Մոսկվայի անվտանգության համաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն նախատեսվում
Միջազգային
Մոսկվայում անվտանգության հարցերով համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Եթե խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումների մասին է, ապա ոչ, դրանք նախատեսված չեն։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն չի ներառում լրացուցիչ նեղ բանակցային ձևաչափեր», – ասել է Շևցովը՝ պատասխանելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև առանձին բանակցություններ անցկացնելու հնարավորության մասին հարցին։
«Միևնույն ժամանակ, ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական պատվիրակությունները հրավիրված են մասնակցելու ոչ միայն լիագումար նիստերին և սեմինարներին, այլև ԱՊՀ երկրների համար ավանդական աշխատանքային նիստին», – ասել է նա։