ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐՈՒՄ ՆՇՎԵՑ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 107-ԱՄՅԱԿԸ
Մշակութային
Այսօր, մայիսի 26-ն է, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի հերոսամարտից ուղիղ 107 տարի անց տոն է, նշվեց Սոգյութլուի գոյապայքարի 107-ամյակը։ Այս ճակատամարտը ոչ միայն փրկեց տասնյակ հազարավոր հայերի բնաջնջումից, այլև կռվի մեջ քաշելով թուրքական ուժերի մի մասին իր նպաստը բերեց Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին, նախահիմք հանդիսանալով Հայաստանի առաջին հանրապետության հիմնմանը։ Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ևս ներկա է գտնվել Սառնաղբյուր գյուղում կատարված միջոցառումներին։ Նախքան տոնական միջոցառման մեկնարկը, նախ «Մասունք» համույթի ազգային - ավանդական երգի ու պարի ուղեկցությամբ անցկացվեց քայլերթ Սառնաղբյուրի հայտնի սրբավայր Գրիգոր Լուսավորչի ճգնարանից /Զաղա /մինչև Հոգեվանք /Կարմիր վանք /, որտեղ էլ հերոսամարտին նվիրված հուշարձանի մոտ կայացավ տոնական միջոցառումը։ Ներկա էին Անիի համայնքապետարանի աշխատակազմը ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, Սառնաղբյուրի ու մյուս բնակավայրերի բնակիչները, հյուրեր տարբեր վայրերից։ Միջոցառումը մեկնարկեց Սառնաղբյուրի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանայի օրհնության խոսքով։ Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավարը։ Նա կարևորեց այսօրինակ միջոցառումների անցկացումը, հատկանշելով, որ Սառնաղբյուրի հերոսամարտը առանձնահատուկ նշանակություն է ունեցել մեր առաջին հանրապետության կազմավորման գործընթացում։ Մայիսյան այդ օրերի ինքնապաշտպանական մարտերում թշնամու դեմ մարտնչել, կենաց ու մահու կռիվ են տվել մեր պապերն ու նախահայրերը։ Միջոցառման ժամանակ գեղեցիկ կատարումներով հանդես եկան նաև «Սասուն» ազգագրական երգի ու պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, երգիչ, երգահան Արսեն Համբարյանը, Անի համայնքի տարբեր բնակավայրերի մշակութային կենտրոնների ստեղծագործական խմբերը, այդ թվում Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի, Մարալիկի Արվեստի ու երաժշտական դպրոցների սաները։ Միջոցառման ավարտին, հայի խաղաղասեր տեսակին բնորոշ, երկինք բաց թողնվեցին խաղաղության աղավնիներ, փուչիկ ների տեսքով, որոնք սավառնելով անծայրածիր երկնքում խաղաղություն կտարածեն ամենուր։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ