Կառավարությունը հերթական աղետն է պատրաստում մեր պետության ու մեր ժողովրդի գլխին. Աղաջանյան
ՆերքաղաքականԳործադիրի նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց, թե «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ եւ քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար` հայտարարելով ինչ-որ վտարանդի կառավարությունների եւ այլնի մասին: Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, եւ այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»:
Անդրադառնալով վերոնշյալին` Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը նշեց, որ զարմանալի չէ, որ այսօր դժբախտաբար մեր կառավարության ղեկին նստած անձը նման հայտարարություններ է անում:
— Արցախի ղեկավարության` օրինական կառավարության գոյությունը բացարձակապես խափանում է այն ծրագրերը, որին հենց նա մասնակից է եղել, ինչը ուղղված է Արցախի գոյության ընդհանրապես բացառմանը եւ Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հեշտ ու հանգիստ հանձնելուն: Հայաստանի Հանրապետությունում, այո՛, կա մեկ կառավարություն: Եվ այդ կառավարությունը, այսօր բացարձակապես զրկված լինելով լեգիտիմությունից, դեռեւս նստած է այդ աթոռներին եւ իր ամենօրյա գործունեությամբ հերթական աղետն է պատրաստում մեր պետության ու մեր ժողովրդի գլխին: