Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասին
ԻրավականՀայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանն ահազանգում է իր դեմ իրականացվող ֆինանսական շանտաժի մասին։
«Սիրելի բարեկամներ,
Երկու օր է ես հաղորդագրություններ եմ ստանում կիբերհանցագործներից, ովքեր արհեստական բանականության միջոցով ստեղծում են ինձ արատավորող տեսանյութեր:
Վստահեցնում եմ, որ այս տեսանյութերը ոչ մի կապ չունեն ինձ հետ։
Քանի որ ես հրաժարվեցի որևէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։
Իմ դեմ ուղղված այս կիբերհարձակումը նպատակ ունի ֆինանսական շանտաժ հաղորդագրությունները դադարեցնելու դիմաց:
Ես բացարձակապես վճռական եմ չխրախուսել կիբեր հանցագործներին։ Խորհրդակցելով Հայաստանի լավագույն մասնագետների հետ ես հասկացա, որ ցավոք այսօրվա հնարավորություններով կիբերաշխարհում մենք բոլորս մնում ենք անապահով և խոցելի:
Թույլ տվեք հույս հայտնել, որ այս կիբեր հարձակումը կօգնի մեզ բոլորիս համախմբվել կիբերհանցագործների դեմ, ովքեր փորձում են փող աշխատել՝ շանտաժի ենթարկելով ազնիվ և օրինապաշտ մարդկանց»,-գրել է նա։
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, արձագանքելով տեղեկատվությանը, նշում է.
«Հիմա լավ տարածված բան է։ Գտնում են մարդու տեսագրություն, դրա հիման վրա արհեստական բանականությունով գեներացնում պոռնոգրաֆիկ տեսանյութ ու շանտաժի ենթարկում։ Հաստատ վճարել պետք չէ սենց դեպքերում։
Իհարկե, կան տղամարդիկ, որոնք ռեալ վիրտուալ քխիկներով են զբաղվում ռեալ արտասահման ի աղջիկների հետ։ Ինչը տեսագրում են ու շանտաժի ենթարկում։ Նման դեպքերը արդեն երեւում է, որ արհեստական չեն։ Ու ավելի լավ ա սենց հիմար բաներով չզբաղվել»։