Սրբապղծություն՝ առանց հետեւանքների՞
Մշակութային
Նիկոլական դերասան ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ կիրակի օրը հայտնվել է Մարմաշենի վանքում, սադրել եւ հայհոյել օծյալ քահանային` բազմության աչքի առաջ, պահանջել հոգեւորականից եկեղեցու «կադաստրի թուղթ»... Սա ֆիկսված է նաեւ նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ: Մինչդեռ իրավապահները ո՛չ տեսել են, ո՛չ լսել: Իսկ Գնել Սարգսյանն առ այս պահը ձերբակալված չէ, նրա դեմ հարուցված քրեական գործի մասին եւս հայտնի չէ:
Ըստ «Ազգային» ՀԿ նախագահ, ռազմաքաղաքական անկախ վերլուծաբան Բագրատ Մովսեսյանի, Գնելի խոսքերը «կադաստրի թղթի մասին» պատահական չէին. «Այս անբարո քաղաքական ուժը տանում է Հայաստանը ուկրաինացման ճանապարհով. բոլոր եկեղեցիները կարող են ցանկացած ժամանակ խլել Սուրբ Էջմիածնի հովվապետությունից եւ նույնիսկ ստեղծել առանձին կառույց՝ Հայաստանի Հանրապետության եկեղեցի: Ցավալի փաստ է, որ հայկական վանքերի մեծ մասը պատկանում է միայն պետությանը, եւ, փաստացի, սրանք կարող են գնալ ամենաստոր քայլերի։ Այս ամենը սկսվել է դեռ 2 տարի առաջ, երբ Վեհափառին զրկեցին եթերից իսկ Առուճի տաճարը դարձրեցին համերգասրահ...»:
Մովսիսյանի գնահատմամբ՝ ժամերի հարց է, որ «ընդդիմություն» կոչեցյալն ԱԺ-ում օրենքի նախագիծ անցկացնի, որով հայկական բոլոր վանքերը տրամադրվեն Էջմիածնին՝ գոնե համատիրության ձեւաչափով՝ առանց օտարման իրավունքի։ «Հավաքեք ժողովրդին Ազգային ժողովի դիմաց եւ անցկացրեք այդ օրենքը։ Գոնե դրանով կվերականգնեք ձեր վարկանիշը եւ կփրկեք Մայր Եկեղեցին կազմաքանդումից...», - առաջարկել է նա: