«Պիտի ոչ ասենք կեղծ արվեստին, ոչ թե փառաբանենք, որ մարդը ոչինչ չհասկանա»
Արխիվ 16-20
Գրականագետ, բ.գ.դ., ՀՀ գիտության վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ դիտարկմամբ այսօր արվեստում շատ ենք հեռվացել մերը` սեփականը ստեղծելուց: Ըստ նրա` անվերջ կրկնօրինակում ենք` մեզ դարերով եկած ժառանգությունն ու հարստությունն անտեսելով:
«ԱՐՎԵՍՏԸ ԱԶԳԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ»
«Մենք կարծես թե գնում ենք, այսպես ասած, մշակութային գրագիտության ճանապարհով, բայց տեսեք, այսօր Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտած, ասենք, բանասիրական բարձրագույն կրթություն ստացած մարդիկ անհամեմատ շատ են, սակայն նրանք բուն արվեստ չեն ստեղծում, որովհետեւ բնական այն կայծը` տաղանդը, որ, օրինակ, ուներ Ջիվանին` սրանք չունեն: Սրանք արհեստական ծաղիկներ են, մի քիչ նմանակում են սրան, մի քիչ` նրան: Չկա այն ինքնաբուխ տաղանդը, որ, ասենք, պոռթկա ինչպես ժամանակին Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը, Պարույր Սեւակը... Այսօր այս մակարդակի բանաստեղծներ չենք կարողանում ունենալ հենց այն պատճառով, որ ամեն մեկը դրսից ինչ-որ մի ձեւ է գտնում, սկսում է նմանակել եւ ուզում է դրանով հայ բանաստեղծ խաղալ, իբրեւ նորություն հայ իրականության մեջ: Ախր, այդպես չի ստեղծվում արվեստը, յուրաքանչյուր արվեստ նախ եւ առաջ ազգային բովանդակություն պիտի ունենա: Լավ հիշում եմ, մի օր Համո Սահյանը հեռուստատեսային ելույթի էր գնացել, չեխական արտադրության մի կոստյում էր հագել ու, ելույթի ընթացքում անդրադառնալով այդ կրկնօրինակումներին, մի լավ օրինակ բերեց, ասաց. «Հիմա, օրինակ, ասենք իմ հագած կոստյումը չեխական է, ես որ սա հագնեմ ու գնամ Չեխոսլովակիա, կարո՞ղ եմ չեխերին զարգացնել ու զարմացնել, իհարկե, ոչ, չէ՞ որ սա նրանցն է...»: Մենք մերը պիտի ստեղծենք իսկ մերը ստեղծելու համար Ջիվանին դիմեց այնքան հստակ, զուլալ ու մատչելի, դասական տառաչափական ձեւերին: Իսկ այսօր մարդիկ կարծում են, թե ձեւական նորությունները, եթե դրանք չեն առնչվում բովանդակության հետ, կարող են երկարակեցություն ունենալ»,- «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց գրականագետն ու վստահեցրեց, որ հայ գրականության նախորդ հսկաներն իրենց անունները սերունդներին թողնելու համար չէին դիմում ցենզուրայից դուրս գրականությանը.
«ՔԱՆՔԱՐԱՎՈՐ ԸՆԿԵՐԸ» ՋԻՎԱՆԻՆ ԳՐԵԼ Է ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
«Այսօր մնում են ստեղծած գեղարվեստական իրական ճշմարիտ արժեքները: Օրինակ` Ջիվանին այդ ճշմարիտ արժեքների կողմնակիցն է, նրա «Նվեր իմ մի ծանոթին» բանաստեղծությունը, որն առավել հայտնի է, որպես «Քանքարավոր ընկեր» անունով, ունի մի հայտնի պատմություն, որ Ջիվանին գրել է Իսահակյանի հետ ունեցած մի բանավեճի արդյունքում, որի մեջ նա ազնվորեն գնահատում է, բարձրացնում Իսահակյանին, նրան անվանում բարձր սար, իրեն` խեղճ բլուր, ինքն իրեն անվանում է գեղական ձի, իսկ Իսահակյանին` քաղաքացի... այդ համադրության ու հակադրության մեջ տեսնում ենք Ջիվանու մոտեցումը, ինքը շատ լավ գիտակցում էր իր դերը, իր արվեստի նշանակությունը շատ լավ գիտեր, եւ, ինքը պանդխտության մեջ ապրելով, օտարության մեջ ապրող հայ մարդկանց կոչ էր անում վերադառնալ հայրենիք»:
«ԻՆՉՈՒ ՊԻՏԻ ԱՅՍՕՐ ՇԻՐԱԶԻՑ ԱՆՏԻՊՆԵՐ ՄՆԱՑԱԾ ԼԻՆԵՐ»
Գրականագետը նաեւ շեշտեց, որ չի ընդունում այն ժամանակակից երիտասարդ գրողների պատճառաբանությունները, թե ժամանակն ու պայմանները չեն թողնում, որ իրենք հայտնի լինեն հանրության կողմից եւ, որպես ասածի լավագույն օրինակ, շեշտում. «1920-ական թվականներին Չարենցի հակառակ կողմում կային Ազատ Վշտունի, Գեւորգ Աբով, Նաիրի Զարյան, Դանչո, Մելիքսեթյան, չգիտես էլ ով, ինչ անուն ասես կար այդ ժամանակ, իսկ ո՞ւր են դրանք այսօր... Նրանք մնացին եւ այսօր հիշվում են զուտ այն պատճառով, որ եղել են Չարենցի ժամանակակիցը կամ նրա հակառակորդը»:
Թեպետ կարծես թե այսօր մեզանում հանճարներ չեն ծնվում, սակայն Ս. Մուրադյանը լավատեսորեն կարծում է, որ դեռ ծնվելու են: Գրականագետն այդ հանճարների բացակայության պատճառն ու բացատրությունն էլ ունի. «Մենք մեր մշակութային արժեքները ճիշտ չենք գնահատում: Ինչո՞ւ պիտի այսօր Հովհաննես Շիրազից անտիպներ մնացած լիներ, ու այն դեպքում, որ ես գոնե կարողացել եմ 2011 թվականին տպագրել Շիրազի «Անի» պոեմը, 2014-ին` «Թոնդրակեցիները» պոեմը, 2017-ին` «Հուշարձան հայրիկիս» գիրքը, հիմա այդքանից հետո դեռ մնացել է 3000 անտիպ բանաստեղծություն եւ տասը հազար անտիպ նամակ, դրանք ափսոս են, գանձեր են: Օրինակ, բանաստեղծություններից մեկում, որը օրերս տպարան պիտի ուղարկեմ ասում է.
Կամաց-կամաց մեկ էլ տեսար ծերանում,
Կյանքի ծովից չխմած ենք վերանում,
Դատարկ մի թող թասը ոչ մի վայելքի,
Ոչ մեկիս մահն իր գործում չի թերանում,
Բայց, վա՜յ նրան, ով տանում է ոչ թողնում,
Նա քուն չունի անգամ հողե անկողնում...
Տեսեք ինչ բանաստեղծություն է, եւ սրա մեջ կա նաեւ Ջիվանու, Հովհաննես Թումանյանի շունչը, այստեղ կա Օմար Խայամը, Գյոթեն, Պուշկինը...»:
«ԱՅՍՕՐ Ի՞ՆՉ ԵՆՔ ՏՊԱԳՐՈՒՄ, Ո՞ՒՄ ԵՆՔ ՄԵԾԱՐՈՒՄ...»
Ս. Մուրադյանը, թվարկելով Շիրազի անտիպները, մտաբերեց. «1962 թվականին Շիրազը գրել է մի բանաստեղծություն` «Ջիվանու Ջավախքին», որն անտիպ է, բայց շատ կարեւոր ու արդիական: Այդ բանաստեղծության մեջ մեր ժողովրդի, ազգային երազանքը կա, մեր խաղաղության ձգտումը կա, մեր հայրենիքի ամբողջացման, պետականության ամրակայման խնդիրները կան, եւ տեսե՛ք, որ մենք այս գանձերը չենք տպագրում, բա ի՞նչ ենք տպագրում, ո՞ւմ ենք մեծարում, ի՞նչ ենք անում... Սրանք պետք է ի ցույց դնել նոր սերունդներին, որպեսզի ծանոթանան, ոգեւորվեն եւ այդ ճանապարհով գնան: Ջիվանին ասում էր` թողե՛ք հորս, պապիս ճամփովը գնամ, դիմակավոր ընկեր խրատդ պետք չէ: Ուրեմն` այսպես Ջիվանիով էլ պիտի ոչ ասենք արվեստի թույլ գործերին, կեղծ արվեստին: Պետք է ճշմարիտ արվեստը վեր բարձրացնենք ու դնենք ժողովրդին ի ցույց, որովհետեւ սերունդները արվեստի միջոցով են ձեւավորում իրենց մարդկային ու ազգային բնավորությունը, առհասարակ իրենց վարքագիծը, մտածելակերպը, հայրենիքի ու պետականության արժեւորումը: Այս ամենը ճշմարիտ արվեստով է ստեղծվում, ոչ թե կեղծ արվեստը բերենք փառաբանենք, որ մարդը ոչինչ չհասկանա, թե դա ինչ կապ ունի արվեստի հետ: Իսկ հայ մարդը, հայրենիքը, Հայաստանը առանց արվեստի անհնար է պատկերացնել»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ