ՄԵԼԱՆՅԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ. ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿԱԶՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՍԱՀՔԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
Արխիվ 16-20
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում ավարտվեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը, որին, բացի Հայաստանի մարզիկներից, մասնակցեցին նաեւ յոթ երկրների ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ 103 գեղասահորդ: Հայաստանի առաջատար գեղասահորդներից առաջնությանը մասնակցեց միայն Սլավիկ Հայրապետյանը, նրանից բացի տղամարդկանց մենասահքում այլ մասնակից չկար: Անաստասիա Գալուստյանը հարգելի պատճառներով հրաժարվել է մասնակցությունից:
Կանանց պայքարում հաղթեց Մարինա Ասոյանը, որին հաջորդեցին Իզաբելա Դավթյանն ու Մոնիկա Ղեւոնդյանը: Տարբեր տարիքային խմբերում հաղթողներ դարձան նաեւ Միքայել Սալազյանը, Վերա-Մարինա Սիմոնյանը, Լիանա Ֆանաջյանը, Մարկ Հակոբյանը, Նադյա Վարդանյանը եւ Նատալի Ղազարյանը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանի գնահատմամբ, ընդհանուր առմամբ, առաջնությունը ստացվեց, եւ մեր մարզիկները վատ հանդես չեկան: Մասնագետի խոսքով, առայժմ միայն բաց առաջնություն կազմակերպելով է հնարավոր տեղի մարզիկների միջեւ մրցակցություն ապահովել, հակառակ դեպքում պայքարը կընթանա միայն Իրինա Ռոդնինայի անվան մարզադպրոցի սաների միջեւ: «Ամեն երկրից կար 1-2 մասնակից, բայց ուժեղ գեղասահորդներ են եւ մեծ մրցակցություն ապահովեցին առաջնությունում: Հայաստանից կար շուրջ 80 մասնակից: Գոհ եմ բոլորի արդյունքներից, քանի որ արդեն մրցակցություն եմ նկատում մարզիկների միջեւ: 4 տարի է, ինչ մարզադպրոցը գործում է, եւ երեխաներն արդեն մրցում են միմյանց հետ: Արդեն կարող ենք կազմել Հայաստանի հավաքականը, որպեսզի այս մարզիկները կարողանան մասնակցել միջազգային մրցաշարերի»,- ասաց Մելանյա Ստեփանյանը: Իսկ գեղասահքի Հայաստանի առաջնության մրցավարական կազմի անդամները բոլորը արտերկրից էին, առաջնության գլխավոր մրցավարն էր ISU-ի փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը: Առաջնության հատուկ հյուրը համաշխարհային գեղասահքում հայտնի մարզիչ Ռաֆայել Հարությունյանն էր, ով, խոսելով հայկական գեղասահքի «առողջացման» մասին, նշեց. «Ցանկացած խնդրի լուծման համար անհրաժեշտ է հրավիրել լավագույն մասնագետների՝ սկսած ճգնաժամային մենեջերից եւ մինչեւ սառույցի մասնագետներ: Միայն այդ դեպքում է հնարավոր ճգնաժամից դուրս գալ արագ ու արդյունավետ: Իսկ դրա համար անհրաժեշտ է ֆինանսավորում, պետության ու ժողովրդի աջակցությունը»:
Հայաստանի բաց առաջնությանը ոչ մրցութային ծրագրով մասնակցեց մեկ պարային զրույգ Իտալիայից, գեղասահորդուհու հայրը ազգությամբ հայ է, Մ. Ստեփանյանը տեղեկացրեց, որ մարզիկները հանդես կգան Հայաստանի հավաքականի կազմում: «Նրանք ցանկություն են հայտնել ներկայացնել Հայաստանը: Լավ կլինի, որ ունենանք երկու պարային զույգ: Հույս ունեմ, որ կգա մի ժամանակ, երբ մեր հավաքականը բաղկացած կլինի Հայաստանում մարզվող եւ հայաստանցի գեղասահորդներից, պարային զույգերից»,- եզրափակեց ֆեդերացիայի նախագահը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ