ԽԱԲՎԱԾ ՍՊԱՌՈՂԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՄԻ ՔԱՆԻ ՇԻՇ ԳԱՐԵՋՈՒՐ ՆՎԻՐԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ
Արխիվ 16-20
«Ալեքսանդրապոլ» գարեջուր գնելիս ստուգեք շշի պարունակությունը» հրապարակման մեջ մեր նախորդ համարում անդրադարձել ենք սպառողների դժգոհությանն առ այն, որ «Զովք» հանրախանութից գնել են կես լիտրանոց «Ալեքսանդրապոլ» գարեջուր, որի մեջ, սակայն, եղել է ոչ թե կես լիտր, այլ, ասենք` 0,2 կամ 0,3 լիտր գարեջուր: Ո՞վ է պատասխան տալու սպառողին նման ցինիզմով խաբելու, ավելի ճիշտ՝ թալանելու համար, ինչպես են կիսադատարկ շշերը հայտնվել շուկայում: Հարցերի պատասխանը փորձել էինք ստանալ «Գյումրի» գարեջուր ընկերության մարքեթինգի գծով օգնական Ֆելիքսից, ով հազիվ նման պատասխան տվեց. «Դե, հազարից մեկ է նման բան լինում: Եթե շատ է նեղվում տվյալ սպառողը` կարող ենք իրեն մի քանի շիշ տալ, որպես փոխհատուցում եւ ներողություն խնդրել թյուրիմացության համար»:
Նման պատասխանը, երբ փոխանցեցինք կիսադատարկ շշով գարեջուր գնած քաղաքացուն, նրան ծայրահեղ զայրացրեց. «Այդ գործարանի տերերը կարող են խնդրել, եւ խոստանում եմ՝ նրանց մի արկղ իրենց գարեջրից կնվիրեմ: Իրենց գյումրեցի են համարում, բայց երեւի մինչեւ հիմա չեն հասկացել, թե ինչ ասել է նամուս ու թասիբ, որ մարդկանց կարող է վիրավորել խաբված լինելը եւ ոչ թե մի կես շիշ պակաս գարեջուրը...»:
Ուստի մեկ անգամ եւս մենք փորձեցինք կապվել վերը նշված Ֆելիքսի հետ` հասկանալու, թե որքանով է նորմալ, երբ կիսածաղրական տոնով ասում է. «Եթե շատ է նեղվում տվյալ սպառողը` կարող ենք իրեն մի քանի շիշ տալ, որպես փոխհատուցում»: Նա էլ նկատեց. «Ներողություն ենք խնդրում, եթե վիրավորել ենք: Ինչ վերաբերում է գարեջրին, մենք հանձնարարել ենք նորից նայել շուկան: Դա համատարած բնույթ չի կրում, այսքանը...»:
ՏՄՊՊՀ-ից մեզ տեղեկացրին, որ իրենց ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ