Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Կինը եւ գյուղատնտեսությունը» խորագրով ֆոտոմրցույթ
Արխիվ 16-20
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային ֆոտոմրցույթ`«Կինը եւ գյուղատնտեսությունը» խորագրով: Ֆոտոմրցույթի հիմնական գաղափարն ու նպատակն է բացահայտել հողագործ կնոջ կյանքի նուրբ եւ «կոշտ», բնությանն ու հողին անմիջապես շղթայված կողմերը, որտեղ կինն իր այն աշխարհում է, ուր թեեւ հոգսաշատ, սակայն իր համար անփոխարինելի գյուղական առօրյան ու կենցաղն է:
Մրցույթի կազմակերպիչներից ՆՈՒՆԵՆ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ երկրներում բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրերում կամ գյուղմթերքների արտադրությունում ավելի շատ ներգրավված են կանայք եւ այս մրցւյթով ցանկանում են ցույց տալ, թե որքան շատ է կնոջ դերը գյուղատնտեսության մեջ .«Մրցույթին կարող են մասնակցել բոլորը, տարիքային սահմանափակում չկա , շատ լուսանկարիչներ կան, որոնք մնում են ստվերում եւ այս մրցույթը հիանալի հնարավորություն է նրանց դրսեւորման հարթակ տալու համար»,-նշեց Նունեն:
Նրա տեղեկացմամբ, մրցույթի լուսանկարներն ընդունվում են մինչեւ օգոստոսի 15-ը, մրցույթին կարող են մասնակցել այնպիսի լուսանկարներ, որոնք դեռեւս որեւէ մրցույթի չեն մասնակցել.«Մրցույթին ուղարկվող լուսանկարները պետք է հստակ նկարագրեն կնոջ եւ գյուղական կյանքի կապը։ Մեկ լուսանկարիչը կարող է ուղարկել միայն մեկ նկար»։
Մրցույթի ավարտին լավագույն լուսանակարների համար նախատեսված է դրամական պարգեւներ: Լավագույն լուսանկարները նաեւ կներկայացվեն սեպտեմբերի 15-ին կայանալիք «Գյուղական կյանքի եւ ավանդույթների» 5-րդ փառատոնում`ցուցահանդեսի ձեւաչափով։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ