Հայաստանում գիտական տուրիզմը զարգացնելու համար կան մեծ ռեսուրսներ
Արխիվ 16-20
Հայաստանում գիտական տուրիզմը զարգացնելու, ոլորտի նկատմամբ զբոսաշրջային գործակալությունների եւ զբոսաշրջիկների հետաքրքությունը մեծացնելու նպատակով արդեն տեւական ժամանակ է, ինչ Հայկական աստղագիտական ընկերության ջանքերով ճանաչողական տարբեր այցեր են կատարվում Հայաստանի գիտական այցելավայրեր`զբոսավարների, ուսանողների եւ տուրիզմի ոլորտի մասնագետների մասնակցությամբ: Օրերս տեղի ունեցած հերթական այցելությունը «Մածամոր» պատմահնագիտական արգելոց- թանգարանն էր:
«Իրավունքի» հետ զրույցում Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ նկատեց, որ Հայաստանում գիտական տուրիզմն այդքան էլ զարգացած չէ, սակայն զարգացնելու համար կան մեծ ռեսուրսներ, քանի որ Հայաստանը գիտական վայերի պակաս չունի. «Դեպի Մեծամոր սա առաջին այցելությունն է, սակայն այսպիսի մի շարք այցելություններ ենք կատարել Հայաստանի գիտական այցելավայրեր: Դրանք այն պատմական հնավայրերն են, ժամանակակից գիտական հիմնարկները, որտեղ ցուցադրելու բավականին նմուշներ կան: Օրինակ Բյուրականի աստղադիտարանը վաղուց զբաղվում է գիտական տուրիզմով, այսինքն, ընդունում է տուրիստական խմբեր: Մյուս գիտական հիմնարկները կարելի է ասել նման բան չեն կազմակերպել: Սա հարմար առիթ է, որպեսզի միմյանց աջակցելով , մեր փորձը փոխանակելով կարողանանք դա կազմակերպել»,-փաստեց Ա Միքայելյանը: Մեր զրուցակցի խոսքով`նման այցելությունները շարունակական կլինեն:
«Մածամոր» պատմահնագիտական արգելոց- թանգարանում զբոսավարները ծանոթացան թանգարանում պահվող ցուցանմուշների պատմությանը, այնուհետեւ այցելեցին Մեծամորի պեղավայր, որտեղից պեղումների արդյունքում հայտնաբերվել են թանգարանում պահվող արժեքավոր ցուցանմուշները:
Ճանաչողական այցի վերջում բազմաթիվ զբոսավարներ խոստացան, որ Մեծամորը կներառեն այն այցելությունների ցանկում, որտեղ պետք է այցելեն զբոսաշրջիկները: Նրանց խոսքով` գիտական տուրիզմով հետաքրքվող զբոսաշրջիկների շարքում նաեւ գերմանցի զբոսաշրջիկներն են:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ