Խրախճանք՝ քյասիբի հաշվին
Վերլուծություն
Ամեն խաղ խաղացել էինք, մնացել էր հարսանիքը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում։ Վիվառոյի հիմնադիր Վիգեն Բադալյանի եղբոր որդու՝ Ռոման Բադալյանի հարսանիքը ոչ միայն հանրային դժգոհության մեծ ալիք է բարձրացրել տեղի ոչ տեղին ընտրության համար, այլեւ այն պատճառով, որ այն համընկավ Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետ, դարձավ օլիգարխիկ համակարգի ու պետական ռեսուրսների չարաշահման վառ օրինակ։
Հարսանիքի կազմակերպումը նմանատիպ ոչ միայն շքեղ, այլեւ պատմամշակութային վայրում, բարձրակարգ հյուրերի ներկայությունը, ճոխ ուտեստները եւ թանկարժեք նվերները վկայում են այն մասին, որ օլիգարխիկ շրջանակները շարունակում են օգտագործել պետական ռեսուրսներն իրենց անձնական շահերի համար։ Այս միջոցառումը ոչ միայն սոցիալական անարդարության, այլեւ պետական ռեսուրսների չարաշահման խորհրդանիշ է դարձել։
Էլ չասենք, որ իշխանական ներկայացուցիչների ներկայությունն այս հարսանիքին, անուղղակիորեն նշանակում է, որ պետական մակարդակով ողջունվում է խաղամոլությունը: Քաղաքացին տարվում է, ընտանիքներ են կործանվում, իրենք վայելում են կյանքը: Իհարկե, աբսուրդը կատարյալ չէր լինի, եթե հարսանիքին մի հատ էլ «Արցախն է մեզ կանչում» երգի տակ չտժժային Արցախը հանձնած եւ Ադրբեջանի մաս ճանաչած իշխանավորները:
Ակամայից հիշում ենք, որ ժամանակին OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) լրագրողների թիմը մանրամասներ էր պարզել թուրք գործարար Հալիլ Ֆալյալիի բազմամիլիոնանոց խաղադրույքների բիզնեսի մասին: Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալը լրագրողներին հայտնել էր, թե Հայաստանից նրա գործընկերը Վիգեն Բադալյանն է եղել, որն առցանց խաղերի եւ խաղադրույքների բիզնեսում հսկա «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության բաժնետերերից մեկն է: Ըստ Օնալի՝ Բադալյանի ընկերությունն իրականացրել է Թուրքիայում խաղադրույքներ ընդունող բազմաթիվ կայքերի ծրագրային ապահովումը, իսկ Ֆալյալին եղել է հայ գործարարի՝ Թուրքիայում գործունեության հովանավոր-աջակիցը: Իհարկե, Բադալյանի իրավաբանական թիմը հերքել էր Օնալի պնդումները, իսկ «Հետք»-ը հանդես եկել ուշագրավ բացահայտումներով:
Ինչ խոսք, ամեն ինչ շատ օրինաչափ է, եթե համալիրում հանդուրժվում է թուրքական մելիզմներ երգող երգիչների համերգները, ապա հարսանիք էլ կլինի, գլուխլվանեք էլ, քելեխ էլ: Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը:
ԱՂՔԱՏՆ ԱՏԵԼՈՒ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՀԱՐՈՒՍՏԻՆ ԷԼ՝ ՀԱՅՐԵՆԻՔ ՊԵՏՔ ՉԷ
Այո՛, Հայաստանը չպետք է դառնա մի երկիր, որտեղ Վիվառոյի վիգենները կամ այլ օլիգարխներ փողով անում են այն, ինչ մտքներին փչում է: Բայց դրա դեմն առնելու փոխարեն՝ ականատես ենք, որ արդեն բանը հասել է նրան, որ պետական մակարդակով առաջարկում են՝ փող ունե՞ս՝ բանակ մի գնա, փող ունե՞ս՝ համալիրն էլ կարող ես փակել, փող ունե՞ս՝ արի, նստի գլխներիս:
Կառավարությունը հավանություն է տվել մի նախագծի, ըստ որի՝ հարուստների որդիները կարող են խուսափել բանակային ծառայությունից` համապատասխան միլիոնների դիմաց։ Սա ոչ միայն խտրականություն է ստեղծում, այլեւ խորացնում է հասարակության մեջ առկա սոցիալական անհավասարությունը։
Ստացվում է, որ հասարակության սոցիալապես ամենաթույլ խավը՝ քյասիբները, պարտավոր են ծառայել բանակում՝ պաշտպանելու հարուստների անվտանգությունը, իսկ նրանք՝ իրենց փողերով կազմակերպում են շքեղ միջոցառումներ: Այսքանից հետո՝ աղքատն ատելու է Հայրենիքն ու բանակը, հարուստին էլ պետք չէ Հայրենիք, փողը տվել է, էլ պարտք ու պահանջ չունի:
ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Եվ ահա անվտանգային այս մարտահրավերները թողած՝ քոչարյանականների թիրախում շարունակում է մնալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, նրանց ելույթները սկսում են ավելի շատ հանրապետականների մասին լինել, քան` նիկոլականների: Այս գործին է միացել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: Սա, իհարկե, կարող է զարմանալի լինել որոշ ընդդիմադիր քաղաքացիների համար, բայց ոչ լավ հիշողություն ունեցողների:
Ամեն ինչ, կրկին խիստ օրինաչափ է դառնում, երբ հիշում ենք նախկին քաղբանատրկյալ Նարեկ Մալյանի դեռ ամիսներ առաջ արված գրառումն ու համապատասխան սքրինշոթը, որը փաստում է, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի եւ «մերժիր Սերժին» շարժման հիմնադիր Դավիթ Սանասարյանի ջերմ հարաբերությունները խոր արմատներ ունեն՝ հասնելով մինչեւ 2011 թվական:
Այո՛, քոչարյանականների կյանքում ոչինչ չի փոխվել, 15 տարի առաջ էլ, 2018-ին էլ, այսօր էլ իրենք «մերժիր Սերժին» գծի մեջ են, այլ ոչ թե` Փաշինյան Նիկոլ հեռացնելու: Իսկ թե ինչի՞ համար էին վերջին հինգ տարիների շոուները փողոցում ու Ազգային ժողովում, թերեւս այս հարցերի պատասխանների հետեւից պետք է գնան տարբեր ակցիաների ու հավաքների ժամանակ ոստիկանության գործողություններից տուժածները, քրեական գործերի տակ մինչեւ այսօր ճռռացողները:
Այլեւս փաստ է, որ ձեւավորվել է երկրում երկու բեւեռ՝ Քոչարյան-Փաշինյան, որոնք հարմար տեղավորվել են կառավարությունում ու խորհրդարանում եւ ժողովուրդ ու ՀՀԿ, որոնց համբերության բաժակը վաղուց լցվել է ու չեն ուզում սպասել 2026-ի հերթական ընտրություններին եւ պսեվդո ընդդիմադիրների նորեն ֆիասկոյին:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՀԱՎԱՏԱ՞ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ
Իսկ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, ապա այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ եւ կհամոզի Հայաստանի ժողովրդին, որ դա պետք է երկարատեւ խաղաղության համար: Այս մասին նա նշել է «Երեւանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին:
Այս հայտարարությունը վերստին բարձրացնում է հարցեր Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածության եւ երկրի շահերի պաշտպանության մասին։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են ոչ միայն պատրաստակամություն եւ բանակցություններ, այլեւ ազգային շահերի պաշտպանություն եւ միջազգային գործընկերների վստահություն։
Այս համատեքստում, երբ երկրի ներսում իշխում է օլիգարխիկ համակարգը, իսկ արտաքին քաղաքականությունը մնում է անորոշ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է հասնել կայուն խաղաղության։ Նախքան Սահմանադրության փոփոխությունները, անհրաժեշտ է իրական բարեփոխումներ իրականացնել երկրի ներսում՝ ուժեղացնելով բանակը, արդարությունը եւ օրենքի գերակայությունը։ Մինչդեռ բանակը քանդում են, արդարությունն ու օրենքներն էլ` արհամարհում:
Այս բոլոր զարգացումները վկայում են այն մասին, որ Հայաստանում անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ՝ ուղղված օլիգարխիկ համակարգի վերացմանը, օրենքի գերակայության հաստատմանը եւ սոցիալական արդարության ապահովմանը։ Քաղաքացուն այլեւս հետաքրքիր չէ, թե ով է իշխանություն, եւ ով՝ ընդդիմություն, նա ուզում է այլեւս չլինել անտեսված եւ անարդարության զոհ: Նա այլեւս չի ուզում լինել այսքան ստորացված 3 միլիոն վարչապետերից մեկը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ