ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

15.06.2016 14:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

«Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքի» (2004թ.) 6-րդ հոդվածում ամրագրված է. «Ըստ կրթական ծրագրերի, դիմորդների, ներառյալ օտարերկրյա քաղաքացիների… ընդունելության եւ ուսումնական գործընթացի կազմակերպումը բուհի իրավասության եւ ինքնակառավարության շրջանակներում է»: Մյուս կողմից` «Կրթության մասին» ՀՀ օրենքի (1999թ.) 15-րդ հոդվածով ամրագրված էր. «Բուհի սովորողների ընդունելության պահանջները սահմանում է հիմնադիրը»: Տարիներ շարունակ այդպես էլ արվում էր: ՀՀ-ում գործող բոլոր բուհերը` իրենք էին կազմակերպում իրենց ընդունելությունը` կառավարության կողմից սահմանված ընդհանուր պահանջների հաշվառումով` կրթական տվյալ աստիճանի համար նախորդ կրթական հենքի համապատասխան դիմորդների կրթության ավարտական փաստաթղթերի հիման վրա:

Ցուցարարները կոպտորեն խախտել էին ՀՀ օրենքի մի շարք կետեր. Դիվանատունն ազատագրված է

Կառավարությունը, որպես պետական բուհերի հիմնադիր, այդ բուհերի ընդունելությունը կազմակերպում էր միասնական ընդունելության քննությունների միջոցով, ինչը չէր հակասում «Կրթության մասին ՀՀ օրենքի» 15-րդ հոդվածին: 2009-ի դեկտեմբերին Երեւանի Հյուսիսային համալսարանի նորակառույց դահլիճի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որտեղ ներկա էին նաեւ պետ. հավատարամագրված ոչ պետական բուհերի ռեկտորներ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթի ընթացքում բարձր գնահատեց պետական բուհերի ընդունելության միասնական քննական համակարգը եւ առաջարկեց. «Այն պետական հավատարմագրված ոչ պետական բուհերը, որոնք կամովին կմասնակցեն բուհերի ընդունելության միասնական քննական համակարգին, կառավարության կողմից կստանան բանակի տարկետման եւ պետության միջոցների հաշվին անվճար ուսուցման իրավունքի որոշ տեղեր»: Ես անմիջապես առարկեցի բանակի տարկետման իրավունքի չարաշահման դեմ` հիշեցնելով, որ մեր կարգավիճակում գտնվող երկրներում, օրինակ, Իսրայելում, նույնիսկ աղջիկներն են բանակում պարտադիր ծառայում: Միաժամանակ հրապարակեցի, որ Հյուսիսային համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ ստեղծվել է «Ոչ տարկետման իրավունքին» շարժումը եւ բազմաթիվ նախաձեռնությունների` հանդիպում զինվորների հետ,  ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած «բաց» դասերի  եւ այլ միջոցառումների ընթացքում բարձրաձայնվել է այդ մասին: Հյուսիսային համալսարանի ուսանողները կողմնակից են «Զինապարտության  մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն: Բայց եւ այնպես, մեկ տասնյակից էլ պակաս պետ. հավատարմագրված ոչ պետական բուհերի ռեկտորների ստորագրությամբ նախարարին խնդրագիր ներկայացրեցինք` մեր բուհերը ներառելու բակալավրի կրթական աստիճանով(ծրագրով) ՀՀ-ում կազմակերպվող բուհերի ընդունելության միասնական քննական համակարգ: Սակայն հաջորդ տարվանից արդեն ՀՀ բոլոր ոչ պետական բուհերը, առանց հիմնադիրների համաձայնության, ներառվեցին բակալավրի կրթական աստիճանով առկա ուսուցման բուհերի ընդունելության քննությունների միասնական համակարգ: Իհարկե, 28.10.10 թվականին «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ, ինչպես նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածներում փոփոխություններ կատարվեցին, այն է. «…պետական եւ ոչ պետական բուհերի ընդունելության պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»  եւ ոչ պետական բուհերի ընդունելության կարգի հաստատման լիազորությունները նույնպես վերապահվեցին ՀՀ կառավարությանը: Ցավոք,  օրենսդրական փոփոխությունների հեղինակները «մոռացության էին մատնել» 2004-ին ընդունված «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ինչպես նաեւ 1999-ին ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածով ամրագրված «Ընդունելությունը բուհի իրավասությունն է» օրենսդրական նորմը, որը խթանելն ու զարգացնելը «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական քաղաքականության սկզբունք է, եւ որը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն գերակա է ավելի ուշ` 2010-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածների փոփոխությամբ ամրագրված` «Ընդունելության կարգը հաստատում է կառավարությունը» նորմի նկատմամբ: Այդպես էլ տարիներ շարունակ օրենքի կոպիտ խախտումով ՀՀ ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով (աստիճանով) առկա ուսուցման ընդունելությունն իրականացվում է միասնական ընդունելության քննությունների միջոցով: Նկատենք, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը կազմողները 6 տարի ուշացումով նկատել են բացթողումը եւ նախագծի 6-րդ հոդվածից հանել են «Ընդունելությունը բուհի իրավասությունն է» պնդումը: Իհարկե, նախագիծը կազմողները նաեւ հաստատում են, որ տարիներ շարունակ շատերը գործել են «տերը ես եմ, բակլան խաշած եմ ցանում» սկզբունքով: Ավելացնենք, որ օրենքի շրջանցումը դեռ քիչ է եղել եւ տարիներ շարունակ միասնական ընդունելության կազմակերպումը իրականացվել է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի, այն է. «Հավատարմագրված բուհերը իրավահավասար են անկախ սեփականության ձեւից» նորմի կոպիտ խախտումներով: Թվարկենք այդ խախտումներից մի քանիսը:

Անձնագրային համակարգում կարևոր փոփոխություններ են սպասվում

1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով ամրագրված է. «Պետական ուսումնական հաստատությունները եւ դրանց մասնագիտությունները պարտադիր պետք է անցնեն հավատարմագրման գործընթացը», իսկ նույն հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում ամրագրված է. «Հավատարմագրված ոչ պետական բուհերի մասնագիտությունների մինչեւ 25 տոկոսը կարող են լինել չհավատարմագրված»: Մինչդեռ ԳԹԿ-ի կողմից տարիներ շարունակ հրապարակվող բուհերի միասնական ընդունելության հայտարարություններում պարտադիր հավատարմագրման ենթակա, բայց չհավատարմագրված պետական բուհերի մասնագիտությունները դիմորդներին են ներկայացվում կեղծ ձեւով, այսինքն` որպես հավատարմագրված, իսկ հավատարմագրված ոչ պետական բուհերի թույլատրելի չհավատարմագրված մասնագիտությունների դիմաց աստղանիշով տարբերակվում է նրանց չհավատարմագրված լինելը: 

Ի դեպ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի համաձայն` պետական հավատարմագրված ոչ պետական բուհերին իրավունք է վերապահվում թույլատրելի բոլոր մասնագիտությունների շրջանավարտներին նույնպես շնորհելու պետական դիպլոմներ:

2. «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետով նշված է, որ միասնական ընդունելության քննությունների հայտարարությամբ պետք է հրապարակվի միայն տվյալ բուհի մասնագիտությունների ցանկը: Մինչդեռ պետական բուհերի մասով հրապարակվում է նաեւ մասնագիտացումները, որը, ինչ խոսք, նպաստավոր է այդ բուհերի համար: Օրինակ` մինչեւ 2016 թվականը ՀՀ կառավարության որոշման համաձայն «Օտար լեզու եւ գրականություն» մասնագիտությունն իր մեջ կարող էր ներառել «Անգլերեն լեզու եւ գրականություն», «Իսպաներեն լեզու եւ գրականություն», «Գերմաներեն լեզու եւ գրականություն» իտալերեն, արաբերեն եւ այլն: Միասնական ընդունելության հայտարարություններում պետական բուհերի մասով օրենքի խախտումով  թվարկվում են այդ բոլոր մասնագիտացումները, իսկ ոչ  պետական բուհերի մասով հրապարակվում են միայն մասնագիտությունները, որոնք, իհարկե, չեն արժանանում դիմորդների հավանությանը:

3. Պետական բուհերի դիմաց միասնական հայտարարություններում նշվում են բանակի տարկետման, ինչպես նաեւ անվճար ուսուցման տեղեր, իսկ ոչ պետական բուհերի մասով հայտարարություններում չեն հրապարակվում նույնիսկ այդ բուհերի միջոցների հաշվին հատկացվող անվճար տեղերը, բազմաթիվ զեղչերի եւ արտոնությունների պայմանները:

Անձնագրային համակարգում վաղվանից կգործի նոր ընթացակարգ. ոստիկանություն

4. Միասնական ընդունելության քննությունները տարիներ շարունակ կազմակերպվում են միայն պետական բուհերի շենքերում, պետական բուհերի դասախոսների միջոցով եւ այլն:

Մեր կողմից վերը նշվեց, որ ՀՀ ԿԳ նախկին նախարարը 2009-ին խոստացել էր պետական հավատարմագրված ոչ պետական բուհերի համար միասնական ընդունելության համակարգ ներառվելու պայմաններում կարող է ապահովվել պետության միջոցներով անվճար ուսուցման` պետական պատվերի հնարավորություն: Բացառիկ հնարավորություն է ստեղծվել նշելու նաեւ նախկին նախարարի արդարամտությունը, եւ չարժե այն մոռացության մատնել: 

Կարծում եմ, ՀՀ ԿԳ նախկին նախարարի առաջարկությամբ կամ գոնե նրա համաձայնությամբ 2010 թվականի հոկտեմբերին փոփոխություններ կատարվեցին  «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածներում` ընդունվեց հետեւյալ օրենսդրական նորմը. «Ըստ մասնագիտությունների` հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բուհերում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ»: Ուշադրության է արժանի այն, որ համապատասխան օրենքներում փոփոխությունները` ընդունելության կարգի հաստատումը կառավարության լիազորությանը թողնելու մասին, ինչպես նաեւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերում անվճար կրթության հնարավորություն ապահովելու մասին կատարվել են միաժամանակ` 28.10.10թ., սակայն առաջինը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի խախտումով սկսել է գործել 2011 թվականից, իսկ 2-րդը նոր է փորձարկվելու: Այսօրվա դրությամբ ՀՀ-ում գործում են ըստ մասնագիտությունների պետական հավատարմագրված բակալավրի կրթական ծրագիր ունեցող 26 բուհ, որոնց մեծ մասնաշխատում են` չխախտելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ կետը: Նշված բուհերի մեջ կան բուհեր, որոնք աշխատում են այդ կետերի խախտումներով: Մեր կարծիքով, օրինախախտներին կարելի է բերել օրինապաշտության դաշտ եւ հիշատակված 26 բուհերի շրջանում իրականացնել դեռեւս 2010 թվականից բարձրագույն կրթության համակարգում ընդունված` 2 օրենքներով ամրագրված նոր Անկախ Հայաստանի օրենսդրական ռազմավարության գլուխգործոցը, որն իրավահավասար պայմաններ է ապահովում հանրապետության ռազմավարական ոլորտում` Բարձրագույն կրթության համակարգում: Հակառակ դեպքում անհրաժեշտ է հավատարիմ մնալ օրինապաշտությանը, հրապարակավ ընդունել 2004-ին ընդունված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի գերակայությունը 2010-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածներում կատարված փոփոխությունների նկատմամբ եւ պետ. հավատարմագրված ոչ պետական բուհերի ընդունելությունը թողնել բուհերի իրավասությանը եւ քննարկել այդ բուհերի ամփոփիչ ատեստավորման իրավասությունը կրթության կառավարման լիազոր մարմնին թողնելու հարցը: Մեկ անգամ եւս հիշենք, որ ընդունելության գործընթացի ապակենտրոնացումն ու ապապետականացումը հակակոռուպցիոն անհրաժեշտ պայմաններ են, որոնք էապես կնպաստեն նաեւ ներդրված միջոցների արդյունավետությանը եւ կրթության որակի բարձրացմանը: Քննարկելով բուհերի միասնական ընդունելության խնդիրը` չարժե անտեսել բուհերում գոյություն ունեցող բանակի տարկետման, հատկապես, վերջերս շատ շրջանառվող խնդիրը: Մեկ անգամ եւս հիշենք, որ բանակի տարկետման իրավունքը շատ տարիներ առաջ բխել է երկրի շահերից, դեռեւս 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային միությունը, ասել է թե, մեր երկիրը բանակում որոշ մասնագիտությունների գծով բարձրագույն կրթությամբ կադրերի կարիք է ունեցել, որի հետեւանքով էլ առաջացել է տարկետման իրավունքի անհրաժեշտությունը: Մեր օրերում գրեթե բոլոր մասնագիտությունների գծով մենք ունենք անհրաժեշտ քանակի բարձրագույն կրթությամբ կադրեր: Հետեւաբար, բուհում սովորելու առիթով, բանակում ծառայության տարկետման իրավունքը լրիվ ավելորդ է, այն անհիմն բարձրացնում է այս կամ այն բուհի արհեստական վարկանիշը, որոշ դեպքերում, պայմանավորված առանձին «հզոր» անհատների շահերով, եւ մեծացնում է կոռուպցիոն ռիսկերը: Ցավոք, հիշենք, որ 3 տարի առաջ ՀՀ-ում գործող մի խումբ տրանսազգային բուհերի շուրջ 150 տարկետման իրավունքի տեղ հատկացրեց, դրանով իսկ մենք նպաստեցինք Հայաստանից արտագաղթողների թվաճին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում գործող տրանսազգային բուհերի շրջանավարտները` ունենալով արտերկրների բարձրագույն կրթության դիպլոմ, լավ կյանքի խաբկանքով բռնում են արտագաղթի ճանապարհը եւ շատ հաճախ լրացնում են արտերկրների գործազուրկների քանակը:

Պուտինի հետ քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության խորացման անհրաժեշտությունը. Փաշինյան

Բոլոր դեպքերում, մենք առաջիկայում կունենանք միասնական ընդունելություն հայաստանյան բոլոր բուհերի համար, ոչ պետական հավատարմագրված հայկական համալսարաններում մրցութային կարգով կիրականացնենք պետության միջոցներով անվճար ուսուցում, Հայաստանը կդարձնենք տարածաշրջանային գիտակրթական կենտրոն, կընդունենք բարձրագույն կրթության նոր օրենք, կունենանք միայն անվճար ուսուցմամբ պետական բուհեր, կընդունենք ենթակառուցվածքային եւ ծրագրային հավատարմագրման նոր օրենք թե ոչ, սակայն առաջին հերթին մենք պետք է անողոք պայքար ծավալենք բարձրագույն կրթության համակարգում առկա օրինախախտումների եւ անարդարությունների դեմ: Հզոր Հայաստան կառուցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է օրենքի գերակայությամբ արդար մրցակցային պայմանների ապահովում հայաստանյան բուհերի ուսանողների շրջանում:

ԲՈՐԻՍ ՄԱԿԻՉՅԱՆ

Հյուսիսային համալսարանի ռեկտոր, 

«Պետ. հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհուրդ» 

ՀԿ-ի նախագահ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА