«Flyone Armenia»-ն սնանկացմա՞ն եզրին է, Հայաստանը՝ խայտառակությա՞ն
ՀասարակությունՄամուլում լայն արձագանք գտավ այն, որ Դուբայի ավիացիոն իշխանություններն իրարամերժ պատճառաբանություններով արգելել են ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Flyone Armenia» ընկերության Երեւան-Դուբայ-Երեւան չվերթի վայրէջքը Դուբայի «Ալ-Մաքթում» օդանավակայանում: Արդյունքում՝ օդանավը վայրէջք է կատարել Քիշի (Իրան) օդանավակայանում, ապա վերադարձել հետ Երեւան: Ընդ որում` մինչեւ վայրէջք կատարելը, ուղեւորների պնդմամբ, ինքնաթիռը ստիպված է եղել երկու անգամ նույն տեղում շրջապտույտ կատարել: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել, «Իրավունքին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` մայիսի 11-ին «Flyone Armenia»-ի 8 թռիչքներն էլ իսկական պատուհաս են դարձել ճամփորդողների համար: Դուբայի ավիացիոն իշխանություններն ասել են, թե պատրաստ են «Flyone Armenia» ընկերության ինքնաթիռն ընդունել «Ալ-Մաքթում» օդանավակայանում, բայց օդային տարածքը փակ է Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ Հայաստանից դեպի Դուբայ միայն «Flyone Armenia»-ն է կատարում թռիչքներ, սակայն առաջացել է քաղաքական խոչընդոտներ, ինչի մասին ընկերությունը ուղիղ տեքստով չի բարձրաձայնում: Իսկ Երեւան-Դուբայ ուղեւորվողները, որոնք կեսճամփին են մնացել եւ հետ վերադարձվել Հայաստան, մտադիր են անգամ դատի տալ «Flyone Armenia»-ին եւ բարոյական ու նյութական փոխհատուցում պահանջել: Բանն այն է, որ Դուբայ մեկնող, բայց իրանական Քիշ կղզում հայտնված քաղաքացիները նախ երեք ժամ թռիչք են ունեցել, ապա ստիպված են եղել երեք ժամ մնալ կղզում, այնուհետեւ եւս 3 ժամում հետ են վերադարձել Երեւան: Եվ երբ մեծ աղմուկ է բարձրացել օդանավակայանում, ավիաընկերության տնօրինությունը որոշում է կայացրել իր հաշվին բոլորի տոմսերը փոխարինել «Flyone Dubai» ավիանընկերության տոմսերով ու հենց հաջորդ օրը՝ առավոտյան ժամը՝ 12:00-ին կրկին մարդիկ ստիպված են եղել նստել ինքնաթիռ: Ընդ որում՝ ուղեւորների մեջ եղել են անչափահասներ: Մարդիկ ոչ միայն սոված են մնացել եւ դիմացել են միայն ջուր խմելով, այլեւ տուժել են նաեւ ֆինանսապես, քանի որ նախապես հյուրանոցներ են ամրագրած եղել, բայց տեղ են հասել մեկ օր ուշ, այն էլ ոչ թե հայկական, այլ օտարերկրյա ինքնաթիռով:
«Ես մեկնում էի Երեւան, որպեսզի հանդիպեի որդուս, որը եկել է այդտեղ իր անգլիական դպրոցի քննությունը հանձնելու: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով երեխաները հիմա քննությունները հանձնում են Երեւանում: Մեր թռիչքը պետք է լիներ մայիսի 7-ին, ժամը՝ 14:00-ին, «Ալ-Մաքթում» օդանավակայանից եւ ժամը՝ 17:00-ին արդեն պետք է Երեւանում լինեինք: Բայց ժամը՝ 14:00-17:00-ն սպասել ենք, ոչ մի տեղեկություն չի եղել, հետո մեզ ասացին, որ ինքնաթիռը վերադարձել է Երեւան: Շուտով հետ կգա, ձեզ կվերցնի: Եվ մինչեւ գիշերվա ժամը 22:00-ն սպասել ենք՝ մինչեւ եկավ մի ինքնաթիռ ու մեզ վերցրեց: Ես հայտնվեցի Երեւանում միայն ամսի 8-ին գիշերը: Պատկերացրեք՝ այդքան ժամանակ նստած սպասել ենք օդանավակայանում, եւ մեզ ոչ ոք չի մոտեցել, ներողություն չի խնդրել, չի բացատրել, թե ինչ է կատարվում, ինչո՞ւ չկա ինքնաթիռը: Խնդիրը նաեւ այն էր, որ շատ երեխաներ կային թռիչի սպասողների մեջ, իսկ «Ալ-Մաքթում» օդանավակայանում բավական ցուրտ էր: Թեպետ Դուբայում շատ շոգ է, բայց օդանավակայանում սառնամանիք էր: Երեք օր Երեւանում հիվանդ պառկած եմ եղել, չկարողացա տղայիս հետ շփվել, մինչդեռ նախատեսել էինք շրջագայել Հայաստանով: Ի դեպ, ես նույնիսկ ցանկանում էի փոխել ավիափոխադրողին, բայց անգամ չկար ներկայացուցիչ այդ ավիաընկերությունից, որ ասեի՝ թողեք ինձ գնամ», - «Իրավունքի» հետ զրույցում պատմեց Տաջիկստանի քաղաքացի ԱԲԴՈՒԽԱԼԻԼ ԽՈԼԻՎԶՈԴԱՆ, ով օգտվել է «Flyone Armenia» ընկերությունից:
Պարզվում է՝ իսկական ոդիսական է դարձել Խոլիվզոդայի համար նաեւ Երեւանից հետ վերադառնալը:
«Ասացին, որ խնդիրները լուծվել են, բայց ստացվեց, որ՝ ոչ: Մայիսի 11֊ի առավոտյան 10։10֊ի թռիչքի ժամանակ նկատեցի, որ հետ ենք դառնում: Ուղեկցորդուհուն հարցրի՝ հաստա՞տ Դուբայ ենք գնում: Ասացին՝ այո, բայց մեզ նորից խաբեցին, ինքնաթիռը երեք ժամ թռնելուց հետո վայրէջք կատարեց Իրանի Քիշ կղզում, որտեղ եւվս երեք ժամ մնացինք և միայն բանակցություններից հետո հետ բերեցին Երեւան: Ու էլի ոչ մի ներողություն, ոչ մի հյուրանոց չառաջարկեցին: Միայն շատերին փոխհատուցեցին այլ ավիաընկերության տոմսերով: Այս ավիաընկերությունը նախեւառաջ պարտավոր է ներողություն խնդրել, վերանայել իր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ: Հարց է ծագում՝ իրենք ընդհանրապես լիցենզիա ունե՞ն, պայմանավորվածություն ունե՞ն այլ երկրների օդանավակայանների հետ: Ես գործեր ունեի նախատեսված Դուբայում, ինչը ստիպված եղա չեղարկել, բայց մարդիկ փոքրիկ երեխաների հետ էին, որոնք սոված լացում էին: Այսպիսի պահվածքը վիրավորական է: Եթե չեն կարողանում աշխատել, այսպիսի ավիաընկերությունները պարտավոր են հեռանալ շուկայից», - վրդովված ասաց Տաջիկստանի քաղաքացին: Նա նաեւ ընդգծեց, որ Երեւանից Դուբայ տոմսը գնել է 342 դոլարով, բայց օդանավակայանում ռեգիստրացիա անցնելու համար նրանից պահանջել են եւս 35 դոլար: Սակայն առավել վիրավորված է ոչ թե ֆինանսական կորուստների, այլ բարոյական, հոգեբանական ու առողջական վնասի համար:
«Flyone Armenia» ընկերությունից ավիատոմս գնած մեկ այլ ուղեւոր՝ ՌՈՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ էլ պատմեց, որ ընտանիքով որոշել էին մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ հանգստանալու. «Ապրիլի 5-ին «Տուրիստիկ» կազմակերպությունից տոմսեր էի գնել, մեր թռիչքը նախատեսված էր մայիսի 12-ին, բայց մայիսի 10-ին մեզ զանգահարեցին եւ ասացին, որ վաղը` մայիսի 11֊ին պետք է մեկնենք: Հետո էլ ժամերը փոխեցին, թե «Flyone Armenia» ընկերությունը թռիչքի ժամերը փոխել է, պետք է շտապ հասնեք: Անպատրաստ, մի կերպ, վազելով երեխաների հետ հասել ենք օդանավակայան: Իսկ ճանապարհին պարզվեց, որ ոչ թե Դուբայ ենք գնում, այլ` իրանական Քիշ կղզի: Ժամերով սպասել ենք մինչեւ բանակցություններ վարեն: Նույնիսկ փող եմ առաջարկել, որ երեխաներին ուտելու բան տան, բայց մեզ սոված-ծարավ պահել են այդտեղ: Ու այս ամենից հետո՝ իրենք միայն փոխհատուցել են տոմսի գումարը, մինչդեռ մարդիկ հյուրանոցներ էին ամրագրել եւ կորցրին մեծ գումարներ: Հիմա չգիտեմ՝ եթե հասնենք Դուբայ, հետո հետ կարողանալո՞ւ ենք գալ, թե՞ մնալու ենք գերի»:
Հարցին, թե ի՞նչ են պահանջում ընկերությունից, քաղաքացին կտրուկ պատասխանեց. «Պահանջում եմ, որ իրենց լիցենզիան հանձնեն եւ գնան տուն: Այսպիսի անլուրջ ընկերությունը չպետք է լինի: Սա առաջին եւ նախավերջին անգամ է, որ օգտվում եմ «Flyone Armenia»-ից: Ասում եմ՝ նախավերջին, որովհետեւ հույս ունեմ, որ Դուբայից հետ կբերեն»:
Ի դեպ, այս ամենով հանդերձ՝ «Flyone Armenia»-ն դեռ շարունակում է տոմսեր վաճառել, ճիշտ է, էժան է, բայց միայն Աստված գիտի, տեղ կհասնես, թե՝ ոչ: Մարդիկ, ուղղակի, վախենում են գնել «Flyone Armenia»-ից ավիատոմսեր: Իսկ բողոքողների ու պատասխանատվություն պահանջողների ականջներին շշնջում են, թե «Flyone Armenia»-ն սնանկացման եզրին է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ