Չափից շատ ուշադրությունը, գերխնամքը, երբ ամեն ինչ ուզում ես անել, տալ երեխային, որոշակի սահմանից հետո դառնում է վնասակար

Հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրը սահմանվել է 1925թ. ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Այս խառնիճաղանջ իրականության մեջ, երբ շատ հաճախ ոստնահարվում են երեխաների իրավունքները, ինչպես օգնել երեխաներին, ի՞նչ անեն ծնողները, որպեսզի կարողանան պաշտպանել երեխաներին և խուսափեն հոգեբանական տարբեր խնդիրներից զրուցել ենք հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՃԱՋՅԱՆԻ հետ.
-Ինձ համար շատ թանկ գաղափար է ծնողներին հոգեբանական գիտելիքներ և գրագիտություն հաղորդելը, քանի որ հղիության ընթացքից սկսած երեխաների մոտ կարող են առաջանալ ճգնաժամային փուլեր, դրա համար չպետք է խուսափել հոգեբանների մոտ այցելելուց և պետք է նորաստեղծ ընտանիքները փորձեն տարբեր հավաստի աղբյուրներից, դասընթացներից ստանալ գիտելիքներ, որպեսզի կարողանան կանխել խնդիրները: Եվ մի կարևոր կետ էլ նշեմ, որ չափից շատ ուշադրությունը, գերխնամքը, երբ ամեն ինչ ուզում ես անել, տալ երեխային, որոշակի սահմանից հետո դառնում է վնասակար: Նույնը կարելի է ասել նաև երեխային համապատասխան ուշադրություն չտալու դեպքում. պետք է փորձել ամեն ինչ անել բալանսավորված:
- Ինչպե՞ս հասկանալ, որ երեխայի մոտ կա անհրաժեշտություն հոգեբանի մոտ այցելելու:
-Ծնողական ինտուիցիան բավականին ուժեղ է, և շատ հաճախ իրենք հասկանում են, որ երեխայի մոտ ինչ-որ բան այն չէ նույնիսկ ամենափոքր տարիքում, և դա շատ ողջունելի է, որովհետև ինչքան ավելի փոքր տարիքում ես շտկումներ անում, այնքան երեխայի հոգեկան զարգացումը ավելի ապահով վիճակում է գտնվում: Երեխաների հետ աշխատելը շատ հետաքրքիր է, երբեմն իրենք սիմպտոմներ են ստեղծում, իհարկե ենթագիտակցորեն, որպեսզի ծնողներին բերեն հոգեբանի մոտ և դու տեսնում ես, որ խնդիրը ծնողների մեջ է: Այսպիսի մի բան ասեմ՝ երեխան երջանիկ է, երբ ծնողներն իրար սիրում են, ու շատ հաճախ երեխաների խնդիրները գալիս են ծնողներից ու երեխայի հետ աշխատելն, ըստ էության, նաև ծնողների հետ աշխատանք է:
-Կա՞ անհրաժեշտություն երեխաներին փոքր տարիքից ժամանակ առ ժամանակ տանել հոգեբանի մոտ:
-Ցանկացած տարիքում, եթե ծնողները նկատում են երեխայի մոտ ընդհանուր զարգացման օրինաչափությունների հետ կապված ինչ-որ ակնհայտ երևացող խնդիր, անպայման պետք է դիմեն հոգեբանին, բայց գիտեք անընդհատ հոգեբանի հետ կոնսուլտացիա անելն էլ ճիշտ չէ: Այսինքն, պետք է այցելել, երբ անհրաժեշտություն կա: Իմ խորհուրդն է, եթե երեխաների մոտ կան տագնապային թեթև զգացողություններ և վախ, կարելի է նրանց տանել հատուկ կենտրոններ, որտեղ շատ առողջ մեթոդներով և արագ կվերացնեն խնդիրները: Սրանով ծնողները կխուսափեն հետագայում մի շարք հոգեբանական խնդիրների բախվելուց: