Կոռուպցիոն սկանդալ՝ Երևանի թիվ 130 դպրոցում. երեք փոխտնօրենները ազատման դիմում են գրել․ Aysor
ՀասարակությունԱրդեն մի քանի օր է՝ Երևանի Նարիր Զարյանի անվան թիվ 130 դպրոցում գերլարված իրավիճակ է։ Դպրոցի կառավարման խորհրդից Aysor.am-ին հայտնեցին, որ նախորդ շաբաթ դպրոցում տեսչական ստուգումների արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել են տնօրեն Նվարդ Հովսեփյանի կողմից միլիոնավոր դրամների չարաշահումների աղմկեցուցիչ փաստեր, ինչից հետո տնօրեն Ն. Հովսեփյանը փոխտնօրեններից պահանջել է մտնել դասարաններ և աշակերտներին «վարժեցնել», որպեսզի ստեն ստուգող մարմնի ներկայացուցիչներին՝ ասելով, թե անցկացվել են խմբակային պարապմունքներ, ինչպես նաև պահանջել է փոխտնօրեններից խոսել ծնողների հետ, որպեսզի բողոք չներկայացնեն չանցկացված դասերի համար, որոնց գումարը ինքը դուրս է գրել և յուրացրել։
Տեսչական ստուգումների արդյունքում պարզ է դարձել, որ դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանը յուրացրել է 40 և ավելի խմբակների համար հատկացված գումարը, սակայն որևէ խմբակ չի գործել։ Բացի այդ, 9-րդ դասարաններում «Եկեղեցու պատմության» դասաժամերը գրանցել է իր վրա, սակայն դաս չի անցկացրել։ Առաջին դասարաններում անգլերենի խմբակի համար դուրս է գրել երկու դասաժամի գումար, իրականում անկացվել է մեկը։ Ավելին՝ ամբողջ հոկտեմբեր ամիսը նույնիսկ մեկ դասաժամ չի անցկացրել։ «Տեխնոլոգիա» առարկան ևս չի դասավանդվել։
Սակայն, չարաշահումերն այսքանով չեն ավարտվում։ Պարզվել է նաև, որ Ն.Հովսեփյանը ուսուցիչների անունով գրանցել է լրացուցիչ դասաժամեր, որոնց դիմաց ստացած վարձատրությունը վերջիններս կանխիկացրել են և առձեռն տվել Նվարդ Հովսեփյանին։