Ի՞նչ նվերներ են միմյանց փոխանցել ՀՀ Նախագահն ու Հռոմի պապը
Արխիվ 16-20
ՀՀ Նախագահի նստավայրի «Ոսկեզօծ» դահլիճում կայացած Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի եւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցից հետո, արարողակարգի համաձայն, տեղի է ունեցել նվերների փոխանակում: ՀՀ Նախագահը Հռոմի Պապին է նվիրել «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանիկը: Ինչպես նաեւ Հանրապետության Նախագահը Ֆրանցիսկոս Պապին է փոխանցել Նախագահի նստավայրում Սրբազան Քահանայապետի այցի ժամանակ մարված եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ եւ չորս նամականիշ, որոնք ձեւավավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ: Ի դեպ, մեկ նամականիշով գեղաթերթիկը պատկերում է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի եւ Հռոմի Սբ Պետրոս տաճարի խորապատկերին, ինչպես նաեւ Պապի հայաստանյան այցին նվիրված տարբերանշանը եւ Ֆրանցիսկոս Պապի զինանշանը: Չորս նամականիշով մանրաթերթի խաչի տեսքով ձեւաչափը կրում է խորհրդանշական իմաստ՝ ցույց տալով առաջին քրիստոնեական երկիր Ֆրանցիսկոս Պապի կատարելիք այցը, իսկ մանրաթերթի չորս նամականիշերը պատկերում են Ֆրանցիսկոս Պապին՝ Հայաստանի կողմից Վատիկանին նվիրաբերած Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի, Երեւանի «Հայաստանը առաջին քրիստոնեական պետություն» անվանումով հուշարձանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի եւ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի գմբեթների ներսի խորապատկերներին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին նվիրված հուշամեդալ, որը նույնպես Ֆրանցիսկոս Պապը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից նվեր է ստացել: Հուշամեդալի դիմերեսին՝ Խոր Վիրապի վանքն է Արարատ լեռան ֆոնի վրա եւ Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու զինանշանները:
Իսկ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է Հայաստանի Հանրապետություն իր այցի առիթով հատուկ պատրաստված հուշամեդալի մայր օրինակը: