Սեպտեմբերի 13-ից սկսած՝ Սեւակի տուն-թանգարանի այցելություններն ընդհանրապես դադարել էին. ՍԵՎԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Մշակութային«Իրավունքը» զրուցել է «Պարույր Սեւակի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն, բանաստեղծի թոռ ՍԵՎԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:
— «Պարույր Սեւակի տուն-թանգարանը» գտնվում է Երասխ-Ջերմուկ տանող ճանապարհին: Վերջին իրադարձություններն ազդե՞լ են թանգարան այցելողների թվաքանակի վրա:
— Ցավոք, պետք է նշեմ, որ սեպտեմբերի 13-ից սկսած, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, թանգարանի այցելությունները մի շրջան ընդհանրապես դադարեցին՝ մինչ հոկտեմբերի սկիզբ: Հետո սկսեցին քիչ-քիչ այցելել, բայց այցելությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չափազանց քիչ են: Երբ մարդիկ լսում են, որ թանգարանը գտնվում է Երասխի ու Ջերմուկի ճանապարհին, ակամայից տագնապում կամ վախենում են: Նույն պատճառով տուրիստական ընկերությունները նշածս ժամանակահատվածում նույնպես դադարեցրին խմբեր բերել:
— Որքա՞ն այցելու եք ունեցել անցյալ տարի այս ժամանակահատվածում, եւ որքա՞ն են այցելել այս տարի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
— 2021-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ունեցել ենք մոտ 3 500 այցելու, այս տարի սեպտեմբերի 13-ից մինչեւ այսօր` հոկտեմբերի 25-ը, ունեցել եք մոտ 150 այցելու:
— Պարոն Ղազարյան, թանգարանում ի՞նչ կրթական ծրագրեր են ընթանում:
— Թանգարանն աշխատում է լիարժեք ռեժիմով, բայց թանգարանի լիարժեք աշխատանքի համար նաեւ այցելուներ են պետք: Այս շրջանում մենք ավելի շատ գիտական գործունեությամբ ենք զբաղված: Մասնավորապես՝ «Պարույր Սեւակի տուն-թանգարանի» եւ «Մագաղաթ» հրատարակչության ուժերով վերջերս հրատարակվեց Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուն ռուս գրականության մեծերի` Վալերի Բրյուսովի, Բորիս Պաստերնակի, Աննա Ախմատովայի, Արսենի Տարկովսկու թարգմանությամբ: Գիրքը նվիրված է Չարենցի 125-ամյակին: Բացի այդ, վերջերս նույն համագործակցությամբ եւս մեկ շատ կարեւոր գիրք հրատարակվեց՝ անվանի գիտնական, պատմաբան, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունիի «Հայոց ցեղասպանության պատմությունը» ականավոր աշխատությունը, որը 21-րդ դարում գրված թերեւս ամենահանգամանալից գործն է՝ նվիրված Հայոց պատմության ցեղասպանության թեմային: Գրքի բնագիրը անգլերեն է, քանի որ հեղինակը ազգությամբ հայ է, բայց ծնվել, մեծացել է ԱՄՆ-ում եւ գրում է անգլերեն: Եվ շատ ցավալի էր, որ մինչ օրս մեր ցեղասպանագիտության համար այդչափ կարեւոր աշխատությունը հասանելի չէր հայ ընթերցողին: Բարեբախտաբար, կարողացանք լրացնել այդ բացը:
— Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
— Մոտակա ծրագրերը կրկին կապված են գրահրատարակչական ոլորտի հետ: Պատրաստվում ենք Պարույր Սեւակի մի ծավալուն ժողովածու հրատարակել՝ դարձյալ ռուսերեն թարգմանությամբ, ուր կընդգրկվեն գործեր «Նորից քեզ հետ», «Մարդը ափի մեջ», «Եղիցե լույս» գրքերից: Մինչեւ նոյեմբերի կեսերը այդ գիրքը կլինի ընթերցողի սեղանին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ