Այսօր Արցախյան ազտամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է
Արխիվ 16-20
«Մենք մինչեւ հիմա միայն հանձնել ենք հողերը թշնամուն` մեր գյուղերը, հողերը, եւ հոգեբանությունը այնպիսին է, որ դիմադրողական ոգին շատ թուլացել է ազգի մեջ: Այդ պատճառով էլ նույնիսկ գտնվում են մարդիկ, որոնք լինելով բարձրաստիճան` կառավարական եւ այլ մակարդակով, մտածում են, թե մենք պետք է մեր Հայ Դատից հրաժարվենք: Դա նրանից է, որ մեր ազգի մտավորականությունը հիմնականում ցածր ոգու տեր մարդիկ են, մարտնչելու ձեւն ու հոգեվիճակը չգիտեն: Դրա համար այդպիսի բաներ կարող է պատահի, շատ կա: Իսկ այստեղ փաստորեն ֆորպոստն է մեր ազգի` Գետաշեն, Շահումյան, Արցախ, մնացած վայրերը, ինքը` Զանգեզուրը: Դրանք գտնվում են անմիջապես ոչնչացման վտանգի տակ, եւ սա դատարկ խոսք չէ, իրոք այդպես է: Ցանկացած պահի մի փոքր կազմակերպված ուժ կարող է կտրել, կատարել հարձակում եւ կրկնել 1915 թիվը` հեշտությամբ կատարել: Դրա համար մեր ազգի մարդիկ հավաքվել են հիմա եւ կազմում են տարբեր գաղափարների տակ զինվորական, զինված ջոկատներ: Այս ընթացքում կատարվեց սելեկցիա` ընտրում: Մնացին նրանք, ովքեր իրոք վեր են կացել իրենց հողը պաշտպանելու, իրոք հասկանում են, որ չի կարելի հանձնել ոչ մի թիզ հող, իրոք որ սա Հայաստան է: Ինչ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, կամ միջազգային, կամ ազգային գործիչները`ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵՎ ՎԵՐՋ...»
Այն ազգը, որ կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լիովին: Թուրքը կկորցնի՝ ուրեմն իրենք, Հայը՝ ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարեւոր հարցեր են լուծվում, սա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ...»
Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, ռազմական գործիչ, ֆիզիկոս ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԻ ծննդյան օրն է: Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 22-ին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների եւ հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի եւ Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել եւ իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երեւան ներթափանցման խոչընդոտումը։
Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ, սկզբում գործելով Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին, Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով, այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։
1992 թվականի հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղի մոտ զոհ գնաց թշնամու դավադիր կրակոցներից[1]։
Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Հ.Գ. Ի դեպ, նշենք, որ հերոսը մինչեւ այսօր Երեւանում չունի իր անունը կրող փողոց կամ որեւէ դպրոց:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ