Մոսկվան և Կիևը նոր հանդիպում կանցկացնեն Ստամբուլում, մեկնարկը սպասվում է 14։00-ին

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները երկուշաբթի օրը Ստամբուլում կանցկացնեն ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպման մեկնարկը սպասվում է ժամը 14:00-ին՝ Չիրաղան պալատում։
Նոր հանդիպման մասին մայիսի 28-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսական կողմը, ինչպես պայմանավորվել էինք, օպերատիվ կերպով մշակել է համապատասխան հուշագիր, որը ներկայացնում է մեր դիրքորոշումը ճգնաժամի խորքային պատճառները վստահորեն հաղթահարելու բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Մեր պատվիրակությունը՝ Վլադիմիր Մեդինսկու ղեկավարությամբ, պատրաստ է ներկայացնել այդ հուշագիրը Ուկրաինայի պատվիրակությանը և տալ անհրաժեշտ բացատրություններ ուղիղ բանակցությունների երկրորդ փուլում, որը կկայանա Ստամբուլում առաջիկա երկուշաբթի օրը՝ հունիսի 2-ին», - նշել է նա այդ ժամանակ։
Իր հերթին, Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ Ուկրաինան շահագրգռված է Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակության հարցում։
Բանակցություններին հետևելու համար միջազգային լրատվամիջոցների ավելի քան 100 ներկայացուցիչներ են ժամանել Ստամբուլ։