«Սալենտո» կինոփառատոնի ֆիլմերից տեղեկանում ես, թե ինչ է տեղի ունենում աշխարհում
Արխիվ 16-20
«Նարեկացի» արվեստի միությունում արդեն երրորդ անգամ անց է կացվում «Սալենտո» միջազգային կինոփառատոնը: Միջազգային կարգավիճակ ստացած «Սալենտո» կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին Լուիջի Կամպանիլեի կողմից: Այս կինոփառատոնը ֆիլմերի հեղինակներին հարթակ է տրամադրում ներկայացնել իրենց ֆիլմերը ողջ աշխարհում, քանի որ այն անցկացվում է աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Նյու-Յորքում, Հոնկոնգում և այլն: Փառատոնի շրջանակներում հյուրընկալող երկրում ցուցադրվում են անկախ ռեժիսորների ֆիլմեր` որպես մշակութային հաղորդակցության ամենաարդյունավետ միջոց: Այդպիսով, նաև ուշադրություն է հրավիրվում այն ֆիլմերի վրա, որոնց հեղինակները փնտրում են իրացնողներ:
«Նարեկացի» արվեստի միությունում այս օրերին ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում նկարահանված, փառատոնի ներկայացված գեղարվեստական լավագույն ֆիլմերը:
«Սալենտո» միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությանը հաջորդեց «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում հաղթող ճանաչված «Սաավան» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է Պակիստանում, ռեժիսոր՝ Ֆահրան Ալամ, Պակիստան 2017, 138 րոպե տևողությամբ:
Նմանատիպ ֆիլմերը հայ հանդիսատեսին հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մեզանից շատ հեռու գտնվող մի երկրում տիրող մեզ համար այնքան խորթ վարք ու բարքերի, լեռներում, անապատներում ապրող մարդկանց կենսակերպի, սովորույթների ու բարոյական արժեքների մասին: Նույնիսկ անհնար է պատկերացնել, որ Պակիստանի աղքատ թաղամասերում ու գյուղերում մարդիկ կարող են ապրել այդպիսի պայմաններում:
Ֆիլմը 9-ամյա հաշմանդամ տղայի՝ Սաավանի մասին իրական պատմության վրա է հիմնված: Տղան ապրում է լեռներում գտնվող հովտում՝ ծնողների կողմից լքված, հասարակությունից վախեցած, հասակակիցների կողմից ծաղր ու ծանակի ենթարկված, ֆիզիկական արատի պատճառով միայնակ մնացած: Հիշողություններով և մայրական սիրո երազանքներով լցված, նա որոշում է վերադառնալ իր ընտանիքի մոտ և ուղևորվում է փորձություններով լի ճամփորդության դեպի մայրաքաղաք, որտեղ մեկնել էին ծնողները՝ իրեն թողնելով գյուղում:
«Սալենտո» միջազգային կինոփառատոնի նպատակն ի սկզբանե եղել է անկախ կինոյի զարգացումը։ Հիմնադիրը՝ Լուիջի Կամպանիլեն, ով ֆոտոթղթակից էր թերթում, որդու ծնվելուց հետո որոշում է անցնել նստակյաց կենսակերպի և ծնվում է այս փառատոնի ստեղծման գաղափարը:
Լուիջիի խոսքերով փառատոնին ամեն տարի ներկայացվում են հազարից ավելի ֆիլմեր ողջ աշխարհից, ընտրվում են լավագույնները՝ հաշվի առնելով ֆիլմի ասելիքը, դերասանական կազմի խաղը, և այն հանգամանքը, թե ֆիլմն ինչ արժեք է ներկայացնում: Ընտրվում են 10-12 գեղարվեստական, 20-25 կարճամետրաժ, 10 վավերագրական ֆիլմեր, և փառատոնի ընթացքում ցուցադրվում են տարբեր քաղաքներում՝ նպատակ ունենալով հանդիսատեսին ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում աշխարհի մյուս ծայրերում: «Սալենտո» միջազգային կինոփառատոնի շնորհիվ բազմաթիվ անկախ ֆիլմեր ներկայացվել են ամբողջ աշխարհում՝ հնարավորություն տալով հանդիսատեսին ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում նկարահանված տարաբնույթ ֆիլմերի միջոցով տվյալ երկրի մշակույթին, խոհանոցին, ավանդույթներին։
ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ