Կլինիկական վտանգավոր իրավիճակ. Հակոբ Ավետիքյան

«Հավելյալ ապացույցներ պե՞տք են փաստելու համար, որ երկիրը ղեկավարող անձը գտնվում է հոգեմտավոր խանգարմունքի մեջ, այն էլ ծայրահեղ ստադիայում։ Շիզոֆրենիայի եւ հարակից շեղումները նրա,- մասնագետները թող ախտորոշեն,- ամեն առավոտ դրդում են նրան այլանդակ գրառումներ կատարելու համացանցում, մինչ կնիկը հերթափոխը ստանձնում է երեկոյան՝ սրտատրոփ սպասելով արձագանքների, անգամ՝ հայհոյանքների։
Հայ եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին ու Եկեղեցու սպասավորներին նշավակելու փուլը դեռ չի ավարտվել։ Կարծեք վերադարձել ենք միջնադարյան խավարամտության գիրկը, որտեղ կատաղի պայքարներ էին գնում գնդասեղի գլխի վրա քանի՞ հրեշտակ կարող է տեղավորվել հարցի շուրջ, կամ Քրիստոսի աստվածայի՞ն, թե մարդկային բնույթի վերաբերյալ։
Արաբերենում մի բառ կա, որը թուրքերը փոխ են առել արաբներից՝ սերսերի, այսինքն՝ տխմար։ Այդ բառը նրանք օգտագործում են սովորական մարդկանց բնորոշելու համար, խեղված մարդկանց համար։ Իսկ եթե օգտագործեն հանրային կամ պետական մարդկանց համար, ապա, ինչպես սփյուռքահայերն են ասում, «այդ մարդը վերջացած է»։
Վերջացած մարդու հետ է մեր գործը, վերջացած՝ որի հրդեհավտանգ լինելը վերջացած չէ։ Ամենեւին։ Բարեբախտաբար, այս սերսերիի պարագայում, Հայաստանը միջուկային զենք չունի, այլապես պատկերացնո՞ւմ եք ի՞նչ կաներ….
Այսուամենայնիվ, նա կա, պայթյունավտանգությունը՝ նույնպես։ Նրան մոտիկից, շատ մոտիկից պետք է հսկեն Ազգային անվտանգության ուժերը, դատական մարմինները, Սահմանադրական դատարանը, համապատասխան մյուս մարմինները, կառավարության անդամները, հարազատները, կուսակիցները։ Այդ մարդիկ պետք է լավ իմանան, որ պատասխանատվությունը կրում են իրենք՝ իրենց շեֆի յուրաքանչյուր արարքի, ամեն մի աղետի համար։ Եվ ոչ մի արդարացում չեն ունենալու։ Զղջումի, ուրացումի, «մենք չէինք՝ ինքն էր» արդարացումի ոչ մի փորձ, ատամների ոչ մի կրճտում չի փրկելու իրենց», - գրել է «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ: