ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՄԱՐԶԻԿ ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ, ՏՈՏՂՈՍԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հուլիսի 13-ին Երևանում կայանալիք MIX FIGHT 58-ում հայտնի են հերթական մենամարտի մասնակիցները։ Հայաստանը ներկայացնող, ծնունդով Վանաձորից, պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ WKN Intercontinental տիտղոսի համար կմրցի ազգությամբ ռուս Վլադիմիր Պալչենկովի հետ։ Ավելի վաղ հաստատվել էին Նարեկ Գաբրիելյան ֊Մարցին Բանդել /Գրեփլինգի գոտեմարտ /, Արման Ավանեսյան֊Լուիս Կարլոս Բրիտո /MMA /, Մաքսիմ Խաչատրյան ֊Մուհամեդ Ասադի /MMA /զույգերը։ Հիշեցնենք, որ MIX FIGHT 58-ում կկայանա 12 մենամարտ, որից 8-ը MMA - ի կանոններով։
Iravunk. com - ի մարզական լրագրողը բացառիկ զրույց է ունեցել տիտղոսային մենամարտի պատրաստվող ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆԻ հետ։ Նա նշեց այսպես.
- «Հանդես կգամ 70 կգ քաշային կարգում։ Շատ լավ եմ տրամադրված, մարտական, միայն հաղթական տրամադրությամբ։ Մրցակիցս ազգությամբ ռուս Վլադիմիր Պալչենկովն է, բավականին փորձառու մարզիկ է։ Պրոֆեսիոնալ ռինգում ունի 13 հաղթանակ ու 7 պարտություն։ Իսկ ես ունեմ 6 հաղթանակ, 3 պարտություն։ Շատ ուրախ եմ, որ վերջապես ես էլ պիտի տիտղոսային մենամարտ ունենամ, շատ երկար էի սպասել։ Ջանք չեմ խնայի, լավ կպարապեմ, որպեսզի կարողանամ հաղթել։ Հուսով եմ, ամեն ինչ լավ կստացվի»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



