Հավանաբար ինչ-որ գումարների հետ է կապված, ու նման կերպ փորձում են ցույց տալ, որ թանկ տնկանյութ է գնվել և տնկվել. Մասնագետ ծառերի հերթական սպանդի մասին
ԹեմաՎերջին տարիներին մայրաքաղաքում ծառերի փոխարինման գործընթաց է իրականացվում, մինչդեռ բազմաթիվ բնապահպաններ պնդում են, որ իրականում ծառերի փոխարինման անվան տակ դրանք զանգվածաբար ոչնչացվում են։ մայրաքաղաքում ծառեր են կտրվում: Այս թեմայի հետ կապված՝ կան տարբեր մոտեցումներ. ոմանք նշում են, որ անընդունելի է ծառահատումը, ոմանք կարծում են, որ ճիշտ ծառերով չեն դրանք փոխարինվում, իսկ պաշտոնական տեսակետն այն է, որ Երևանում շատ ծառեր այլևս կենսունակ չեն կամ մոտ են կենսունակության ավարտին: Օրինակ, օրեր առաջ Թումանյան փողոցի ծառերի սպանդը պատճառաբանվեց հետեւյալով. «Գարնանը Թումանյան փողոցում հիմնականում փոխարինվելու նպատակով հատվելու է շուրջ 160 ծառ, որի մի մասն արդեն հատվել է, դրանք փոխարինվելու են 200 ծառով»:
Իսկ, ի՞նչ տեսակետ ունեն այս ամենի մասին մասնագետները փորձել ենք հետաքրքրվել բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանից, ով նախ նկատեց.
-Մենք մասնագետները բազմիցս բարձրաձայնել ենք այս խնդրի մասին, նախորդ տարի Երևանի կենտրոնում բողոքի գործողություններ կազմակերպեցինք, սակայն դրանք ոչ մի ազդեցություն չունեցան։ Խնդիրը հավանաբար ինչ-որ գումարների հետ է կապված, ու նման կերպ փորձում են ցույց տալ, որ թանկ տնկանյութ է գնվել և տնկվել։Այդ մասին ես խոսել եմ այն ժամանակ, երբ Հայաստան փշատերև ծառեր, կամ տույաներ էին ներմուծվում, որոնք կրկին Երևանում չէին կարող երկար գոյություն ունենալ։ Մենք տեսանք, որ ամեն տեղ, որտեղ դրանք տնկվել են, չորացել են, որովհետև այս կլիմայական ծառերը հարմար չեն փշատերև ծառերի գոյության համար։ Այդ տույաներն էլ թփեր են, սաղարթ ընդհանրապես չունեն։ Դրանք կարող են տեղ-տեղ՝ որպես դեկորացիա օգտագործվել, բայց մասայական օգտագործման համար պիտանի չեն: Օրենքով պետք է հաշվառում կատարվեր և ծառերը համարակալվեին, ինչպես դա արվում է եվրոպական քաղաքներում։ Եվրոպայում ծառերը հատելու դեպքում հատուկ հանձնաժողով է ստեղծվում, հատուկ գումարներ են վճարվում՝ անգամ եթե դա մասնավոր անձն է անում՝ իր սեփականությունը հանդիսացող։