Ճշմարտությունը հաղթելու է, խավարի որդիները փախչելու են. Տեր Մաշտոց քահանա Հակոբյան
Հասարակություն
«Եկեղեցուն և եկեղեցականներին հալածել են և կհալածեն խավարամիտ մարդիկ, հալածել են հանուն իր վարդապետության, հանուն ազգաշեն գործերի, հանուն հայապահպանության և նույնիսկ հանուն սիրո, որ վայելում է իր զավակների կողմից։ Ընդորում որքան եկեղեցին հզորացել է, որքան մեր հոգևորականներն ազգանվեր ծառայություն են ունեցել, այնքան ավելի է բորբոքվել ազգադավերի նախանձն ու կեղծիքը։ Եվ հիմա էլ, այս օրերին Եկեղեցու հասցեին հնչեցրած կեղծ բնութագրումները ցույց տվեցին, որ ոչ միայն ազգուրացների հետ գործ ունենք, այլ նաև անգրագետների և մոլորյալների։ Անգրագետների, որովհետև չեն գիտակցում, որ շինծու մեղադրանքներով և հորինված կեղծիքով խոսել Հայ Եկեղեցու և հայ հոգևորականի մասին անիմաստ է։
Հայ Եկեղեցին Սուրբ է իր Հիմնադրով՝ իր Երկնային Տիրոջով, և անսասան է իր հավատարիմ զավակներով, ի գինս նվիրյալ հոգևորականաց թափված արյամբ։
Հայ Ժողովրդի պատմությունից տեղյակ յուրաքանչյուր անձ գիտի, որ Հայ Ժողովրդին սպառնացող յուրաքանչյուր արհավիրքում, եթե ոչ գլխավոր, ապա առաջնային դերակատարություն է ունեցել և ունի Հայ Եկեղեցին, իսկ իշխանավոր հիերարխիան շատ անգամ կամ բանակցել է թույլ, կամ ի վնաս հայրենիքի։ Ուստի ինչպիսի անհեթեթ մեղադրանքներ էլ հնչեցնեն որոշ իշխանավորներ (ամոթ է, որ սա կարող է լինել առաջին դեմքերի կողմից) միևնույն է ճշմարտությունը հաղթելու է։ Լույսը կբացվի և խավարի որդիները փախչելու են….
Իմ սիրեցյալ քույրեր և եղբայրներ, աղոթում եմ մեր Հայրենիքի համար, այն յուրաքանչյուր հայորդու համար, ով իրեն իրապես Հայ է զգում, ով իրեն Հայ Առաքելական Եկեղեցու զավակ է համարում՝ իր հոգով, մտքով, գործով։ Մերժենք մոլորությունը և մոլորյալներին` անտեսելով իրենց չար լեզուն և խավար միտքը», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՄԱՇՏՈՑ քահանա ՀԱԿՈԲՅԱՆԸ: