Իսկ Փաշինյանը չի պատրաստվում ներողություն խնդրել հայ հավատացյալներից
Ներքաղաքական
Երեք օր է Փաշինյանը թիրախում է պահում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Հետաքրքիր է, որ պայքարի տեսանկյունից Փաշինյանը կարողանում է միայն կռվել իր հայրենակիցների հետ, բայց չես տեսնի նույն ոգեւորությունը թշնամի պետությունների հարցում, որոնք նրան այնքան են ստորացրել, որ դա անդրադարձ է ունեցել նաեւ հայ ժողովրդի վրա։
Փաշինյանը կառավարության նիստում մեր եկեղեցիները համեմատեց չուլանների հետ ու իր խոսքն անգամ այնպես չկառուցեց, որ ոչ թե որոշ եկեղեցիներ ունենալով թափրտված տեսք վերածվել են չուլանի, այլ ընդհակառակը՝ ուղիղ տեքստով նսեմացրեց մեր եկեղեցին ու դրանից հետո ոչ մի անգամ ներողություն չխնդրեց՝ վարչապետին ոչ հարիր խոսակցական համեմատությունների համար։ Ու երբ Փաշինյանը տեսավ, որ հանրությունը լուրջ դժգոհություն է հայտնում, այդ թվում նաեւ հոգեւորականներն են վիրավորված գրառումներ կատարում, նա ընտրեց ալիքները թեքելու իր հայտնի մեթոդին՝ թիրախավորելով կոնկրետ հոգեւորականների ու ոչ ընդհանրական հայհոյախոսություն տարածելով եկեղեցականների հասցեին։
Հիմա այս վիրավորանքի համար ո՞վ է պատասխանատուն, միգուցե իրեն Հիսուսի տեղը դրած Փաշինյանը գոնե մեկ անգամ հավաքի իր տղամարդկությունն ու հայտարարի՞, որ իր ձեւակերպման մեջ եթե չասենք լկտի, գոնե ոչ այդ մակարդակի պաշտոնյային հատուկ լեքսիկոն է օգտագործել։ Թեպետ ոչ ոք չի բացառում, որ վաղը աչքերը կլորացրած կասի՝ ե՞ս եմ նման բան ասել, չեմ հիշում... Ինչեւէ մանիպուլիացիայի պետք չէ տրվել, Փաշինյանը իսկապես վիրավորել է մեր սրբությունները ու շարունակում է նսեմացնել մեր սուրբ եկեղեցին։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ