ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԸ` ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԽԹԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

16.02.2018 22:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԸ` ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԽԹԱՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Միջազգային գիտաժողովները հատկապես վերջին տարիներին դարձել են Հայաստանի բուհերի եւ գիտական հաստատությունների գիտաստեղծագործական կյանքի կարեւոր իրողություններից մեկը: Դրանց բարերար ազդեցությունը հատկապես բուհերի գործունեության մի շարք ուղղությունների վրա` գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Դրանք, ամենից առաջ, մեծապես նպաստում են այն բանին, որ ակտիվ գիտական գործունեությամբ զբաղված դասախոսները իրենց հետազոտական աշխատանքի արդյունքները ներկայացնում են ոչ միայն մեր երկրի, այլեւ արտասահմանյան մասնագետների քննությանը: Միջազգային գիտաժողովները նաեւ կարեւոր հարթակ են ծառայում, որպեսզի արտասահմանյան երկրների մասնագետների հետ շփման, նրանց հետազոտական աշխատանքի արդյունքներին ծանոթանալու միջոցով ժամանակին հաղորդակից լինեն արդի գիտատեխնիկական առաջընթացին, գիտության տարբեր բնագավառներում ձեռք բերված նորագույն նվաճումներին` չսպասելով արտասահմանյան գիտական պարբերականներում դրանց հրապարակմանը: Մյուս կողմից` դրանք էապես նպաստում են բուհի միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ արտասահմանյան քաղաքացիների կրթության կազմակերպմանը:

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը զուգահեռ կընթանա նաև Ֆրանսիայում

Վերը նշվածի հաշվառմամբ` Հյուսիսային համալսարանում ուշադրություն է դարձվում միջազգային գիտաժողովների կազմակերպմանն ու անցկացմանը: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ իբրեւ միջազգային գիտաժողովների խորագրեր առաջին հերթին ընտրվում են երկրի համար տվյալ պահին առավել արդիական հանդիսացող խնդիրներ: Այսպես, օրինակ, 2012-2014 թվականներին, երբ հանրապետության բուհերում սկիզբ էր առնում նոր հավատարամագրման գործընթացը` միջազգային չափանիշներին համապատասխան, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը այդ նպատակի իրականացման համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման ու կատարելագործման գործընթացը այդ երկու տարիներին կազմակերպեց հենց Հյուսիսային համալսարանում:

Վերջին մի քանի տարիներին Հյուսիսային համալսարանում անցկացվել է տարբեր հրատապ հիմնախնդիրներին նվիրված 7 միջազգային գիտաժողով, այդ թվում` «Մասնագիտական կրթության որակի ապահովման արդի հիմնախնդիրները», «Բուհերի ակադեմիական ազատությունների եւ մրցակցային պայմանների ապահովումը` բարձրորակ կրթության գրավական», «Տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրները», «Հայաստանը` տարածաշրջանային գիտակրթական կենտրոն (նվիրված Սանահինի համալսարանի հիմնադրման 1050-ամյակին)», «Ազգ - բանակ» հայեցակարգի համատեքստում «Բուհ-բանակ» համագործակցության գերակայությունը»:

Այդ գիտաժողովներից ամեն մեկը, իր առանձնահատկությունների բերումով, յուրովի խթանել է համալսարանում տարբեր նորարարական ծրագրերի ձեւավորմանը, հետագա հստակեցմանն ու իրականացմանը: Այս առումով առավել հատկանշական էր 2015 թվականի ապրիլի 21-22-ին համալսարանում անցկացված միջազգային գիտաժողովը` նվիրված «Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հիմնախնդիրները» թեմային: Գիտաժողովի լիագումար նիստերում եւ սեկցիաներում ներկայացվեցին 83 զեկուցումներ, որոնցով հանդես եկան 112 զեկուցողներ, այդ թվում` 60-ից ավելին արտասահմանյան երկրներից: Արտասահմանյան մասնակիցների թվում էին գիտության շուրջ երկու տասնյակ դոկտորներ: Ինչպես բուն գիտաժողովում, այնպես էլ դրա արդյունքների քննարկման ժամանակ մասնակիցների կողմից արվեցին ոչ քիչ թվով առաջարկություններ, արտահայտվեցին արժեքավոր մտքեր ու գաղափարներ, որոնք մի շարք նորարարական ծրագրերի հիմք հանդիսացան: Այդ ծրագրերն այնուհետեւ ենթարկվեցին հետագա մշակման, կոնկրետացման եւ հաստատվեցին որպես պրակտիկ աշխատանքի ուղենիշ: Գիտաժողովի արդյունքում մշակվեց ծրագիր, որի կետերից մեկը հանդիսացավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պատմության դասավանդումը համալսարանի բոլոր ֆակուլտետներում: Հավաքվեցին, ի մի բերվեցին եւ մեծ ու շքեղ ցուցապաստառի տեսքով ներկայացվեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների խորհրդանիշները, հատուկ ցուցադրության արժանացան այդ երկրների պետական դրոշները: Համալսարանում 2015 թվականից սահմանվեց Սողոմոն Թեհլերյանի անվան ուսանողական կրթաթոշակ: Որոշվեց նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների քաղաքացիների կրթությունը համալսարանում կազմակերպել զեղչով` ուսման վարձավճարի 50 %-ի չափով, իսկ սիրիահայերի կրթությունն իրականացնել անվճար:

«Морской узел»-ում 1-ին պատվավոր տեղը զբաղեցրել է Վիգեն Ահարոնյանը

Համալսարանի ռեկտորատի եւ Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի նախագահության համատեղ որոշմամբ ստեղծվեց «Մարդասիրությունն ընդդեմ ցեղասպանության» միջբուհական կենտրոնը, որին կարող են անդամագրվել առաջին հերթին Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների համալսարաններն ու գիտամշակութային կազմակերպությունները: Մատնանշված միջոցառումների օրգանական շարունակությունը հանդիսացավ համալսարանում մշակված եւ գիտական խորհրդի 2017 թվականի մայիսի 12-ի նիստում հաստատված Հյուսիսային համալսարանի միջոցառումների պլանը` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակին: Միջազգային գիտաժողովին զուգահեռ անցկացվելու են մի շարք միջոցառումներ, որոնք վերաբերում են ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովման, հայոց պետականության ամրապնդման հարցերին: Ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանն է ծառայելու, մասնավորպես, համալսարանում եւ նրա Ալավերդու «Թումանյան» բաժանմունքում անցկացվող «Անկախության 100-ամյակի մարտիկ» ուսանողական մրցույթը, որն անցկացվում է առանձին, մեծ ու ծավալուն ծրագրով: Դրան կծառայի նաեւ համալսարանում ռազմագիտության ամբիոնի ու կաբինետի ստեղծումը եւ 2018-2019 ուսումնական տարվա սեպտեմբերից այդ առարկայի դասավանդումը համալսարանի բոլոր ֆակուլտետներում` տղաների համար պարտադիր, իսկ աղջիկների համար` ֆակուլտատիվ հիմունքներով:

2018 թվականի սեպտեմբերից արտասահմանյան քաղաքացիների կրթությունը Հյուսիսային համալսարանում կազմակերպելու թույլտվության համատեքստում` Ուրուգվայի, Շվեյցարիայի, Կիպրոսի, Հունաստանի եւ Սլովակիայի քաղաքացիների կրթությունը կկազմակերպվի անվճար. Ուրուգվայը, որպես Հայոց ցեղասպանությունը աշխարհում առաջինը պետականորեն ճանաչած երկիր, իսկ մյուս չորսը` որպես Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանած երկրներ:

Համալսարանում լուրջ աշխատանքներ են տարվում` Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների հայկական համայնքների ներկայացուցիչներին Հյուսիսային համալսարանում անվճար կրթության հնարավորություն ընձեռելու նպատակով: Ոչ հայազգի երիտասարդների համար համալսարանում կկազմակերպվեն հայերենի ուսուցման դասընթացներ, որի արդյունքնում մենք գիտելիքի արտահանման հետ միասին կարտահանենք նաեւ հայերենը, որն իր հերթին կնպաստի այդ երկրներում հայկական համայանքների ամրապնդմանը: Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հյուսիսային համալսարանում կազմակերպվում են դասախոսների վերապատրաստման եւ կատարելագործման դասընթացներ` անգլերեն լեզվից: Դա շարունակվելու է նաեւ այսուհետեւ:

Պաշտպանը ստացել է ահազանգեր Բաղանիս և Չինարի գյուղերի գնդակոծության մասին. միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ զեկույց

Հայաստանի նվիրյալ բարեկամ երկրների (Ուրուգվայ, Կիպրոս, Սլովակիա, Հունաստան, Շվեյցարիա) քաղաքացիների բարձրագույն կրթությունը Հայաստանի անկախության 100-ամյակի առթիվ Հյուսիսային համալսարանում անվճար կազմակերպելու ծրագրի համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանալու նաեւ սփյուռքահայերի անվճար կրթության կազմակերպումը: Անհրաժեշտ է ակտիվացնել սփյուռքահայության ներգրավվածությունը տարբեր ոլորտներում` հատկապես բարձրագույն կրթության ոլորտում: Նկատի ունենալով այն, որ դեռեւս միջին դարերում նույնիսկ անկախությունը կորցրած Հայաստանում գործել են բարձրագույն կրթօջախներ` Սանահինում, Տաթեւում եւ Գլաձորում, եւ այն, որ հայ մարդը բարձրագույն դպրոցում աշխատելու մեծ նվիրում է դրսեւորում, անհրաժեշտ է Հայաստանի հզորացման կարեւոր միջոց ընտրել նաեւ սփյուռքահայության հզորացումը` բարձրագույն կրթության միջոցով: Անհրաժեշտ ենք համարում հայաստանյան բուհերի որակի ապահովման չափանիշների շարքում, ինչպես նաեւ` բուհերի վարկանիշավորման պայմաններում ավելացնել նաեւ բուհում սովորող սփյուռքահայերի թվաքանակը: Ինչը էապես կնպաստի բուհերում սովորղ սփյուռքահայերի թվաքանակի աճին:

Հայաստանի անկախության 100-ամյակի առթիվ մենք ծրագրել ենք առաջին հերթին մեր բարեկամ, նվիրյալ երկրների քաղաքացիների, այդ թվում` առաջին հերթին այդ երկրների ազգությամբ հայ քաղաքացիների կրթությունը Հյուսիսային համալսարանում անվճար կազմակերպել եւ այդ գործընթացը շարունակել բոլոր սփյուռքահայերի համար, արտասահմանյան բարեկամ երկրների հայախիտ վայրերում (ԱՄՆ, Ռուսաստան, Հունաստան եւ այլն) հիմնադրել հայաստանյան բուհերի մասնաճյուղեր եւ, ինչու չէ, նաեւ հայկական բուհեր: Ծրագրի իրականացման համար ակնկալում ենք ՀՀ կրթության եւ գիտության եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությունը: Այսօր Հայաստանում գործում են 15-ից ավելի արտասահմանյան բուհեր եւ մասնաճյուղեր, որոնց թվում շուրջ 10-ը` ռուսաստանյան:

Համոզված ենք, որ մեր երկրի հզորացման եւ անկախության ամրապնդման համար մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի կատարելագործել իր ոլորտը: Այդ առումով Հյուսիսային համալսարանում արվում է ամեն ինչ` ի նպաստ հայրենիքի հզորացման:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր գործունեության 10-րդ տարում (2005 թվականից) Հյուսիսային համալսարանը փոքրաթիվ բուհերի շարքում միակ ոչ պետական բուհն է, որ հայտնվել է ՀՀ խոշոր հարկատուների ցանկում եւ 2001 թվականից մինչ օրս հարյուրավոր ուսանողների կրթությունը իրականացրել է անվճար, շատերին էլ շնորհել անվանական կրթաթոշակներ, իսկ այսօր բազմաթիվ դրամաշնորհների հաղթող է (հեռավար ուսուցման, ասպիրանտական կրթության TEMPUS-VERITAS, TEMPUS-GOVERN եւ այլն), ի զորու է նվիրյալ երկրների քաղաքացիների եւ սփյուռաքահայերի բարձրագույն կրթությունը մրցութային կարգով անվճար իրականացնելու, ուստի համոզված ենք, որ Հյուսիսային համալսարանում Հայաստանի բարեկամ 5 երկրների քաղաքացիների անվճար կրթության կազմակերպման ծրագիրը մոտ ապագայում անպայման կյանքի կկոչվի:

Այսօր Գեղեցկության միջազգային օրն է

Այսպիսով, սփյուռքահայությանը բազմակողմանի աջակցության եւ Ցեղասպանությունը ճանաչած երկրների հետ բարեկամական կապերի ամրապնդման միջոցով նպաստենք Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանը: Գործունեության ոլորտը բարձրագույն կրթության համակարգն է:

«Հյուսիսային համալսարան» ՍՊԸ մասնակիցների (կառավարման) խորհրդի նախագահ, եւ «Պետ. հավատարմագրված հայկական համալսարանների

ռեկտորների խորհուրդ»

Հ/Կ նախագահ Բ. Մ. Մակիչյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА