o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ  ՀԱՅՐԵՆԱՀԶՈՐԱՑՈՒՄՆ Է

11.03.2016 16:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ՄԵՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ   ՀԱՅՐԵՆԱՀԶՈՐԱՑՈՒՄՆ Է

 

Հյուսիսային համալսարանի Ռազմավարական ծրագրում, ի թիվս բազմաթիվ գերակայությունների եւ առաջնահերթությունների, առանձնացվում են հայրենասիրական դաստիարակությանը միտված բազմաթիվ քայլեր ու նախաձեռնություններ: Հպարտությամբ պետք է նշենք, որ գործունեության շուրջ 20 տարիների ընթացքում մեր գործողություններով նոր սերնդի մեջ հայրենասիրական լիցքեր ենք ներարկել` սեփական հողն ու երկիրը սիրելու, հայության խնդիրները որպես սեփականը ընկալելու զգացողություն: Ասվածը հիմնավորենք փաստերով` անդրադառնալով այն միջոցառումներին, որոնք միտված են եղել Հայաստանի հզորացմանը:

«Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 8-ին. Դափնեկիրը հայտնի կդառնա հունիսի 10-ին

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԽՈՀԵՐԸ` ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՆՔ

Նախ հարկ է նշել, որ հետաքրքիր զուգադիպությամբ հաճախ զուգակցվում են առերեւույթ տարբեր միջոցառումներ, որոնց հիմքում, սակայն, մեկ բան է` հայրենասիրական զգացմունքներ արթնացնելը: Մասնավորապես, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում ներառված էին նաեւ Թումանյանի հիշատակի հավերժացմանը միտված միջոցառումներ այն պարզ տրամաբանությամբ, որ մեծ գրողը ոչ միայն ցեղասպանության տարիներին է մեծ գործունեություն ծավալել` կազմակերպելով հազարավոր գաղթականների կեցության ու ապաստանի հարցերը, այլեւ իր անսահման հայրենասիրությամբ ու ազգային արժեքների նվիրվածությամբ օրինակ ծառայել շատերի համար: Ուստի, Թումանյանի փիլիսոփայական խոհերն ու հայրենասիրական պատգամները Հյուսիսային համալսարանում իրականացվող հայրենասիրական դաստիարակության ռազմավարական ծրագրի հենքն են, որի բաղադրիչներն են մարդասիրությունը, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, միջազգային ասպարեզում խորիմաստ հարաբերություններ ձեւավորելը եւ հայանպաստ գործունեություն ծավալելը, ստի, կեղծիքի, անարդարության դեմ պայքարը եւ այլն: Այս գաղափարախոսությունը կրելով` մենք համախմբում ենք մեր ուժերը, բարձրացնում մեր պայքարի արդյունավետությունը` նպաստելով հայ ժողովրդի հզորացմանը: Խորապես համոզված ենք, որ նմանօրինակ նախաձեռնությունները (ոչ միայն մեր կողմից իրականացվող) վաղ թե ուշ նպաստելու են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Թուրքիայի կողմից 1915 թվականին կատարված ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի կրած վնասների փոխհատուցմանը եւ, առաջին հերթին, Արեւմտյան Հայաստանի տարածքների վերադարձին հայ ժողովրդի միասնական պետությանը, ասել է թե` հայ ժողովրդին: Այս նկատառումներից ելնելով էլ` շատ հաճախ Հյուսիսային համալսարանում, որը Հայաստանի գիտակրթական համակարգի առաջատարներից է թումանյանագիտության եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ, հայրենասիրական լիցքեր ունեցող նմանատիպ միջոցառումները շատ հաճախ զուգակցվում են: Օրինակ` 2015-ի փետրվարի 19-ին, մեծն Թումանյանի ծննդյան 146-ամյակի օրը «Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների 100-րդ օրը Հյուսիսային համալսարանում» ծրագրի շրջանակներում, Ազատության հրապարակում ծաղկեպսակ դրեցինք գրողի հուշարձանին` կազմակերպելով վրիժառության, ստի ու խտրականության դեմ պայքարի հանդիսություն, որի ընթացքում համալսարանի ռեկտորը` տողերիս հեղինակը, Հյուսիսային համալսարանի «Թումանյան-145» հուշամեդալով պարգեւատրեց մի խումբ մտավորականների, որոնք զգալի ձեռքբերումների էին հասել թումանյանագիտության ոլորտում, նորարարական առաջարկություններ էին հրապարակել Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման ուղղությամբ, երիտասարդության շրջանում ամեն տեսակ բռնությունների ու խտրականության դեմ պայքարի տրամադրություններ էին արթնացրել, ինչպես նաեւ հայկական հարցի նկատմամբ պահանջատիրական զգացմունքներ ներարկել: Այդ օրը համալսարանի լավագույն մի շարք ուսանողներ արժանացան «Հովհաննես Թումանյանի», «Անդրանիկ Մարգարյանի», «Վազգեն Սարգսյանի», «Նիկոլայ Ռիժկովի» եւ «Սողոմոն Թեհլերյանի» անվան կրթաթոշակներին: Ի դեպ, վերջին կրթաթոշակը բուհում նոր է հաստատվել` կապված Ցեղասպանության 100-ամյակի հետ, եւ տրվում է հասարակական մեծ ակտիվություն եւ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողի:

 

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ-ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

«Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների 100-րդ օրը Հյուսիսային համալսարանում» ծրագրի համատեքստում, 2015-ի ապրիլի 17-ին Հյուսիսային համալսարանի ուսանողները հանդիպեցին ԶՈՒ 5-րդ զորամիավորման զինվորների հետ` այնտեղ գրական-գեղարվեստական միջոցառում կազմակերպելով թումանյանական թեմաներով, որը մեծ հիացմունքով ընդունեցին զինվորները եւ սպայական կազմը: Համալսարանի ղեկավարության ներկայացուցիչներն առաջարկեցին զինվորներին` զորացրվելուց հետո սովորել Հյուսիսային համալսարանում` սահմանված ուս.վարձի 50 տոկոս զեղչով, իսկ բարձր առաջադիմության դեպքում` անվճար: Նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԺ-ում ավանդաբար կազմակերպվող «Բաց» դասին մասնակցեցին Հյուսիսային համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնց մեծ մասը 2015-ի մայիսին հաղթող էր ճանաչվել Հանրային հեռուստատեսության կազմակերպած, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված` «Հայ ասպետ» հեռուստամրցույթում: Հանդիպման ընթացքում բուհի ուսանողներն առաջարկեցին ՀՀ ԱԺ-ի «Կրթության, գիտության եւ երիտասարդության» մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին` «Զինապարտության մասին» օրենքում կատարել փոփոխություններ եւ բուհերում սովորող աղջիկների համար նույնպես բանակում ծառայելու հնարավորություն ապահովել: Եղան նաեւ առաջարկություններ` բուհերում սովորողների ուսումնառությանը զուգահեռ երկրի պաշտպանությանը նախապատրաստվելու անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ: Համալսարանում գերիշխող մթնոլորտն է` բոլոր ուժերը ներդնել երկրի պաշտպանությանն ու հզորացմանը, Հայաստան աշխարհի ծաղկմանն ու բարգավաճմանը: 

«Վերեւների» հետ պայմանագիր կար կապած». Արեւը կրկին բեմում էր...

 

«ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՐՈՂՆԵՐՆ ԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԻ»

Նման նպատակ էր հետապնդում նաեւ 2016 թ. փետրվարի 19-ին մեծն Թումանյանի ծննդյան 147-ամյակին նվիրված բովանդակալից միջոցառումը: Ուսանողներով եւ հյուրերով լեփ-լեցուն դահլիճը, ոգեւորիչ ելույթները, Թումանյանի գաղափարներով տոգորված ուսանողների խոսքը մեզ վստահություն է ներշնչում, որ ճիշտ ուղի ենք ընտրել` հայրենասիրական կրակներ բոցավառելու, յուրաքանչյուր պատանու եւ աղջկա իր հող ու ջրին կապելու համար: Ես հիացմունքով էի դիտում հուզմունքից խանդավառված մեր ուսանողներին, ովքեր իրենց ելույթներում մեկ անգամ եւս հավաստիացրեցին, որ կրողներն են թումանյանական պատգամների, նրա անմահ գործի շարունակողը: Մի՞թե կա ավելի մեծ ուրախություն, քան երբ տեսնում ես, թե ինչպես մեր ցանած հայրենասիրական, ազգասիրական սերմերը ծիլեր են տալիս նոր սերնդի հոգում եւ մտքում: Միջոցառումը շարունակվեց Ազատության հրապարակում. ծաղկեպսակ դրվեց մեծն Թումանյանի հուշարձանին, որին հետեւեց տողերի հեղինակի խոսքը` տոգորված թումանյանական, մարդասիրական փիլիսոփայությամբ, երկրի պաշտպանությանը միտված թումանյանական պատգամներով: 

ԿՀՐԱՎԻՐՎԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ 27 ԵՐԿՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ 50 ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Հավելենք, որ միջոցառման ընթացքում համալսարանի կողմից սահմանված «Թումանյան-145» հուշամեդալով պարգեւատրվեցին թումանյանագիտության ոլորտում, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման գործում զգալի ձեռքբերումների հասած որոշ մտավորականներ, բուհի դասախոսներ: Այդ օրը հիշարժան էր նաեւ այն իմաստով, որ կազմակերպվեց «Թումանյան-145» միջբուհական գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը: Այնուհետեւ ծրագիր հրապարակվեց Թումանյանի տարածաշրջանում դեռեւս 10-րդ դարում հիմնադրված Սանահինի համալսարանի 1050-ամյակը մեծ հանդիսավորությամբ նշելու մասին: Ծրագրի համաձայն` միջոցառումները կմեկնարկեն 2016-թ. հոկտեմբերին, որին կհրավիրվեն նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած 27 երկրների շուրջ 50 բուհերի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ այլ հյուրեր: Հայաստանը մեկ անգամ եւս աշխարհին կներկայանա որպես քրիստոնեությունը պետականորեն ճանաչած առաջին երկիրն ու բարձրագույն կրթության հնագույն օջախների հայրենիք: Բուհի ղեկավարությունը ծրագրիրը կազմելիս դարձյալ առաջնորդվել է Հայոց ցեղասպանության հետեւանքները հաղթահարելու, երկրագնդի ողջ մարդկությանը` քրիստոնեական, մշակութային եւ գիտակրթական արժեքները ներկայացնելու, դրանք գնահատելու եւ արժեւորելու հայրենասիրական մղումով:

ԲՈՐԻՍ ՄԱԿԻՉՅԱՆ

Հյուսիսային համալսարանի ռեկտոր

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА