ՔՊ-ն վերջնականապես հեքիաթների ժանրում է
Արխիվ 16-20
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, մեզ հետ զրույցում անդրադառնալով սոցցանցերում առկա լայն քննադատությանը` գնաճի հետ կապված, մասնավորապես նշեց. «Այդ օգտատերերին հարցրե՞լ եք, թե ինչպես է ստացվում, որ գնաճը Հայաստանում առաջին եռամսյակի դրությամբ` ընդամենը 1.5 տոկոս է ավելացել` այն դեպքում, երբ բյուջեի մասին օրենքով պետք է լիներ առնվազն 2,5-5,5: Բայց այսօր գնաճն ավելի ցածր է ստացվում, քան նախատեսված է պետական բյուջեի մասին օրենքով: Այսօրվա ցածր գնաճը պայմանավորված է նրանով, որ նոր տնտեսվարողներ են հայտնվել շուկաներում եւ մրցակցությունը, այսպես ասենք, դաժան է: Այլ հիմնավորում, թե ինչու է գնաճը ցածր, չկա...»:
Չշարունակենք սույն պատգամավորի հեքիաթները, քանի որ եթե նա բարեհաճեր սեփական վիճակագրությունը նայել, ապա կտեսներ, որ ապրիլին ունեցել ենք 2.6 տոկոս գնաճ դեկտեմբերի եւ 2.2 տոկոս՝ անցած ապրիլի համեմատ: Սակայն դա չէ էականը. նույն վիճակագրության համաձայն` նույն առաջին եռամսյակին հայաստանյան գնաճն աշխարհում ամենաբարձրներից է, իսկ շատ երկրներում, այդ թվում՝ ԵՄ-ում գրեթե զրոյական գնաճ է, կամ առկա է գնանկում: Այսինքն` մեր համեմատաբար ցածր գնաճի պատճառը ոչ թե պատգամավորի գովերգած նոր տնտեսվարողներն են, այլ պարզապես՝ աշխարհում թանկացում չկա: Բայց անգամ այդ իրավիճակում մեր գլուխգովանները կարողացել են ամենաբարձր գնաճային տեմպերն ունենալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ