Ուժի մեջ մտած դատական ակտից հետո հնարավոր է փոխհատուցում պահանջել Երեւանի քաղաքապետարանից. Վահե Գրիգորյան
Ներքաղաքական
«Կարմիր գծերը» անցել են բոլոր գծերը: 2025թ. մայիսի 23-ին Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երեւան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Սակայն Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից նշված որոշումը կբողոքարկվի։ Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցեց Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
— Վերջապես ի՞նչ պետք է լինի կարմիր գծերի եւ վարորդների ճակատագիրը:
— Վարչական դատարանը, ինչպես 2024 թվականի, այնպես էլ 2025 թվականի սահմանված ավտոկայանատեղերի վճարի թանկացումը, որը ժողովուրդը պայմանական կոչել է «կարմիր գծեր», ճանաչել է անվավեր: Շեշտում եմ՝ թանկացումն է անվավեր ճանաչվել, ոչ թե` «կարմիր գծերը»: Այսինքն՝ դատարանը եւս հաստատել է, որ «կարմիր գծեր»-ի կտրուկ թանկացումը այն պատճառաբանությամբ, այն հիմնավորումներով, որով իրագործել է Երեւանի ավագանու խմբի իշխող խմբակցությունը, ոչ իրավաչափ է, եւ այս որոշումն ընդունվել է գործող օրենքների, մի շարք դրույքների խախտմամբ:
— Այսինքն` ստացվում է, որ դատարանի որոշմամբ ապօրինի եւ ոչ իրավաչա՞փ է, որ վարորդները 160.000 դրամներն արդեն երկրորդ տարին է, ինչ վճարում են:
— Երեւանի ավագանին, Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2024 թվականի «կարմիր գծեր»-ի թանկացման դատական ակտն անվավեր ճանաչելով, անդադար բողոքարկում է վերադաս դատարաններ, որի իրավունքը թեեւ ունի, սակայն թե՛ վերաքննիչ եւ թե՛ վճռաբեկ դատարանները վերադարձրել են նրանց բողոքները՝ պատճառաբանությամբ, որ չունեն նման լիազորություն, այսինքն՝ լիազորագիրը, որը կցվում է գործին, անթույլատրելի է որպես Երեւանի ավագանու լիազորությունները հաստատող փաստաթուղթ: Հիմա նույնն էլ, երեւի թե, այս գործով է շարունակելու եւ փոխարենը դրսեւորել ավելի իրավահպատակ վարքագիծ, եւ հաշվի առնելով դատական ակտի որակը՝ հատկապես սույն գործով կայացրած դատական ակտի որակը, եւ այսուհետ իրենց գործունեությունը իրականացնել իրենց շրջանակում, զուտ փորձում են հետաձգել, դրա ուժի մեջ մտնելը: Սակայն անկախ ամեն ինչից, երբ դատական ակտը մտնի ուժի մեջ, անձիք կարող են դիմել Երեւանի քաղաքապետարանին եւ պահանջել փոխհատուցում նախորդիվ առկա սակագնի եւ իրենց կողմից վճարած գումարի տարբերությունը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ