«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտվածներից ողջ են մնացել 4-ը
Արխիվ 16-20
1999 թվականի հոկտեմբերի 27-ի զինված հարձակումն իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր ՍԱՄՎԵԼ ՈՒԶՈՒՆՅԱՆԸ ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրել է վճիռ, ըստ որի 6 -ը դատապարտվեցին ցմահ՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, իսկ մեկը՝ Համլետ Ստեփանյանը 14 տարվա ազատազրկման։ Նախքան դատավճռի հրապարակումը՝ գործով մեղադրյալներից Նորայր Եղիազարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում էլեկտրահարվելու հետեւանքով մահացել էր:
Ցմահ դատապարտվածներից Վռամ Գալստյանն, ըստ պաշտոնական վարկածի, 2004թ-ի ապրիլի 27-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր մենախցում ինքնասպան է եղել: Մահացել է նաեւ Համլետ Ստեփանյանը ՝ 2010թ-ի մայիսին՝ սրտի կաթվածից, իսկ Էդուարդ Գրիգորյանը մահացել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
Ցմահ դատապարտվածներից առ այսօր ողջ են Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ