Քոչարյանն ու նրա մերձավոր շրջապատն էին «մերժիր» ակցիայի փողոց լցնողները. Աննա Մկրտչյան
Ներքաղաքական
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտության մասին շահարկումներին:
— Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը շատ է սիրում քննարկել «Նիկոլը ճիշտ էր» նախադասությունը` իհարկե, աղավաղելով այն, անիմաստ ենթատեքստ դնելով։ Յոթ տարի ձեւացնում են, թե իբր չեն հասկացել՝ ինչի մասին է խոսքը։ Բայց քանի որ շարունակում են ձեւացնել, ուղիղ ու անկեղծ կասեմ՝ ինչի մասին կարող էր լինել այդ նախադասությունը։ Միգուցե այդ նախադասությունը նրա մասին էր, որ 2018-ի այդ ողջ իրադարձությունների ընթացքում չնայած անհերքելի ապացույցներին, Սերժ Սարգսյանը չէր կարողանում հավատալ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա մերձավորներն ու շրջապատն էին «մերժիր» ակցիայի հովանավորները, փողոց լցնողները, հրապարակով տուն գնացողները։ Փաստորեն, չէր կարողանում հավատալ։