշակի բարդություն է ներկայացնում, իսկ սուբյեկտիվ պատճառն էլ կարող է լինել` տեխնիկական հարցերով պայմանավորված: Հետեւապես, ես այն կարծիքին չեմ, որ կոնկրետ այս գործով ձգձգումներ են տեղի ունենում՝ հաշվի առնելով գործի բարդությունը, ծավալը: Ըստ էության, պետք է տեղի ունենա արդարադատություն, եւ դա է պատճառը, որ դատարանն ինքը փորձում է հնարավորինս մաքսիմալ ձեւով տիրապետել այն գործառույթներին, միջնորդությանը, միջնորդությունից բխող բոլոր փաստերին, պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներին, որի ուժով էլ դատական պրոցեսները երկար են տեւում:
— Պարոն Բաղդասարյան, բայց բացառո՞ւմ եք, որ կարող է այստեղ միտում լինել՝ նկատի ունենալով Վարդան Ղուկասյանի անձի քաղաքական ասպեկտը:
— Գիտեք, ոչինչ պետք չէ բացառել, առավել եւս, որ օվկիանոսից այն կողմ է ընթանում գործընթացը: Կոնկրետ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման ներքո՝ ականատես ենք, որ իրավունքից ավելի բարձր ուժ ունի քաղաքական նպատակահարմարությունը եւ, օրինակ, կարող է հայտարարվել, որ Կանադան մարզ է, անել նաեւ այլ գործողություններ, որոնք իրավունքի հետ աղերս չունեն: Ինչու ոչ, այս գործով եւս կարող է նման աղրես լինել կամ չլինել: Հիմա ով ինչպես ուզում է, թող հասկանա…
— Նախորդ դատական նիստի ժամանակ տեղեկություններ տարածվեցին, որ Վարդան Ղուկասյանի արտասահմանյան փաստաբանները, պարզապես, չէին ներկայացել, հրաժարվել են նրա գործով զբաղվելուց: Կային աղբյուրներ, որոնք պնդում էին, թե հենց Վարդան Ղուկասյանն ինքն է հրաժարվել այդ փաստաբաններից։ Կպարզաբանե՞ք՝ ի՞նչ է իրականում կատարվում:
— Ասեմ, որ դա հերթական չափազանցված, այսպես ասած, խոսույթն է, որը պտտվում է սոցիալական ցանցերով: Իրականությանը չի համապատասխանում փաստաբանների չներկայանալը դատական նիստին։ Նախ արձանագրենք, որ փաստաբանների մի ամբողջ խումբ է աշխատում եւ պարտադիր պայման չի, որ երեք փաստաբանն էլ պետք է ներկա լինեն դատական նիստերին: Իսկ նածորդ դատական նիստի ժամանակ փաստաբանի ներկայությունն ապահովված է եղել: Ինչ վերաբերում է նրանց հրաժարվելուն պաշտպանություն իրականացնելուց, ընդհանրապես իրականության հետ աղերս չունի: Սա գուցե որոշ անձանց ցանկությունն է, բայց ոչ ավելին:
Նույնպիսի հեքիաթի դաշտից է նաեւ այն, որ Վարդան Ղուկասյանն է հրաժարվել փաստաբաններից: Պարոն Ղուկասյանը հայտարարել է հրապարակային, որ գոհ է ամերիկյան փաստաբանական խմբի աշխատանքներից։ Ես ինքս ավելացնեմ, որ վերջիններս, իրոք, պրոֆեսիոնալներ են, հայտնի են այդ երկրում, որպես կայացած, պրակտիկ իրավապաշտպաններ եւ իրենց գործի վարպետներ, մասնավորապես՝ միգրացիոն հարցերով:
«ՈՒՂՂԱԿԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ, ՈՐ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԿԱՐՏԱՔՍԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ»
— Ի՞նչ ակնկալիք կարելի է ունենալ սպասվելիք դատական նիստից, որոշակի առումով առաջընթաց կլինի՞, թե՞ հերթական անգամ կհետաձգվի։
— Հանրությունը ցանկանում է արագություն, տեմպ, որն իրավաբանության հետ, այսպես ասած, աղերս չունի։ Միգուցե, գործի բարդությունը, ծանրությունը եզակի է նաեւ ԱՄՆ-ի պես երկրի համար: Այս դատարանը, այո՛, քննում է միգրացիոն հարցեր եւ, որպես կանոն, երկու արձանագրման խնդիր ունի՝ նախ եթե խախտել է օրենքը, ուրեմն՝ պատասխանատվություն պետք է կրի, եւ երկրորդ՝ վտարում են երկրից, թե՝ ոչ: Բայց Վարդան Ղուկասյանի անձով պայմանավորված, դատարանը լինելով անկախ, քաղաքականությունից դուրս, բայց անուղղակի կերպով կախված է մի շարք գործառույթներից, որի շուրջ պտտվում է այս գործը: Բնականաբար, ամենաբարձր մակարդակով զեկուցվում է, թե ով է Վարդան Ղուկասյանը, որն ունի հարյուր հազարավոր հետեւորդների բանակ, ովքեր սոցիալական ցանցերով իրանց կարծիքն են արտահայտում նրա մասին՝ լինի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ:
Ավելին՝ ասեմ, որ այս ժամանակահատվածը տրվել էր, որպեսզի լրացուցիչ ապացույցներ եւս ներկայացվեն, ինչը բխում է արդարադատության շահից: Իհարկե, սա ամենեւին չի նշանակում, որ դատարանը սկսել է պաշտպանել փաստաբանական թիմին: Ո՛չ, պարզապես, ցանկանում է արդարադատություն իրականացվի, եւ մաքսիմալ ձեւով ինքն էլ կարողանա հասկանալ, մարսել, տեսնել, թե իրականում ինչի մասին է խոսքը՝ անդրադառնալով թե՛ նախկինում Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթին եւ դատապարտմանը, թե՛ այսօրվա մեկ տասնյակից ավել հարուցված քրեական վարույթների ծաղկեփնջին, որը ներկայացված է լիազոր մարմնի կողմից ամերիկյան դատարանին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում դատարանը տալիս է ապացույցները ներկայացնելու ժամկետ, որից հետո այլ ապացույցներ չեն թույլատրվելու, չեն ներկայացվելու:
— Հստակեցնենք` ի՞նչ ապացույցների եւ փաստերի մասին է խոսքը՝ 10+ հարուցված քրեական գործերի՞ն է վերաբերում, թե՞ երկրից արտաքսման հնարավորությանը կամ բացառմանը: Եվ, ընդհանրապես, հարցը՝ կարտաքսեն, թե՝ ոչ Միացյալ Նահանգներից Վարդան Ղուկասյանին, շարունակո՞ւմ է մնալ ակտուալ:
— Գիտեք, դատարանի փոխարեն՝ կդժվարանամ այս հարցի պատասխանը տալ, բայց մի կարեւոր հանգամանք ասեմ. եթե Հայաստանում որոշակի տարիներ անց դատապարտված անձի դատվածությունը համարում է մարված, ապա ԱՄՆ-ն դա չի ընդունում՝ ի գիտություն, այլ, ըստ էության, ընդունում է, որ անձը նախկինում դատապարտված է եղել: ԱՄՆ-ն կայացած իրավական երկիր է, եւ նրա համար մի փոքր անհասկանալի են` ինչ է նշանակում, որ անձը կարող է մեղքն ընդունել, քանի որ իր մոր անվտանգության հետ կապված խնդիր է տեսել: Այս հարցը պետք է կարողանա ամերիկյան դատարանը հասկանալ եւ մարսել, իսկ դրա հետ կապված` բավականին ապացուցողական բազա կա: Գաղտնիք չեմ ասի, որ նաեւ հայտնի փորձագետները՝ ոչ ազգությամբ հայեր, ներկայացրել են արդեն, որպես ապացույց դատարանին, Հայաստանի վերջին 5-7 տարվա կարգավիճակը իրավական հարթության վրա: Այդ ապացույցները, որպես կանոն, վերցնում են միջազգային կառույցների տված զեկույցներից։ Եվ այդ բոլորի գնահատականը պետք է դատարանը տա:
Ինչ վերաբերում է հարցին, որը բազմիցս տալիս են, թե՝ Վարդան Ղուկասյանին կարտաքսեն Հայաստան կամ՝ ոչ, ես ուղղակի բացառում եմ` դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով հանդերձ:
— Այսինքն` կարող են Վարդան Ղուկասյանին արտաքսել, բայց ո՞չ Հայաստան։
— Դա բացառապես դատարանի տիրույթն է, ինքը պետք է որոշի։ Հայաստան արտաքսելու հետ կապված` դա որոշ անձանց, երեւի, բաղձալի երազանքն է, ինչը, կրկնում եմ, ուղղակի բացառում եմ` հաշվի առնելով, որ դատապրոցեսը գնում է ոչ թե աֆրիկյան ինչ-որ հանրապետությունում, այլ՝ մի երկրում, որտեղ մարդը համարվում է բարձրագույն արժեք՝ անկախ իր «չին»-ից, սեռից, կարգավիճակից:
«ԵՐԲ ԱՆՁՆ ԸՆԿՆՈՒՄ Է, Ե՛Վ ԴԱՆԱԿԱՎՈՐՆԵՐՆ ԵՆ ՇԱՏԱՆՈՒՄ, Ե՛Վ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ»
— Քաղաքացիներից մենք ստանում ենք հարցեր, որոնք խնդրում են ուղղել Ձեզ: Նրանցից մեկը նշել է, թե՝ ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանին հատուկ են պահում մեկուսացման մեջ, որովհետեւ Հայաստանում ներքին խմորումների արդյունքում բախումներ են սպասվում նախկինների եւ ներկաների միջեւ, որից հետո, որպես երրորդ ուժ, դեսանտ կիջեցնեն Վարդան Ղուկասյանին։ Ո՞րն է ճշմարտությունը:
— Հետաքրքիր հարց էր, մի քիչ` նույնիսկ ցնցող: Պետք է արձանագրեմ, որ ես իրավապաշտպան եմ, իրավաբան եւ քաղաքական հարթության վրա նման վերլուծություն անելը ոչ միայն իմը չէ, այլ այդտեղ ես նաեւ կպարտվեմ։ Միգուցե, այս հարցի մեջ կա տրամաբանություն, չգիտեմ: Բայց հարցի պատասխանը հետեւյալն է իրավական հարթության վրա՝ Վարդան Ղուկասյանն այսօր ունի խնդիր, որպեսզի հետագա իր քաղաքական, հասարակական գործունեությունն իրականացնի։ Ես` որպես իրավապաշտպան, իմ չափով պետք է փորձեմ իրավական հարթության վրա այդ ռիսկերը չեզոքացնել: Իսկ թե ինչպիսի պայմանավորվածություն կա, ես արդեն նշեցի, որ այսօր որոշ գործերով իրավունքը ստորադասվում է քաղաքականությանը: Որպես իրավապաշտպան, սա համարում եմ կործանարար, ժամանակավոր հաղթանակ, որի հետագա, այսպես ասած, պտուղները, հանրությունը, աշխարհը կտեսնի: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ առումներով որոշ անձինք, որոշ ուժեր գտել են, որ իրավունքից ավելի բարձր պետք է լինի իրանց քաղաքական նպատակահարմարությունը, այսինքն` ոչ միայն մեր երկրում, այլեւ` գլոբալ հարցերի հետ կապված:
— Ի՞նչ նկատի ունեք՝ կբացե՞ք փակագծերը:
— Օրինակ` Թուրքիայում հուզումներ են լինում, եւ ամերիկյան մի միլիարդատեր կարողանում է ազդել այդ հուզումների վրա՝ փակելով սոցիալական ցանցերը: Կամ՝ ԱՄՆ-ի պես իրավական գերհզոր երկրի նախագահը հայտարարում է, որ Կանադան, որն իր երկրի տարածքից ավելի մեծ է, պետք է լինի իր մարզը: Դրանք իրավունքի հետ աղերս չունեն, դրանով իջնում ենք ներքեւ՝ արդեն քաղաքական հարթություններ, քաղաքական դեմքեր, տարածաշրջան եւ այլն։ Դրա համար էլ ասում եմ, որ իրավունքից ավելի բարձր այսօր քաղաքական նպատակահարմարությունը կարող է լինել, ինչը կբերի որոշակի գործողությունների:
— Քաղաքացիների մի մեծ խումբ էլ փոխանցում էին, որ պահանջում են անհապաղ ազատ արձակել Վարդան Ղուկասյանին: Ի՞նչ կասեք նրանց:
— Այս հարցը բազմիցս տրվում է, ընդ որում՝ ամենօրյա ռեժիմով, նամակներ եւ հարցադրումներ են հղվում մեր ընկերության գրասենյակ: Որ պահանջում են, լավ են անում: Փաստաբանական խումբն իր գործողությունն անում է: Եթե պահանջում են անհապաղ ազատ արձակել, դրա մեջ միգուցե նաեւ իրենց շահը կա, որովհետեւ ի դեմս տվյալ անձնավորության՝ տեսնում են մարդու, ով դեռ բավականին անելիք ունի՝ ի նպաստ երկրի, քաղաքացիների, հանրային եւ պետական շահի: Դրա համար թող դուրս գան իրենց բազմոցների վրայից: Վարդան Ղուկասյանի կուսակցությունը` ի դեմս կուսակցության նախագահի, մշտապես հայտարարում է, որ անհրաժեշտ է, որպեսզի դատական պրոցեսի օրը ԱՄՆ-ում բնակվողները լինեն դատարանի դիմաց, ԱՄՆ-ից դուրս գտնվող բոլոր շահագրգիռ անձիք՝ ՀՀ-ում ամերիկյան դեսպանատան առջեւ: Մենք տեսնում ենք, որ այդ հավաքներին ընդամենը մի քանի հարյուր հոգի են լինում: Եթե իրավամբ մարդիկ ցանկանում են, որ տեր կանգնեն մի անձնավորության գաղափարին, գործողությանը, որը բխում է իրենց իսկ շահերից, ուրեմն՝ թող կոպիտ չհնչի, բայց բարի լինեն, պաշտպանեն վերջինիս խախտված իրավունքը՝ արդեն քաղաքական հարթության վրա: Ցավոք սրտի, մեր պրակտիկան ցույց է տվել, որ անձը երբ ընկնում է, ե՛ւ դանակավորներն են շատանում, ե՛ւ այն անձինք, ովքեր ուրանում են: Վարդան Ղուկասյանը հարյուրներով, եթե ոչ հազարներով քրեական բացահայտումներ է արել եւ հազարավոր անձանց խախտված իրավունքները վերականգնել։ Հիմա եթե դու գտնում ես, որ այո՛, նման անձնավորություն է անհրաժեշտ հետագայում հրապարակային քաղաքական գործունեության համար, ուրեմն՝ պետք է մասնակցել ակցիաներին, եթե՝ ոչ, կարի բերանդ եւ տես, թե պրոցեսներն ինչպես են զարգանում։ Հիշեցնեմ՝ Նժդեհի վերջին խոսքերը, որից պետք է մեր հասարակությունը, հայ մարդը հետեւություն անի: Մարդը, ով լիքը արած ուներ հայ ժողովրդի համար, ասել է. «Շնորհակալ եմ քեզնից, ապերախտ հայ»։ Լավ, այն ժամանակ քաղաքացիները վախ ունեին, մի բան ասեին, կհայտնվեն պայմանական ասած՝ Նժդեհի կողքի խցում, բա Սփյուռքի հայությունը արդյոք չէ՞ր կարող մի հատ նամակ գրել, որ ինքը լավ կողմեր էլ ունի, խնդրում եմ՝ ներողամիտ եղեք: Սփյուռքի հայությունն ումի՞ց էր վախենում: Եթե մենք այսօր էլ այդ չափորոշիչով պետք է շարժվենք, ունենալու ենք այն ողորմելի վիճակը, ինչ-որ մինուս-պլյուսով հիմա ունենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ