ԲՀԿ-ական պատգամավորի գյուղապետ եղբայրը տեղյակ չէ գյուղում կատարվածից
Արխիվ 16-20
Նախօրեին ուշ գիշերով Արարատի մարզի Մխչյան գյուղում հնչած կրակոցներից` Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը տեղեկացել է միայն առավոտյան` լրատվամիջոցներից: Այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց անձամբ Պողոսյանը նկատելով. «Կհավատաք, որ ես էլ Ձեզ նման առավոտյան եմ լրատվամիջոցներից իմացել կրակոցների մասին, բայց տեղեկացա, որ դեպքի մասնակիցները մեր գյուղից չեն, էդքանը մենակ կարող եմ ասել»:
- Բայց Ձեր գյուղում են չէ՞ հնչել կրակոցները, չե՞ք պատրաստվում հետքրքրվել:
- Դե դա ի՞նչ կապ ունի, ես տեղյակ չեմ, մեր գյուղացիներից մարդ չկա, ինչ հետաքրքրվեմ:
Գյուղում կատարվածից անտեղյակ գյուղապետը ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրն է:
Հիեցնենք, որ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաեւ կրակոցներ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, ոստիկանները նշված վայրում զննություն են կատարել, որտեղ հայտնաբերել են մի քանի բջջային հեռախոսներ եւ ծալովի դանակներ:
Այդ ընթացքում Արտաշատի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնեւմոթորաքս հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ում իրենք առաջինը բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Իրավապահները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Հրանտ Պ.-ն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալու։
Ժամեր անց Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նշված հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Հրանտ Պ.-ի եւ 41-ամյա Տիգրան Պ.-ի միջեւ, որի ժամանակ էլ Տիգրան Պ.-ն մարմնական վնասվածքներ է պատճառել Հրանտին:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արտաշատի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Տիգրան Պ-ն մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արտաշատի բաժին։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ