Ինչ ցուցմունք է տվել Փաշինյանի նախկին խոսնակը դատարանում
ՏեսանյութերՄայիսի 29-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, շարունակվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենքում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը։
Այս գործով անցնում են հինգ ամբաստանյալ (Հակոբ Գեւորգյան, Արմեն Ղարիբյան, Հրանտ Հարությունյան, Հակոբ Պէրպէրեան եւ Սարգիս Հարեյան), ովքեր միմյանց հետ որեւէ կապ չունեն, նրանց միավորում է մի բան՝ բոլորը վրդովված լուրից, որ Փաշինյանը ստորագրել է կապիտուլիացիոն փաստաթուղթ այդ օրը եղել են կառավարության շենքի կա՛մ ներսում, կա՛մ մոտակայքում:
ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՀԱԿԱՍԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Հերթական դատական նիստի ժամանակ, որպես տուժող, հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գեւորգյանը, որն այժմ աշխատում է Եվրոպական դիտորդական առաքելությունում: Հիշեցնենք, որ այս գործի գլխավոր կերպարը հենց նա է. Մանե Գեւորգյանը ոչ միայն միակ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչն էր, որն այդ չարաբաստիկ օրը հայտնվեց զայրացած քաղաքացիների դեմ առ դեմ, այլ նաեւ հետո բողոք էր ներկայացրել իրավապահներին եւ պնդել, թե իր նկատմամբ իրականացվել են գործողություններ, իր հասցեին հնչել են կյանքին սպառնացող արտահայտություններ:
Դեպքից անցել է շուրջ 5 տարի եւ 5 անձ եղել են նախ կալանքի տակ, ապա նրանց նկատմամբ կիրառվել է այլ խափանման միջոցներ՝ ցայսօր: Եվ ահա միայն հիմա դատարանում Մանե Գեւորգյանի ցուցմունք տալու ժամանակը եկավ: Ու թեպետ ակնհայտ էր, որ վերջինս հայացքը նետած մեղադրող դատախազ Գորիկ Հովակիմյանին նրա ուղորդումներին է սպասում, թե որ հարցին, ինչպես պատասխանի, բայց, այդուհանդերձ, նրա խոսքերում կային ուշագրավ դրվագներ: Ի դեպ, սա նկատել էր նաեւ դատավորն, ով ընդգծեց. «Ինձ մոտ տպավորություն է, որ սպասում է դուք թույլ տաք, որպեսզի ինձ պատասխանի»:
Ինչեւէ, Մանե Գեւորգյանը պնդեց, թե այդ օրվանից շատ լավ հիշում է մեղադրյալներից Արմեն Ղարիբյանին, որը կառավարության շենք ներխուժած առաջիններից մեկն է եղել: Սակայն, տեսանյութերի դիտարկումը հենց դատարանի դահլիճում ապացուցեց ճիշտ հակառակը՝ Ա. Ղարիբյանը կառավարության շենքի ներսում էր հայտնվել՝ երբ արդեն ներսում էին մեծ թվով մարդիկ ու լրատվամիջոցներ: Նույն կերպ Մ. Գեւորգյանը «շատ լավ» հիշում էր ամբաստանյալ Սարգիս Հարեյանին, որը պարզվում է՝ ընդհանրապես կառավարության շենքի ներս չէր հասել: Նա ոտքը վնասել էր կառավարության շենքի պատուհանը կոտրելու ժամանակ եւ հայտնվել հիվանդանոցում: Ամեն դեպքում, թե ինչ հիշողություններ ունի նրանց հետ կապված, այդպես էլ չկարողացավ մանրամասնել: Նույն պատմությունն էր նաեւ Հակոբ Գեւորգյանի մասով: Ի՞նչ է ստացվում՝ մարդիկ 4-5 տարի է դատվում են, որովհետեւ նրանց նմանացրել են ինչ-որ մարդկա՞նց: Դատավոր Մելիքյանն էլ ո՛չ տարավ, ո՛չ բերեց շխկացրեց. «Շա՞տ մարդ է թքել ձեր վրա»:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ՄԱՏԱՂԸ»՝ ՄԻԱՅՆԱԿ ԴԵՄ ԱՌ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Ըստ Մանե Գեւորգյանի, 44 օրյա պատերազմի մասնակից Հակոբ Պէրպէրեանն է իր նկատմամբ «գործողություն» իրականացրել, իսկ մնացածն «արդեն ով ոնց կարար»: Նա պատմեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ 3-4 օր աշխատանքի չեն եկել, հետո եկել են, սկսել զննել կառավարության տեսախցիկները: Միայն թե Փաշինյանի նախկին խոսնակը չանդրադարձավ, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ ամբողջ կառավարության աշխատակազմից միայն ինքը հայտնվեց այդ պահին ժողովրդի մեջ, ինչպես ինքն է ասում՝ թքեցին իր վրա, քաշքշեցին մազերը, բրդբրդեցին, իսկ մնացյալ պաշտոնյաներից եւ որեւէ մեկը չկար: Վերջիվերջո, ինչո՞ւ էր իր անմիջական ղեկավարությունը, «փուռը» տվել իրեն:
Նույն կերպ Մանե Գեւորգյանը չկարողացավ բացատրել, թե ինչու այդ լարված իրավիճակում, կառավարության շենքի դիմաց չկային ոստիկանական ավելի մեծ թվով ուժեր, որոնք կկանխեին ժողովրդի ներխուժումը շենք: Բայց դրա փոխարեն հայտարարեց. «Հասնում էին տեղեկություններ, որ Մելիք-Ադամյանից ավտոբուսներով մարդկանց են բերում, որ կառավարության շենք մտնեն: Այսինքն՝ կարծում եմ, որ այն պատը, որը ոստիկանները պատրաստել էին եւ փորձելու էին պաշտպանել պետական կառույցը, շենքը, շինությունը, բավարար, միեւնույն է, չէր լինելու: Ու մենք հետագա օրերին էինք նաեւ դրա մասին խոսում, որ կարող էր լինել իրական բախում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ, ինչից մենք ամեն ձեւով խուսափել ենք, չենք ցանկացել, որեւէ քաղաքացի, որեւիցէ մի ոստիկան կամ առավել եւս կառավարության անդամության աշխատակից վնասվի»:
Հիշեցնենք, որ Մելիք-Ադամյան փողոցը կառավարության շենքի հետեւի փողոցն է, եւ այնտեղից մարդիկ բերելու համար՝ ամենեւին ավտոբուսներ պետք չէր, այլ ընդամենն առավելագույնը 1-2 րոպե ժամանակ: Եվ ամենակարեւորը՝ այդպես էլ արժանահավատ չհնչեց բացատրությունը, թե ինչու ոստիկականական զորքերն ավելացնելու փոխարեն՝ որոշում է կայացվել ընդհանրապես հեռացնել, եւ թողնել տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ: Առհասարակ, Մ. Գեւորգյանի ցուցմունքից տպավորություն էր, որ նրան կառավարությունն ուղարկել էր «մատաղ» լինելու, բայց նրան բախտը ժպտացել է՝ երեսին թքելով է պրծել:
Նշենք նաեւ, որ նույնքան վերացական էին Մանե Գեւորգյանի հիշողություններն այն մասին, թե կառավարության անվտանգությունն ապահովող մարմիններն այդ ընթացքում զինվա՞ծ են եղել, թե՞ ոչ, կամ առհասարակ՝ երբ են զենքերը հանձնել զինապահեստ: Նա միայն հստակ նշեց, որ այդ քննարկումը ներսում հաջորդիվ օրերին ունեցել են, թե ինչու զինված չէին, որովհետեւ միգուցե որ լինեին, կարող էր կանխվել քաղաքացիների ներխուժումը կառավարության շենք: Բայց, արի ու տես, որ հետո՝ գցել-բռնել են, կառավարությունում ուրախացել են, որ այդպես է եղել: Համենայնդեպս, այսպես փաթեթավորեց իր խոսքը Մ. Գեւորգյանը:
ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՏԱՐԻՆԵՐ ՏԵՎԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՈՒ ՉՊԱՐԶՎԱԾ ՀԱՐՑԵՐ
Ոչ պակաս հատկանշական էր պաշտպանական կողմի փաստաբաններից մեկի հարցը Մ. Գեւորգյանին, թե իրեն ուղղված վիրավորանքներին կամ գործողություններին որեւէ կերպ հակադարձե՞լ է:
«Ինձ թվում է` ինձ նայելով կարող եք հասկանալ, որ ես չէի կարող նման կերպ իրենց պատասխանել… Ի դեպ, նաեւ ծնողներիս են հիշատակել՝ այն դեպքում, երբ իմ ծնողները մահացած են, որեւէ ձեւով համապատասխան արձագանք չի եղել: Եղել է խնդրանք, համոզել, որ դուրս գան շենքից», - ինչ խոսք, կարելի է անգամ հուզվել Մ. Գեւորգյանի այս խոսքերից, եթե չհիշենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերի մասին ականատեսներից մեկի հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին՝ կրկին Փաշինյանի այն ժամանակվա խոսնակի մասին. «Երբ մտնում էինք կառավարության շենքի ներս, այդ աղմուկի մեջ լսում եմ, որ մեկն անիծում է, ասում է՝ սատկեիք։ Ես դեռ չէի տեսել, թե ով է, բայց ձայնը լսեցի։ Սկզբից ով մտել էր, ամեն մեկը տարբեր կերպ ռեակցիա տվեց իր այդ խոսքերին: Հետո ես տեսա, որ ինքը համազգեստով տղերքին է ասում՝ սատկեիք»։
Իսկ թե այսօր մեղադրյալներից որեւէ պահանջ ունի՞ Մանե Գեւորգյանը, նա նշեց, որ՝ չունի՝ ո՛չ նյութական, ո՛չ բարոյական առումով: Բայց նրա հարցաքննությունը մնաց անավարտ. վերջինս հակված է այլ մանրամասնություններ հիշել, ավելին՝ հետաքրքրվեց դատարանից, թե կարո՞ղ է 5 մեղադրյալներից բացի, այլ մարդկանց դեմ էլ ցուցմունք տալ, ինչը դատարանը բացատրեց, որ այս դատական գործի շրջանակի հետ դա կապ չունի:
Դատական նիստից հետո՝ «Իրավունք»-ը փորձեց մի շարք հարցերի պատասխաններ ստանալ ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՑ:
— Դեպքից անցել է՝ 5 տարի, չե՞ք ներել մարդկանց, ովքեր եկել էին կառավարության շենք՝ պատասխան պահանջելու:
— Խնդրում եմ էլի, ի՞նչ կապ ունի՝ ես ներել եմ, թե չեմ ներել:
— Դատարանում ուսումնասիրված տեսանյութերից եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ միայն Դուք էիք հայտնվել կառավարության աշխատակազմից ժողովրդի մեջ: Չե՞ք կարծում, որ Ձեզ «պաստավա» է արել իշխանությունը:
— Չէ չէ, ոչ մի դեպքում:
— Այսօրվա դիրքերից, եթե նայենք՝ էլի նույն կերպ կվարվեի՞ք:
— Հետո էլի, մեկ ուրիշ անգամ, թող ավարտվի, կխոսենք:
— Ձեր ցուցմունքի պատճառով մեղադրյալներից մեկն արդեն 5 տարի է զրկված է իր անչափահաս երեխային տեսակցելու հնարավորությունից: Մեղքի զգացում չունե՞ք:
— Ես էլ շատ խնդիրներ ունեմ:
Խուսափելով հարցերին պատասխանել՝ Մանե Գեւորգյանը հեռացավ՝ մեղադրող դատախազի ավտոմեքենայով: Իսկ ընդամենը երկու տարի առաջ նույն Մանե Գեւորգյանը հուզիչ գրառում էր անում ու նշում. «Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր»։ Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխվել Եվրոպական դիտորդական առաքելությունը նրա կյանքում:
Այսպիսով՝ Մանե Գեւորգյանի ցուցմունքը՝ որպես միակ կառավարության ներկայացուցիչ, ով 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտնվել է զայրացած քաղաքացիների առջեւ, բացահայտում է ոչ միայն այդ օրվա ճակատագրական ընթացքը, այլ նաեւ այն պետական անգործությունն ու կադրային անպատրաստությունը, որ թերեւս նպաստեցին լարված իրավիճակի սրացմանը։ Գեւորգյանի հիշողություններում բազմաթիվ հակասություններ եւ անճշտություններ են, որոնցով, ըստ ամենայնի, հնարավոր է եղել հիմնել քրեական գործեր՝ անհատների դեմ, ովքեր տարիներ շարունակ ենթարկվել են խափանման միջոցների՝ առանց բավարար ապացույցների։
Դատարանում ցուցմունքների ժամանակ անընդհատ ի հայտ եկող հիշողության սայթաքումները, վկայությունների վրա դատախազի ակնհայտ ազդեցությունը, ինչպես նաեւ պաշտպանների հարցերին Գեւորգյանի զգացմունքային ու երբեմն փակ պատասխանները՝ հանրության առջեւ նորից բացում են հին հարցը. արդյո՞ք պետությունը միտումնավոր զոհաբերում է անհատների՝ իր պատասխանատվությունից խուսափելու համար։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ