Ռուսաստանը դարձել է Իրանում խոշորագույն օտարերկրյա ներդրողը
Միջազգային
Անցյալ տարի Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տեղը Իրանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ծավալով։ Այս մասին հայտնել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դիվանագետը նաև կիսվել է, որ Իրանում գազային նախագծերում ռուսական ներդրումների ծավալը կկազմի 8 մլրդ դոլար, որից 5 մլրդ դոլարը նախատեսված է Մոսկվայի և Թեհրանի միջև նախկինում ձեռք բերված պարտավորությունների համար։ Ջալալին նշել է՝ շուտով պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մնացած պայմանագրերի շուրջ։
Դեսպանը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները ներկայումս գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակի վրա, և այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ։ «Այդ կապակցությամբ առաջիկայում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան»,-ասել է Ջալալին։