Երեւանի ավագանու անդամը իրեն ուղղված սպառնալիքների պատճառով հեռացել է երկրից
ՆերքաղաքականՄամուլում վերջին օրերին լայնորեն տարածվեց տեղեկատվություն, որ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ազատամարտիկ ՆԱՐԵ ՍՈՍԵՆ` Նարինե Հայրապետյանը, դիմել է ոստիկանության Նոր Նորքի բաժին` հայտնելով, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը, քաղաքական գործունեությամբ պայմանավորված, զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձեւով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից եւ հեռացել։ Այս պատմության մեջ զարմանալի է այն, որ ոստիկանությունը լռել է օրեր շարունակ, եւ տեղեկատվությունը հայտնվել է մամուլում ոչ պաշտոնական աղբյուներով:
Ինչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունք»-ը փորձեց պարզել անձամբ Նարե Սոսեից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Իսկ «Մայր Հայաստան» դաշինքին մոտ կանգնած մեր աղբյուրները փաստեցին, որ վերոնշյալը համապատասխանում է իրականությանը, այդ մասին խմբակցությանը հայտնել է հենց Նարե -Սոսեն: Ավելին` միեւնույն ժամանակ, տեղեկացրին, որ սպառնալիքների ներքո նա ստիպված է եղել հեռանալ երկրից` ապաստանելով ՌԴ-ում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առեւանգելու հանցակազմով։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ