«Անթույլատրելի է սոցցանցերում հետապնդելն ու թունավորելը մի ամբողջ անմեղ ազգի». ղազախ քաղաքագետ
Արխիվ 16-20
«Կարագանդայում տեղի է ունեցել ողբերգություն: Իրավապահ մարմինները պետք է օբյեկտիվ հետաքննություն անցկացնեն եւ բացահայտեն բոլոր մեղավորներին: Սակայն անթույլատրելի է սոցցանցերում հետապնդելն ու թունավորելը մի ամբողջ անմեղ ազգի, այս դեպքում՝ Ղազախստանի հայկական սփյուռքին: Գրելուց առաջ մտածեք, այսպես կոչված, մեկնաբաններ», - այս մասին նշել է ղազախ քաղաքագետ ՍՈՒԼԹԱՆԲԵԿ ՍՈՒԼԹԱՆԳԱԼԻԵՎԸ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի ռեստորաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ։ 23-ամյա երիտասարդ է մահացել, եւս երեքը տուժել են։ Վեճի մասնակիցների հստակ թիվը հայտնի չէ, բայց, որոշ տվյալների համաձայն, վեճին մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցել։ Ծեծկռտուքի եւ սպանության փաստով երեք տղամարդու են ձերբակալել` Քաիր Նադիրբեկովին, Թորգոմ Մալխասյանին, Սոխակ Մալխասյանին։ Նրանց կասկածում են ծանր հանցագործության մեջ։ Նարեկ Գուրուրյանի նկատմամբ հանրապետական հետախուզում է հայտարարվել։ Քրեական գործեր են հարուցվել ՔՕ 99 («սպանություն») և 293 («խուլիգանություն») հոդվածներով։ Սպանությունից հետո սոցցանցերում սկսել են հայերի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու կոչեր հնչել, անգամ Ղազախստանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ազգամիջյան թշնամանք հրահրելու վերաբերյալ։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ