Երբ միջազգային պարտավորությունները ներխուժել ու դուրս չեն գալիս ընտանիքներից
Արխիվ 16-20
Եթե ընդամենը շաբաթներ առաջ մի շարք քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ զգուշացնում էին, որ «Ընտանիքում բռնության» եվրոպական «երանելի» արժեհամակարգին անցնելը ընդամենն առաջին քայլն է, որին հետեւելու են բազմաթիվ հաջորդ` մեկը մյուսից, մեղմ ասած, խնդրահարույց օրենքներ, շատերը պնդում էին, որ չի լինի այդպես: Մինչդեռ հաջորդ քայլն իրեն երկար սպասել չտվեց, եւ այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Նախագծով նախատեսվում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ ընտանեկան օրենսգրքում` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին եւ իրականացնելով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Իհարկե, երեկ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում վերոնշյալ նախագիծը բավական շտկումների ենթարկվեց` ԱԺ պատգամավորներ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի, հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի եւ Ջեմմա Բաղդասարյանի առաջարկների հիման վրա: Իսկ դեռեւս նախագծում մնացած որոշ մտահոգիչ դրույթների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆԻ հետ:
«ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԵՐՈՎ»
– Պարոն փոխնախարար, Ընտանեկան օրենսգրքում իրականացվող փոփոխության համաձայն, ծնողական իրավունքներից զրկելու կարգում ընդլայնվել է ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնող անձանց շրջանակը, ինչի վերաբերյալ լուրջ մտահոգություններ կան: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ավելի շատ ոչ թե ընդլայնվում է, այլ այդ շրջանակը հստակեցվում է: Մի դեպքը, որտեղ սահմանվում է ծնողական իրավունքներից զրկելու լրացուցիչ հիմք, այն է, երբ ծնողը չարամտորեն, հստակ ժամկետով խուսափում է ծնողական իրավունքները կատարելուց: Այդ պարագայում կարող է զրկվել ծնողական իրավունքներից: Կամ, մեկ այլ դեպքում, օրինակ, մեկ տարի առանց հարգելի պատճառների, երեխային չի վերցնում համապատասխան դաստիարակչական հիմնարկներից: Սա նշանակում է, որ եթե ծնողը ցանկություն ունի երեխայի նկատմամբ հոգ տանել, նրա խնամքը եւ դաստիարակությունը իրականացնել, այդ պարագայում գործնականում անհնար է, որպեսզի զրկվի ծնողական իրավունքներից: Իսկ եթե չի ուզում, ցանկություն չունի, եւ հարգելի պատճառներ չկան, այդ պարագայում մենք պետք է առաջնորդվենք երեխայի լավագույն շահերով եւ համապատասխան միջոցներ ձեռնարկենք:
– Հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ նշվեց, որ այն պետք է համապատասխանեցվի ընտանիքում բռնության մասին արդեն իսկ ընդունված օրենքի հետ: Կարո՞ղ է վաղն էլ, ինչպես ընտանիքում բռնության մասին օրենքում, ինչ-որ մեկն անանուն հայց ներկայացնի, ասենք, զրկի ծնողներին ծնողական իրավունքներից:
– Բացարձակապես չի կարող: Հակառակը` ուղղակի, հստակեցնում ենք այն, ինչ որ հիմա կա: Մենք այն մարմիններն ենք հստակեցնում, թե ով կարող է դիմել, եւ ով է պարտավոր դիմել, սա է խնդիրը: Որեւէ ավել խնդիր չի ստեղծվում, եւ այս նախագիծը ընտանիքում բռնության մասին օրենսդրության հետ ուղղակի կապ չունի: Հանձնաժողովում, պարզապես, խոսվում էր, որ նույն տերմինաբանությունը պետք է կիրառել, եւ երբ խոսում ենք ֆիզիկական եւ հոգեկան բռնության մասին, այստեղ նույնպես պետք է լինեն նմանատիպ տերմիններ: Եվ այն համապատասխան պետք է լինի նաեւ երեխաների իրավունքների կոնվենցիային: Այնպես որ, մեխանիզմները այստեղ եւ այնտեղ տարբեր են:
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍԻ՞Ն
– Նախագծով ընդլայնվել է նաեւ սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը: Մասնավորապես` նշված է 10 տարին չլրացած երեխայի կարծիքը հաշվի առնելու մասին: Ինչպե՞ս պետք է որոշվի այդ կարծիքը մանկական «կապրի՞զ է», թե՞ հիմնավորված տեսակետ:
– Երեխայի իրավունքների իրականացման հետ կապված որոշում ընդունելիս, իհարկե, երեխայի կարծիքը պետք է հաշվի առնվի: Բայց սա չի նշանակում, որ պարտադիր է այդ կարծիքը, որովհետեւ այդ դեպքում մենք այլ ինստիտուտ ունենք` համաձայնության ինստիտուտը: Մենք այստեղ խոսում ենք բացառապես այն դեպքերի մասին, երբ պետք է կարծիքը հաշվի առնել: Այսինքն` երբ մինչեւ 10 տարեկան հասունությունը բավականաչափ մեծ է լինում: Օրինակ, հասուն երեխաներ կան` 5, 7, 8, 9, 10 տարեկան, որոնք կարողանում են իրենց կարծիքը, մոտեցումը ձեւավորել:
– Դուք նշում եք, որ երեխայի կարծիքը պետք է հաշվի առնվի, բայց այն պարտադիր չէ: Իսկ գուցե այդ դեպքում էլ նույն երեխան, հենվելով ընտանիքում բռնության օրենքի վրա, ասի, որ իրեն հոգեբանական բռնության են ենթարկում, ու իր կարծիքը չեն ընդունում: Ինչպե՞ս է այս խնդիրը լուծվելու գործնականում:
– Ոչ, սա ընդհանրապես կապ չունի: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ, օրինակ, որոշվում է` ամուսնալուծության դեպքում երեխան որ ծնողի մոտ պետք է բնակվի: Այստեղ երեխայի կարծիքը շատ կարեւոր է: Ուրիշ հարց է, որ մեխանիզմ դնենք, որպեսզի ծնողի կամ հոգեբանի ներկայությամբ կարծիք արտահայտի: Մենք այստեղ դրույթ ենք դրել, որ օրենքով նախատեսված դեպքերում պարտադիր է լինելու մանկական հոգեբանի կամ մանկավարժի եւ սոցիալական աշխատողի մասնակցությունը: Այս մեխանիզմը կարեւոր է, որպեսզի ճիշտ, օբյեկտիվ կարծիք ստանանք, ոչ թե լինի ծնողի ազդեցությունը: Բայց կրկնում եմ` թե երեխան որտեղ պետք է բնակվի` ծնողների ամուսնալուծությունից հետո, ինձ թվում է` առնվազն երեխայի շահերից ելնելով` պետք է հաշվի առնվի նրա կարծիքը:
ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՐԴԵԳՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅՏՆԻ Է ՄԻԱՅՆ 5 ՏԱՐԻ
– Պարոն Քրմոյան, պարզվում է` լուրջ բաց կա` օտար երկրներում որդեգրման հետ կապված, քանի որ չկա վերահսկող մարմին, թե ինչ է լինում որդեգրված ճակատագիր ունեցող երեխայի հետ կամ առհասարակ` ի՞նչ պայմաններում է ապրելու: Ինչպե՞ս պետք է կարգավորվի այս դաշտը:
– Մենք դրա լուծումն արդեն գտել ենք, ինչի համար աշխատում ենք կոնվենցիայի անդամ պետությունների հետ, որոնք կոնվենցիայի շրջանակներում ունեն պարտականություններ: Օրինակ, եթե երեխան որդեգրվում է այլ պետությունում, մենք առնվազն հինգ տարի սահմանված ձեւաչափով ստանում ենք համապատասխան տեղեկատվություն` երեխայի կյանքի, պայմանների, ընտանեկան դրության եւ այլն: Ընդ որում` սա անում են համապատասխան պետության կոնվենցիայի անդամ պետության վերահսկող մարմինները եւ մեզ տեղեկատվություն են ներկայացնում:
– Բայց հաշվի առնելով, որ օր օրի աշխարհում ահագնանում է երեխաների օրգանների վաճառքի մաֆիան, չե՞ք կարծում, որ կարիք կա հավելյալ վերահսկիչ մեխանիզմների ներդրման:
– Դրանք ուղղակի խոսակցություններ են, ինչն անհնար է: Հենց այդ երաշխիքներն ունենալու համար է, որ աշխատում ենք կոնվենցիայի անդամ պետություններում, որտեղ վերահսկողությունը շատ խիստ է: Մինչեւ իրենք համոզված չլինեն, որ տեղի մեխանիզմները բաց եւ թափանցիկ են, իրենք Հայաստանի Հանրապետությունից երեխա չեն որդեգրի: Այսինքն` իրենք էթիկական կանոներն ու նորմերն էլ են հաշվի առնում: Այդ մեխանիզմներն էլ ենք հաշվի առել այս նախագծով, որպեսզի օտարերկրյա որդեգրման առումով խնդիր չունենանք: Մենք համապատասխանեցնում ենք օրենսդրությունը կոնվենցիայի պահանջներին, նոր համադրման ինստիտուտներ ենք ներդնում` ելնելով երեխայի շահերից: Սա կոնվենցիայի պահանջն է, այլապես օտարերկրյա որդեգրում չենք ունենա, եթե մեր մեխանիզմները չհամապատասխանեն գործող կոնվենցիային:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ