Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայ բռնցքամարտիկների մենամարտերում մրցավարական անարդար որոշումներին.
«Սպորտում հաղթողին չեն դատում, բայց այն մարդիկ ու սպորտային կազմակերպությունները, որոնք աննդհատ խոսում են արդարության մասին իրենք են խախտում արդարությունն ու անցնում բոլոր սահմանները` միաժամանակ զրոյացնելով բազմաթիվ մարզիկների ու մարզիչների տարիների աշխատանքն ու թափած քրտինքը։
Իտալիայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարը մի մեծ ցիրկ էր հիշեցնում, որտեղ «արդար» մրցավարներն աչքի ընկան աչպարարական բարձր վարպետությամբ։ Վարկանիշային այս մրցաշարին մեր մարզիկները շատ լավ էին պատրաստվել ու մենք կարող էինք նվաճել առնվազն երեք ուղեգիր, բայց «արդար» մրցավարները իրենց սև գործը արեցին։ Ռաֆայել Հովհաննիսյանի, Նարեկ Մանասյանի ու Գուրգեն Մադոյանի մասնակցությամբ սկզբունքային մենամարտերում մրցավարներն անհասկանալի ու անարդար ձևով առաջին իսկ ռաունդից առավելությունը տալիս էին մրցակցին` երաշխավորելով իրենց սև գործը։
Ես՝ որպես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ և EUBC տնօրենների խորհրդի անդամ, դիմելու եմ բոլոր պատկան մարմիններին, որպեսզի բացատրություն տան մրցավարական նման անարդար գործողությունների համար, նաև պետք է քննության առնվեն այդ մենամարտերը»,- գրել է Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցում էր 11 բռնցքամարտիկով: Գուրգեն Մադոյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) 1/8 եզրափակիչում պարտվել էին մրցավարների անհասկանալի որոշումների պատճառով:
Այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար բռնցքամարտիկները պետք է հասնեն վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ: