Գժի հերթական գույժը չուշացավ. Ալլա Հակոբյան

Այսօրվա լրահոսից տեղեկացա, որ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կլուծարվի»: Կարծես թուրքի «բայրաքթարը» պայթեց ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված «Անհայտ Զինվորի» տապանաքարի վրա, որի վրա արձանագրված է. «ԱՆՈՒՆԴ` ԱՆՀԱՅՏ Է, ՍԽՐԱՆՔԴ՝ ԱՆՄԱՀ», եւ ուր 1970 թվականից վառվում է հավերժական կրակը:
Արագ-արագ կարդացի պաշտոնական հաղորդագրությունը. «Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ՝ ՄԻԱՑՆԵԼՈՎ «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
Հիշեցնեմ, որ սրանք «ԱԶԳԱՅԻՆ» բառը հանեցին պետական ակադեմիա, օպերա, գրադարան, պատկերասրահ անվանումներից: Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող ՀՈՒՇԱՐՁԱՆԸ կամրացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը»: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սրանք ի՜նչ են անում: Կազմաքանդեցին Հայոց Բանակը, այժմ էլ կայացած, տարիներ շարունակ գործող ՀՀ Պաշտպանության Նախարարության ենթակայության ներքո գտնվող «Մայր Հայաստան» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ թանգարանը սարքում են ԿՑՈՐԴ` «Որոշման արդյունքում կստեղծվի «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» ՄԱՍՆԱՃՅՈՒՂ»:
Եւ դա՛ էլ դեռ վերջը չէ... Ընթերցեք հաղորդագրության շարունակությունը. ««Հաղթանակ» զբոսայգու տարածքում գտնվող ՀՈՒՇԱՐՁԱՆԸ կամ¬րաց¬վի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:»: Թե ինչո՞ւ գործող ռազմական ԹԱՆԳԱՐԱՆԸ պետք է դառնա ընդամենը «Հայաստանի պատմության թանգարան»-ի «ՄԱՍՆԱՃՅՈՒՂ», իսկ նրա վերեւում գտնվող ԱՐՁԱՆՆ էլ պետք է ամրացվի մեկ այլ կառույցի` «ԿԳՄՍ» կոչված նախարարությանը, ՀԱՅԸ անմիջապես կռահում է... Սրանք, որ միահամուռ ուժերով մի հատ դպրոցի, կամ մանկապարտեզի «душ» չեն կարողանում տեղադրել, պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ վիճակի են ուզում հասցնել թե՛ թանգարանը, թե՛ արձանը` մեկը մյուսից ՄԱՍՆԱՏԵԼՈՎ եւ ԱՆՋԱՏԵԼՈՎ: Արդեն իսկ պատկերացնում եմ, թե ինչպես կկատարվեն` որպես ճարտարապետական կառույց` ընդհանուր, սակայն մասնատված` որպես այս կամ այն գերատեսչության տակ գտնվող, այս հուշարձանների ընթացիկ կամ հիմնական նորոգումները:
Ի՞նչն է խնդիրը... Որպեսզի Հայաստանում թանգարանների ցանկում այլեւս չլինի՞ առանձին «ՌԱԶՄԱԿԱՆ պատմության թանգարան»: Նենգորեն ալիեւի-էրդողանի դիմաց փոչ խաղացնելով ձգտում եք նաեւ այդպե՞ս հաճոյանալ դրանց: Ավելի քան վստահ եմ, ձեռքներդ ճար լինի առհասարակ կվերացնեք ե՛ւ թանգարանը, ե՛ւ «Մայր Հայաստան» հուշարձանը, ե՛ւ «Անհայտ Զինվոր»-ի գերեզմանը ե՛ւ Ծիծեռնակաբերդը... Բայց, Փա՜ռք Աստծո, դեռ էդքան չկաք...
Հիշեցնեմ մի հատված մայիսի 29-ի Կառավարության նիստից` ՀՀ «վարչապետ» կոչվածի լկտիության «мастер класс»-ից. «իրականում ՏԵՐԸ ԷԴ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ եւ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ Կառավարությունն է»: Նկատում եք, չէ՞, թե ինչպես սահուն հեղափոխական կարգախոսը. «ՄԵՆՔ ենք տերը մեր երկրի» դարձավ «ՏԵՐԸ ԷԴ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ եւ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ Կառավարությունն է»:
Եւ այսպես, ընդամենը մեկ շաբաթ անցավ մայիսի 29-ին արված այս հայտարարությունից հետո, եւ ահա այսօր, արդեն ա՛յս բոթն էլ վրա հասավ` եկեղեցիները «իրենով անելու» ցանկությունից բացի այս տարրը որոշեց նաեւ «ՌԱԶՄԱԿԱՆ պատմության թանգարան»-ն էլ մտցնել հարկերի տակ: Եւ նույնիսկ չկասկածեք, որ մեր` ԱՆՎՃԱՐ գործող, ՌԱԶՄԱԿԱՆ թանգարանը, դառնալով «Հայաստանի պատմության թանգարան»-ի «ՄԱՍՆԱՃՅՈՒՂ», անպայման կդառնա ՎՃԱՐՈՎԻ... Հիշո՞ւմ եք, թե նշված նիստի օրը ինչպես գռգռված էր խոսում Հայաստանում «ՁՐԻ» գործող հիմնարկների մասին: Հիշեցնեմ այդ օրվա «мастер класс»-ի եւս մեկ փայլատակում. «Ամեն ինչը պիտի ԳՆԱՆՇՎԱԾ լինի»... Այնպես որ, մոռացեք, որ ձեզ խաբում էր եւ ասում, որ «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»: Սրա համար ՀՀ քաղաքացին առհասարակ ոչինչ է...
Հիշեք, թե ինչպես 2021 թվականի ընտրարշավի ժամանակ` մուրճը ձեռքին` մեր եռագույնը «տարոսիկ»-ի պես վրան կապած «ֆռֆռում» էր փողոցներով...
Հենց ա՛յդ մուրճով էլ մեխեցիր քո՛ պատճառով զոհված հայորդիների դագաղները... Հիշեք, թե ինչպես մեր հայորդի զոհերին պլյուս-մինուս 50-ով էր հաշվում...
Հիշեք, թե ինչպես ժպիտը դեմքին անամոթաբար հայտարարում էր, որ մեր գերիները մի երկու ամիս էլ կսպասեն... Հայ ա՛զգ, գերիներիդ մասին հիշո՞ւմ է...
Ո՛չ... Ինչո՞ւ պետք է հիշի, եթե դո՛ւ սրան ամեն ինչ ներում ես... Եթե 2021 թ. խայտառակ «ընտրություններից» հետո էլ թողեցիր սրան իշխանության...
Իսկ ինքը շարունակում է քանդել...
Քանդո՛ւմ է ամեն ինչ... Քանդո՛ւմ է ամեն օր... Իսկ դո՛ւ, ա՛զգ, ներում ու հանդուրժում ես այս անիրավին... Ի՞նչ է, պետք է Վանի վալի (նահանգապետ) Էնվերի փեսա` Ջեվդեթ բեյի պես, նաեւ ներբաննե՞րդ պայտի, որ հասկանաս, որ նա թշնամի՛ է... Հա՛յ ազգի թշնամի...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ