Ինչու ՔՊ-ն չընտրեց Հայկուհի Հարությունյանին եւ, թե ինչպես ընդդիմության թեկնածու Մանվել Բադալյանը դարձավ իշխանությունների ընտրյալը․ Հովիկ Աղազարյանը փակագծեր է բացում
ՀանդիպումՆախորդ շաբաթ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ ՔՊ-ականները տապալեցին նաեւ հանձնաժողովի անդամի երկրորդ թեկնածու, հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի քվեարկությունը` նա էլ Հայկուհու մտերիմն է։ Ինչը նշանակում է, որ հանձնաժողովի աշխատանքներն առնվազն առաջիկա ամիսներին կաթվածահար են լինելու, իսկ հունվարին եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն է, այս պահին էլ բարեվարքության վարույթների քննությունն է ընթանում:Հանձնաժողովի նախագահի պարտականությունները դրվել են հանձնաժողովի ամենաավագ անդամի՝ Մարիամ Գալստյանի վրա։
Ինչո՞ւ ՔՊ-ն տապալեց, ըստ իշխանականների մոտ կանգնած աղբյուրների, նախապես Փաշինյանի հետ համաձայնեցրած թեկնածուի ընտրությունը, եւ, ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ քաղծառայության խորհրդի նախկին նախագահ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Մանվել Բադալյանին այս եւ այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով դիմեցինք ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ով նախ անդրադարձավ Հայկուհի Հարությունյանի թեկնածության տապալման ոդիսականին, բացելով մի շարք փակագծեր․
-Այն մարմինների ընտրությունները, որոնք վերապահված են ԱԺ-ին այդ թեկնածուների հետ կապված մենք միշտ հանդիպումներ ենք ունենում թե՛ քննարկումներ տեսքով, թե՛ առանձին զրույցների։ Եվ հենց նման քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ նպատակահարմար չեք գտնում Հայկուհի Հարությունյանի վերընտրությունը։ Ավելին ասեմ, Հայկուհի Հարությունյանը ջանք չխնայեց, որ մենք իրեն չընտրենք։ Այնպես որ շատ սարսափելի բան տեղի չի ունեցել, ըստ իս, նրա չընտրվելու կապակցությամբ։
-Խմբակցության ներսում բոլորը միաձայն դեմ էին վերջինիս վերընտրվելուն։
-Ես չեմ հիշում որեւէ հարց, որը խմբակցությունում միաձայն որոշվում է, այնպես որ հնարավոր է մեկը կողմ է եղել, տասը դեմ, բայց վերջում որոշումը դրվում է քվեարկության եւ ընդունված որոշումը դառնում է բոլորինը։
-Անձամբ Հայկուհի Հարությոնյանի վերընտրվելու հետ կապված Նիկոլ Փաշինյանը իր տեսակետը չի՞ փոխանցել խմբակցությանը։
-Չեմ կարող ասել, ինքս տեղյակ չեմ։
-Պարոն Աղազարյան, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ իշխանությունը ընտրեց ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Մանվել Բադալյանին, ով բավականին կոշտ էր արտահայտվում մինչեւ վերջերս իշխանությունների գործելաոճի նկատմամբ։
-Այ՛ո, շատ ճիշտ եք Մանվել Բադալյանը որոշ հրապարակումներում, հարցազրույցներում շատ կոշտ գնահատականներ է տվել մեր իշխանություններին, մեր քաղաքական ուժին, բայց նա խմբակցության նիստում բավականին լոյալ իրեն դրսեւորեց։ Այնպես որ մենք իր նախորդ գնահատականներից չենք նեղանում, ինչպես նաեւ գտնում ենք, որ Բադալյանը նաեւ շատ լավ պատրաստված անձ է տվյալ ոլորտում աշխատելու համար։
-Վերջին շրջանում շատ է խոսվում, որ իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, եւ դա է պատճառը, որ տարբեր համայնքներում նախապես իշխանազավթման պրոցեսներ են ընթանում։
-Անկեղծ ասած նման խոսակցություններ, նկատի ունեմ արտահերթ ընտրությունների մասով, ես մինչեւ հիմա լսել եմ բացառապես լրատվականներից։ Կուսակցության ներսում անգամ զրույցների մակարդակով նման քննարկումներ չեն եղել, ավելին ասեմ, ըստ իս նման նախադրյալներ էլ չկան։
Հիմա անդրադառնամ Ձեր հարցի երկրորդ մասին, նախ թող էդ ասողները բացատրեն ինչ է նշանակում իշխանազավթո՞ւմ, եթե ավագանին օրենքով սահմանված կարգով ձերբազատվել է մի անձնավորությունից ով 27 հոգուց ընդամենը չորս հոգու վստահությունն է վայելում, որից մեկը ինքն է, էլ ինչ իշխանազավթման մասին է խոսքը զարմանում եմ։