Հենց հիմա է պահը, որ մենք սթափ գնահատենք մեր անցյալը. Էդգար Հովհաննիսյան
Ներքաղաքական
Մայիսի 28-ը մեր օրացույցում առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման օր։ Այդ մասին «Իրավունքը» զրուցել է ՀՊՄՀ պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. թ, դոցենտ ԷԴԳԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
— Որո՞նք են այն դասերը, որոնք այսօր պետք է քաղենք Առաջին հանրապետության պատմական իրողությունից:
— Ես մշտապես զբաղվում եմ պատմական դրվագների վերաքննությամբ, քանի որ մենք բոլորս` որպես ժողովուրդ, ուսումնասիրում ենք անցյալը՝ հասկանալու դրա փորձառությունը, դասեր քաղելու եւ այն որոշ իմաստով ներկա ժամանակներում կիրառելու նպատակով։ Պատմությունը, ինչպես հայտնի է, հակված է կրկնվելու. իհարկե՝ նոր իրողությունների, ժամանակին համապատասխան փոխակերպումների ու ձեւերի միջոցով, սակայն հաճախ կրկնվում են այն գործընթացները, որոնք մեզ արդեն ծանոթ են դարասկզբի՝ հատկապես 1920-ականների իրադարձություններից։
Այս համատեքստում մեր ներկա իրողությունները համադրում ենք տարբեր երկրների՝ հատկապես մեր տարածաշրջանային եւ միջազգային դաշնակիցների ու գործընկերների վարքագծի հետ։ Բացահայտ է, որ այսօր մեր առջեւ կանգնած են մի շարք բարդ խնդիրներ, որոնք ուղիղ առնչվում են հայ ինքնության պահպանմանը, գիտականության զարգացմանը եւ ազգային արժեքների նկատմամբ վերաբերմունքին։ Այս ամենը հիշեցնում է մեզ այն ժամանակաշրջանը, երբ, ցավոք, մենք հաճախ մեծ հույսեր էինք կապում արտաքին ուժերի եւ տարբեր կառույցների աջակցության հետ՝ մտածելով, որ դրանք մեզ կօգնեն հաղթահարել սպառնացող վտանգները։
Սակայն իրողությունը ցույց տվեց, որ տարածաշրջանային շահերը, ինչպես նաեւ ավանդաբար ձեւավորված խաղացողները հաճախ գործում են իրենց քաղաքական եւ տնտեսական օրակարգով, իսկ փոքր ազգերի ճակատագրի հարցերը մնում են երկրորդական։ Սա մեզ ուսուցանում է, որ մեր շահերը պետք է պաշտպանենք նախ եւ առաջ մեր ներուժով՝ հիմնվելով իրատեսական դաշնակիցների, ոչ թե փոքր հույսերի վրա։
Այսպիսով, իմ գլխավոր եզրահանգումը հետեւյալն է. մենք պետք է խուսափենք անցյալի երբեմն ռոմանտիկ, երբեմն նաեւ չափից ավելի իրատեսական սպասումներից եւ քայլենք հստակ, ճշգրիտ, ռազմավարական ուղիով։ Հիշենք, որ այն ժամանակ եւս անորոշ սպասումները հանգեցրին ցավալի արդյունքների, եւ ցավալիորեն հնարավոր դարձավ անգամ հայոց պատմական տարածքներից մի մասն անջատել Հայաստանի Հանրապետությունից՝ բերելով ամենացավալի՝ տարածքային կորուստների։
— Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, երբ ցեղասպանությունից երեք տարի անց հնարավոր եղավ ճակատամարտում հաղթել, ապա ինչու՞ չենք կարողանում մի նոր Սարդարապատ ունենալ:
— Սարդարապատի պատմությունը մեզ համար միայն անցյալ չէ՝ այն դաս է, որը պարտադիր պետք է քաղենք։ Պատմաբաններից մեկը ճիշտ նկատել է՝ եթե դպրոցում պատշաճ ձեւով չսովորեցնենք այս կարեւոր իրադարձությունը, ապա Սարդարապատը կմնա սեղմված էջ՝ պատմության գրքերում, առանց իրական շոշափելի իմաստի։ Դա կլինի հերթական կորցրած հնարավորությունը՝ հասկանալու, թե ինչպես ու ինչու եղավ նահանջը, ինչպես կորցրինք կարեւոր արժեքներ, եւ ինչու չկարողացանք կանխել որոշ ճակատագրական իրադարձություններ։
Սարդարապատի ճակատամարտը, ինչպես նաեւ դրան նախորդող ու հաջորդած իրադարձությունները, մեզ մատնանշում են, որ պետք է գործենք խորագիտորեն, կանխատեսելիորեն։ Մենք, գուցե, կարող էինք շատ բան փոխել, եթե ավելի վաղ ժամանակին գործեինք՝ ճշգրտությամբ, զգուշավորությամբ եւ պատասխանատվությամբ։ Իսկ մենք, հաճախ ապրելով զգացմունքներով, մոռանում ենք որոշ իրականություններ։ Սակայն մեր օրերում՝ հենց հիմա է պահը, որ մենք սթափ գնահատենք մեր անցյալը՝ ոչ թե որպես թվեր եւ հեքիաթային պատմություններ դասագրքերում, այլ որպես իրականություն, որը ձայն է բարձրացնում մեր ուղեղներում եւ սրտերում։
Պատմական նման իրադարձությունները պետք է դառնան մեր սերունդների ուսուցման անբաժանելի մաս՝ ոչ միայն որպես դասագրքերից արտասանվող տեքստեր, այլ որպես խորքային վերլուծության եւ ազգային հիշողության մի մաս։ Մենք պարտավոր ենք ուշադրությամբ հետեւել նման իրադարձություններին, հասկանալ դրանց պատճառահետեւանքային կապերը եւ՝ ամենակարեւորը, դրանցից սերտել այն դասերը, որոնք կարող են մեզ օգնել ապագայում գործել ավելի լավ, ավելի միասնական եւ արդյունավետ։
— Արդյո՞ք մենք այսօր խնդիր ունենք` մայիսյան հերոսամարտերը եւ առաջին Հանրապետության հռչակումը վերագնահատելու:
— Իհարկե, պատմագիտությունը պետք է վերաիմաստավորվի եւ վերագնահատվի ոչ միայն որպես ինքնուրույն գիտական ճյուղ, այլ նաեւ իր ներսում ձեւավորված գնահատականների, մեթոդաբանական մոտեցումների եւ ընկալումների համակարգում։ Այս գիտությունը չի կարող գոյատեւել եւ զարգանալ իներցիայով, առանց մշտական վերանայման, առանց ինքնաքննադատության եւ առանց բաց ու անկեղծ երկխոսության գիտական հանրության ներսում։ Պատմությունը չպետք է ընկալվի որպես ստատիկ հարթություն, այլ` որպես զարգացող, վերաիմաստավորվող համակարգ, որը պահանջում է խորքային վերլուծություն։
Եթե մենք իսկապես նպատակ ունենք հասնելու հնարավորինս օբյեկտիվ ընկալման՝ թե՛ անցյալի իրադարձությունները, թե՛ պատմական գործընթացների տրամաբանությունը, ապա պարտավոր ենք ավելի խորությամբ ուսումնասիրել մեր ունեցած աղբյուրները, վերանայել մեր պատկերացումները եւ չվախենալ անդրադառնալ այն գաղափարներին, որոնք երբեւէ ստվերվել են կամ դիտավորյալ դուրս են մնացել պատմական հիշողության դաշտից։ Դա ենթադրում է ոչ միայն գիտական ազնվություն, այլեւ` բարոյական պատասխանատվություն պատմության նկատմամբ։
Այս վերանայման գործընթացը պետք է հիմնվի բազմազան եւ բազմակողմանի աղբյուրների օգտագործման վրա` ներառյալ նորահայտ փաստերը, արգելված կամ մոռացված նյութերը, ինչպես նաեւ պատմական իրադարձությունների շուրջ ի հայտ եկող նոր հանգամանքները, որոնք կարող են փոխել մեր ընկալումը անցյալի վերաբերյալ։ Պատմագիտությունը պետք է ընդունի, որ ճշմարտությունը վերջնական չէ, եւ յուրաքանչյուր նոր փաստ կամ տեսանկյուն կարող է ճշգրտել կամ անգամ վերաձեւակերպել մեր պատկերացումները։
Հենց այս պատճառով է, որ պատմության գիտական գնահատականը չի կարող լինել ճկունությունից զուրկ կամ փակված փոփոխությունների համար։ Այն պետք է մշտապես մնա բաց ու դինամիկ՝ պատրաստ արձագանքելու նոր բացահայտումներին եւ մեթոդաբանական փոփոխություններին։
Միայն այսպիսի մոտեցման շնորհիվ մենք կարող ենք ապահովել պատմագիտության շարունակական զարգացումը՝ միաժամանակ վերաիմաստավորելով մեր պատմական փորձը այնպես, որ այն ծառայի ոչ միայն անցյալի վերլուծությանը, այլ նաեւ՝ ներկայի խորը ըմբռնմանն ու ապագայի կայուն ձեւավորմանը։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ