Ծաղկաձորում անչափահաս աղջիկների մահվան պատճառ դարձած վթարի գործով քառանիվի վարորդը կալանավորվել է
Քրեական
Ծաղկաձորում մայիսի 24-ին դպրոցահասակ երկու աղջիկների մահվան պատճառ դարձած վթարի գործով քառանիվի վարորդը կալանավորվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր: Կողաշրջման հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում չորս անձ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրավորներից երկուսը՝ 18-ամյա աղջիկներ, մահացել են։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը կատարվել է ոչ սթափ վիճակում կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից։ Քառանիվի վարորդը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, որը բավարարվել է։