Երբ 2018-ին ասացի` ինչ եմ մտածում այդ «հեղափոխության» մասին, քիչ էր մնում ինձ հոշոտեին. Հվ. Օսեթիայի էքս վարչապետ
ՆերքաղաքականՄոսկվայում տեղի ունեցած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակում «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Հարավային Օսեթիայի արտաքին գործերի էքս նախարար ԴՄԻՏՐԻ ՄԵԴՈԵՎԻ հետ:
— Դմիտրի Նիկոլաեւիչ, հակառուսականությունն այսօր Արեւմուտքը փաթեթավորում է «դեմոկրատիա» անվան տակ: Իսկ մարդիկ շարունակում են տրվել այդ մանիպուլյացիաներին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Օ՜հ, այդ մասին մենք շատ լավ գիտենք, որովհետեւ դրա միջով անցել ենք: Եթե անգամ Ձեր տանը Արեւմուտքը հայտնաբերի նավթ, ապա կգան «դեմոկրատիա» «տարածելու» այդտեղ: Սա ուղղակի դրոշակ են դարձրել, մինչդեռ իրականում իրենց հետաքրքիր է ոչ թե որ դուք ավելի ժողովրդավար դառնաք, այլ այն, որ իրենք վաճառեն ձեր նավթը: Սա իսկական ամերիկանիզմ է՝ քամել ու ծախել, նրանք ամբողջ Աֆրիկան են այդպես քարուքանդ արել: Մարդիկ արդեն ուղիղ են ասում, որ սա նեոգաղութատիրություն է: Ամերիկացիները գիտեն ինչպես մարդկանց խաբել տարբեր լոզունգներով: Ի դեպ, 2018-ին Հայաստանում տեղի ունեցող ապրիլյան իրադարձությունների ժամանակ Արցախից գալուց մի քանի օր Երեւանում մնացի: Երբ տեսա, թե փողոցներում ինչպես են երիտասարդներն ուսապարկերով ու ականջակալներով վազվզում այս ու այն կողմ, սուլում, ճանապարհներ փակում, հետո ինչ-որ այլ սուլոցի ազդանշանով փակում ուրիշ ճանապարհ, չեմ ասում՝ ճիշտ են արել, թե` սխալ, իմ գործը չէ, բայց հետեւելով իրականացվող տեխնոլոգիային` միանգամից հասկացա, թե ինչ է այդտեղ կատարվում: Էլ ինձ պետք չէր ինչ-որ բան ասել, ամեն ինչ հասկանալի էր, բայց այդ երիտասարդները պատասխան կտա՞ն իրենց արարքի հետեւանքների համար, իհարկե` ոչ: Գիտեք, չեմ ուզում ասել, որ նրանց խաբեցին, թեպետ իրականում այդպես է: Բայց ընդունեք, որ նրանց գնեցին, վստահաբար ամեն մեկն ուներ պլաստիկ քարտ, որը օրական երեք անգամ լիցքավորում էին: Ստացար օրական 100 դոլարդ եւ կանես այդ ամենը, ինչու ոչ, որովհետեւ պետք է վճարես հեռախոսիդ համար, կոլա խմես, ինչ-որ այլ ծախսեր ունես: Այս առումով շատ հեշտ է երիտասարդներին մանիպուլացնելը:
— Իսկ երբ կգա վաղը պատասխան տալու ժամանակը, իրենք արդեն վաղուց տեղավորված կլինեն Արեւմուտքում…
— Այո, մի տեղ կգնան, բայց ինչ-որ մեկը պետք է չէ՞ պատասխան տա այս ամենի համար: Հիշեցի, որ երբ 2018-ին Երեւանում էի, հանդիպեցի ընկերներիս, նաեւ ՀՀ Ազգային ժողովի այն ժամանակվա գործող հինգ պատգամավորների հետ: Շատ լավ տղաներ էին, նստած էինք ինչ-որ լավ ռեստորանում, հյուրասիրեցին, ինչպես հարիր է Կովկասում, ամեն ինչ շատ լավ էր: Նրանք ինձ հարցրին` ինչպե՞ս եք վերաբերվում մեր հեղափոխությանը, որի համարժեքը չկա աշխարհում, որովհետեւ ամենաթավշյան է: Բայց ես Արցախից էի վերադարձել ու ամեն ինչ տեսնում էի, թե ինչ էր կատարվում: Ես ասացի այն, ինչ մտածում էի, այսինքն` ասացի այն, ինչի հետեւանքն այսօր տեսնում եք: Ինձ քիչ էր մնում հոշոտեին, մինչդեռ հիմա նրանք ամենաընդդիմադիրների շարքերում են: Ասում էին` Նիկոլ Փաշինյանը շատ լավ տղա է, բայց ես որոշակի տեղեկություններ արդեն իսկ ունեի նրա մասին: Ասացի` համարենք լավ տղա է, բայց մի՞թե ԱՄՆ դեսպանատանն է ապրում, իրենք էլ թե` ո՛չ, այդ ամենը պրոպագանդա է: Ի՞նչ պրոպագանդա, եթե գիտեի անգամ, որ երբ նա մեքենայով մտնում էր դեսպանատուն, ինչքան էր կշռում նրա մեքենան մտնելիս ու ինչքան` դուրս գալիս: Դա միայն կույրը կարող էր չտեսնել: Սակայն, որպեսզի այդքան մարդ իր հետեւից տաներ, պետք է ինչ-որ բան ասեր, իսկ նա ենթադրում եմ, որ խոսում էր երջանիկ կյանքի, Հայաստանը Շվեցարիա դարձնելու մասին: Ի՞նչ եղավ հետո, այսօր ձեր աչքի առջեւ է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Մոսկվա-Երեւան
Հ.Գ.- Շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում: