Ազգային ժողովը «վայելում է» հանրության ընդամենը 21.63%-ի վստահությունը
Արխիվ 16-20
Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատգամավորների մանդատների հանձնման արարողությունից մինչեւ այսօր Iravunk.com-ում հարցում էր անցկացվում, թե ինչ ակնկալիքներ ունի մեր հանրությունը նոր ձեւավորված խորհրդարանից: Ամփոփելով հարցման արդյունքները՝ հիշեցնենք, որ կայքում ներկայացված էր 10 պատասխան, որից սոցհարցման մասնակիցներն ընտրել էին իրենց սպասումներին ամենահամապատասխանողը: Ձեւավորված պատկերը հուշում է, որ հանրության սպասումների փոխարեն ավելացել են մարդկանց մտահոգությունները:
Այսպիսով՝ հարցմանը մասնակցել է շուրջ 1595 մարդ, որոնցից ընդամենը 21.63 %-ն է համոզված, որ նոր Ազգային ժողովը կլավացնի մեր կյանքը: 3.57 %-ն արդեն հիասթափված է եւ ակնկալիքներ չունի: 1.32 %-ը հորդորում է՝ «թողենք, թող աշխատեն, հետո կերեւա», 0.94 %-ն էլ դեռ զերծ է մնում որեւէ կարծիք հայտնելուց: Իսկ 2.07 %-ը գտնում է, որ այս անփորձ կազմով ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը կտապալվի: 0.75%-ի գնահատմամբ՝ առանց իրական ընդդիմության, նորընտիր խորհրդարանը չի կարողանա գործել: Եվ ընդամենը 0.25 %-ն է լավատես եւ կարծում է, որ նոր Ազգային ժողովը կբարձրացնի մեր երկրի միջազգային հեղինակությունը: Ի դեպ, 0.56 %-ի կարծիքով նորաթուխ պատգամավորները, պարզապես, կխանգարեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Իսկ 0.76 %-ը եկել է այն եզրահանգման, որ «ոչ մի բան չի փոխվի»: Շուրջ 68.34 %-ն էլ հասկացել է՝ «ավելի վատ կլինի»:
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրության մասնակցածների 70,42 %-iի վստահությունը եւ ձեւավորեց բացարձակ իշխանություն, իսկ այսօր այդ թվին է գրեթե հասնում այն մարդկանց կարծիքն, ովքեր գտնում են, որ ավելի վատ կլինի ՀՀ քաղաքացիների համար իմքայլականների խորհրդարանական իշխանության օրոք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ