ՆԻԿՈԼԻ ՀԻՆ ԱՎԱՆՏՅՈՒՐԱՆ, ՈՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՑՐԵՑ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՆ, ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Միջազգային
Մինչ նիկոլյան իշխանիկները վերջին օրերին շարունակում էին Ալիեւից համառորեն «խաղաղության պայմանագիր» մուրալ, Հեյդարովիչը Հայաստանի հանդեպ հերթական վտանգավոր գորընթացն է ծավալում: Խոսքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ մայիսի 28-ին Լաչինի միջազգային օդանավակայանի բացման մասին է:
ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Սա Արցախի տարածքում երրորդ նման հաստատությունն է, եւ պարզ հարց է ծագում՝ Ալիեւի ինչի՞ն է պետք Լաչինի ձորերում, որտեղ դեռ անգամ բնակչություն չկա, միջազգային օդանավակայանը: Առավել եւս, որ դրանից ոչ շատ հեռու՝ Զանգելանի հատվածում դեռ 2022թ.-ին էր Էրդողանի հետ միասին էլի միջազգային օդանավակայան բացել, մինչ այդ էլ՝ Ֆիզուլիում: Ավելին, այնքան է այս հերթական օդանավակայանը կարեւորում, որ բացմանը, բացի Էրդողանից, մասնակցում էր նաեւ Պակիստանի ղեկավարը:
Իհարկե, միամտություն կլինի ասել, թե Ալիեւն Լաչինի օդանավակայանով ինչ-որ տնտեսական կամ, ասենք, զբոսաշրջային հարցեր է ցանկանում լուծել: Թեկուզեւ հաշվի առնելով, որ դրա շինարարությունը սկսվել էր 2021թ.-ին, երբ ինչպես արցախահայությունը, այնպես էլ ռուս խաղաղապահները դեռ Արցախում էին: Ուժի մեջ էր Արցախի կարգավիճակի թեման սերունդներին թողնելու՝ Լավրովի օրերս հիշատակած եռակողմ «ջենթլմենական պայմանավորվածությունը»: Մի խոսքով, կար անորոշ ապագա, եւ ասել, թե նման իրավիճակում Լաչինի ձորերում միջազգային օդանավակայան հիմնելը տնտեսական տրամաբանություն ուներ, միամտություն կլիներ: Առավել եւս, կրկնենք, ոչ շատ հեռու Զանգելանի, դրանից մի փոքր արեւելք էլ՝ Ֆիզուլիի օդանավակայաններն են: Վերջապես, միայն այն փաստը, որ Ադրբեջանը մնացած ողջ տիրույթում, այն է՝ տնտեսապես շատ ավելի զարգացած եւ մարդաշատ գոտիներում ունի ընդամենը 5 միջազգային օդանավակայան, իրար հարեւանությամբ այս երեքը կառուցելը, իհարկե, միանգամից է խոսում ոչ տնտեսական նպատակների մասին:
Էրդողանի եւ Շարիֆի մասնակցության փաստը եւս դժվար չէ հասկանալ, թե ինչի համար է: Այսինքն, այս երեք օդանավակայանների առկայությունը, իհարկե, պետք է դիտարկել զուտ ռազմական տեսանկյունից եւ ուղղված ոչ միայն Հայաստանի դեմ (միայն Հայաստանի համար դա չափազանց շատ կլիներ): Այն, որ հիմնական թիրախներից է, եթե ոչ՝ ամենահիմնականը, Իրանը, երկրորդ կարծիք լինել չի կարող: Գումարած, սա, ըստ էութայն, օդանավակայանների, այսինքն, նաեւ ռադիոլոկացիոն եւ այդ կարգի համակարգերի գիծ է, որը կարելի է համարել ՌԴ-Իրան կապի միջեւ պատնեշի պես մի բան: Սա արդեն բացատրում է Թուրքիայի եւ Պակիստանի մասնակցությունը տեղի ունեցածին. երեք երկրների առաջնորդներն արդեն հայտարարել են «Մեկ ազգ, երեք պետություն» սկզբունքի մասին, եւ սա դրա գործնական տեսքի բերելու ընթացքի մասին բացահայտ հայտ է՝ ուղղված Մոսկվային եւ Թեհրանին:
Առավել եւս, որ այդ միջոցառման համատեքստում Ալիեւը շարունակեց խոսել Զանգեզուրի թեմայով, թե՝ «Արեւմտյան Զանգեզուրը անջատվել է Ադրբեջանից եւ միացվել է Հայաստանին… Դա մեծ անարդարություն էր» եւ այլն: Դե, եթե «անարդարություն է», ուրեմն դա պետք է շտկել, եւ Էրդողանն ու Շարոնն էլ այդ պահին կանգնած էին Ալիեւի կողքին: Եվ այն, որ Էրդողանը չհապաղեց խոսել «Միջին միջանցքի» մասին, որի միակ պակասող օղակը «Զանգեզուրի միջանցքն» է, ասվածի հիմնավորումներից մեկն է:
ԱԼԵՆԸ ԿԱՐՈՂ Է ԳՆԱԼ ԲԱՔՈՒ
Ահա այս միանգամայն մտահոգիչ իրողությունների ֆոնին, կրկնենք, նիկոլյան իշխանիկները մեկը մյուսից ցնցող հայտարարություններ են հնչեցնում: Օրինակ`Ալենը սկսեց քարոզներ կարդալ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից բխող «պայծառ ապագայի» մասին, թե՝ դրանից հինգ րոպե անց հայերն ու ադրբեջանցիները կնետվեն իրար հետ առեւտուր անելու: Նաեւ, որ հայերը կգնան Բաքվում ապրելու, ազերիներն էլ՝ Հայաստանում: Ու այնպիսի համոզվածությամբ, որ ավելի շատ նման էր Ալիեւի՝ ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին պահանջի հեռակա «դաբրոյի»: Ամեն դեպքում, Ալենին, Նիկոլին եւ նման մի քանիսին միգուցե Բաքու թողնեն, բայց երբ արցախահայերին են իրենց տներից հանում, հաստատ հայերի վերադարձ Ադրբեջան չի կարող լինել: Փոխարենը, ազերիներին այստեղ ոմանք միգուցե գրկաբաց կընդունեն: Հաջորդ կարկառուն նիկոլականը՝ Միրզոյան Արոն, ով ընդունել էր Ֆրանսիայի արտգործնախարարին, նորից հին հեքիաթները պատմեց, թե ինչու «խաղաղության համաձայնագիր» կոչվածն այդպես էլ չի ստորագրվում: Բայց փոխարենը Ժան-Նոել Բարոն, պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է Ֆրանսիան ձեռնարկում Ադրբեջանի կողմից սրացումը եւ հնարավոր ագրեսիան կանխելու համար, չափազանց «հուսադրող» խոստում տվեց, թե իրավիճակի սրման դեպքում «Ֆրանսիան կոչեր կանի»: Չնայած, եթե Մարկոնն ինքն իրեն չի կարողանում պաշտպանել սեփական կնոջ ապտակներից, ինչո՞վ կարող է Հայաստանին օգնել, եթե ոչ՝ «կոչեր» հնչեցնելով:
Վերջապես, նույն ոճի մեջ էր Նիկոլը նույն պահին, երբ Լաչինում օդանավակայան էին բացում: Թե՝ Երեւանը եւ Բաքուն երկկողմ խորհրդակցություններ են անցկացնում խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների եւ հանգամանքների շուրջ՝ համաձայնությունների հասնելու համար: Ադրբեջանի պատասխանն արդեն ոչ թե նույնիսկ Բայրամովի (երեւի նա էլ է հոգնել նույն բանը կրկնելուց), այլ՝ նրա տեղակալ Յալչին Ռաֆիեւի մակարդակով էր. «Ստորագրման համար կա երկու պայման. անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ»: Այս երկու պայմաններից մեկի՝ Մինսկի խմբի լուծարման մասով թեեւ Նիկոլն էլ է պատրաստակամություն հայտնել, սակայն Սահմանադրություն փոխելու հարցն այդպես էլ մնացել է նրա կոկորդին:
Բայց այն, որ իրավիճակը մնում է չափազանց լուրջ, հաստատեց նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը՝ հայտարարելով. «Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է»: Ավելին, նրա հայտարարությունը, թե՝ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար, թերեւս պետք է ընկալել, որպես Ադրբեջանի կողմից իրավիճակի շարունակական թեժացման (այդ թվում՝ Լաչինի օդանավակայանի տեսքով) պատասխան ռեակցիա:
ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆԻ ՑՈՒՑԻՉԸ
Փոխարենը, օրակարգ մտան խոսակցություններ, որ նույն Սյունիքում ռուսական հյուպատոսարանի թեման այդպես էլ տեղից չի շարժվում, թեեւ Հայաստանին ընդամենը «կոչերով» օգնել պատրաստվող Ֆրանսիան արդեն այնտեղ հյուպատոսարան ունի: Նախ, հայաստանյան տեղեկատվական դաշտում պտտվում են համառ լուրեր, որ անգամ Լավրովի այցը հյուպատոսարանի թեման մեռյալ կետից չի տեղաշարժել: Իսկ ահա Կարապետ Պողոսյանը տեղեկացնում է. «Լավրովյան վերջին այցը չափազանց լարված է անցել ոչ միայն փողոցում, այլեւ` փակ դռների հետեւում։ Ըստ աղբյուրների` հատուկ շեշտադրում է եղել անհապաղ Կապանում ՌԴ հյուպատոսարան բացելու հարցով։ Ինչին Փաշինյանը հակադարձել է, որ Սյունիքի բնակչությունը դեռեւս պատրաստ չի ընդունել ռուսական ներկայացուցիչներին։ ՌԴ ԱԳ նախարարը շատ կոշտ է եղել եւ հայտարարել, որ եթե չի բացվում Կապանում ՌԴ հյուպատոսարանը, ապա իրենք էլ կփակեն Ռոստովի հայկական հյուպատոսարանը։ Որպես պատասխանի վերջնաժամկետ նշվել է ՌԴ խորհրդարանի ղեկավար Մատվիենկոյի առաջիկա այցը…»:
Հիշեցնենք, ժամանակին, երբ Կապանում բացվեց Իրանի հյուպատոսարանը, դա ընդհանուր իրավիճակի վրա ունեցավ բավականին հանգստացնող գործոնի դեր: Փորձագետները վստահ են, որ էլ ավելի լուրջ ազդակ կդառնա Սյունիքում ռուսական հյուպատոսարանի հիմնումը ոչ միայն Ալիեւի, այլ նաեւ՝ Էրդողանի համար դառնալով զգուշացում՝ ռուսական դրոշն այստեղ է: Ու միանգամայն հակառակ էֆեկտ է խոստանում ֆրանսիական հյուպատոսարանը, որն Ալիեւին ընդամենը սպառնում է «կոչերով»:
Բայց ահա, երբ Թուրքիան, Պակիստանն ու Ադրբեջանը նման բաց եւ ցուցադրական ազդակներ են հղում, դա գալիս է հուշելու, որ գոնե նրանց պատկերացմամբ իրավիճակի փոփոխություն կա, եւ իրանական գործոնն արդեն նախկին էֆեկտիվությունը չունի: Ու նման իրավիճակում Նիկոլը Սյունիքում ցցում է ոչ մի բան չխոստացող ֆրանսիական դրոշը՝ փաստացի արգելափակելով ռուսներին: Գումարած, ձեն-ձենի տված Բաքվի հետ, բացահայտ սկսում է հարվածել Հայոց Եկեղեցուն: Իսկ դա նշանակում է, հին դավաճանությունը, որը Հայաստանը հասցրեց այս վիճակին, դեռ ակտիվ ընթացքի մեջ է: